«Դավաճանի, քցողի համբավ ձեռք բերելը լավ բան չէ». Արամ Սաֆարյան (տեսանյութ)

0
337

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի կարծիքով, հակառուսական քարոզչական ուժերը ակտիվ գործունեություն են ծավալելու: Այսօր, «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, Արամ Սաֆարյանը հայտարարեց`իրենք բանավեճին դեմ չեն, բայց դեմ են, որ Հայաստանը դառնա գերտերությունների բախման թատերաբեմ: Եվրասիական փորձագիտական ակումբի ուսումնասիրությունները, ըստ բանախոսի, ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանգնած է հայ-ռուսական հարաբերությունների խորացման ուղղության վրա եւ կարեւոր են համարում, որ Հայաստանը պահպանի այն քաղաքական կուրսը, որ մեզ տարել է կայունություն ու անվտանգության ուղով: Ուստի, իր կարծիքով, ընտրողներն առաջիկա քարոզարշավում իրավունք ունեն հիմնական քաղաքական ուժերից ակնկալել` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իրենց տեսլականների բարձրաձայնում: Ինքը կարծում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում խաղացող հիմնական քաղաքական ուժերը պետք է իրենց շատ հստակ ուղերձները հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հղեն մեր հիմնական ռազմավարական գործընկերներին`փաստելով, որ Հայաստանը չի շեղվել ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցության ուղղությունից:

Այլ մանրամասները`տեսանյութում.

Նա կարծում է նաեւ, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ն 2006-թվականի կարեւոր ներկայություն են ունեցել ռուսական քաղաքական դաշտում`հայ-ռուսական հարաբերությունների սերտացման համատեքստում եւ այդ պոտենցյալը չպետք է կորսվի:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանի հիմնական առավելությունն այն է, որ թե եվրոպական, թե եվրասիական գործընթացներին ակտիվ մասնակցում ենքու պետք է կամուրջ դառնանք եւ օգտվենք դրանից, ոչ թե հակասությունների վրա խաղանք: Այն, որ Հայաստանի խորհրդային հանրապետությունը երրորդ հանրապետությանը ժառանգություն թողեց չորս միլիոնանոց պետություն, բանախոսի կարծիքով ևս հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ էր`լավ թե վատ: Նա մեջբերում է հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վալին, ով գտնում է, որ ամենակարեւոր հարցում`ղարաբաղյան հակամարտություններում, Հայաստանը հաղթանակ տարավ իր տեխնոլոգիական ներուժի շնորհից: Մինչդեռ, ըստ Գագիկ Հարությունյանի, երրորդ հանրապետությունում դա անտեսել ենք ամբողջովին: Իրեն անհանգստացնում է, որ այսօր Ադրբեջանը մարդկային մտավոր կապիտալի առումով Հայաստանից առաջ է, որ ադրբեջանական համալսարաններին իրենց վարկանիշով առաջ են հայկականներից: «Այս ընտրություններում պիտի ընտրենք մարդկանց ովքեր կզարգացնեն Հայաստանի հանրապետությունը»,- ասաց նա`նկատելով, որ ռուսները միշտ չէ, որ լավ են աշխատում, բայց մենք պետք է լավ աշխատենք:

Այլ մանրամասները` տեսանյութում

Բանախոսներն անդրադարձան նաեւ դեկտեմբերի 6-ին սպասվելիք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին: ՀԱՊԿ-ում տեղի ունեցվածքը Արամ Սաֆարյանը համարում է քաղաքական անփորձության արդյունք: Նա կարծում է, որ իշխանության վստահության լիմիտի տիրույթում դա կմարսվի: «Ինչ լուծում էլ լինի, մեծ ողբերգություն չի կատարվելու»,- գտնում է վերլուծաբանն`ավելի կարեւոր համարելով հայ-ռուսական հարաբերությունների համակարգային խնդիրների շուրջ մշտական եւ լուրջ աշխատանքը: Նա գտնում է, որ անգամ այս`ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ տեղի ունեցածի, պարագայում մենք կարող ենք դիվիդենտներ շահել, եթե Հայաստանը հայ-ռուսական հարաբերություններում վստահելի գործընկեր ընկալվի: «Դավաճանի, քցողի համբավ ձեռք բերելը լավ բան չէ»,- ասաց նա: Գագիկ Հարությունյանն էլ համամիտ է Արամ սաֆարյանի հետ: Ինքը շատ կցանկանար, որ Վաղարշակ Հարությունյանն ընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրան համարում է`«վերին աստիճանի պատրաստված սպա»: Առհասարակ, իր համոզմամբ Վաղարշակ Հարությունյանը մեր երկրի ռազմաքաղաքական ոլորտում պետք է դերակատարություն ունենա: Մամուլում կարդացել է նաեւ Վաղարշակ Հարությունյանի` ԱԽՔ-ի պաշտոնում հնարավոր նշանակելու մասին տեղեկությունները. «Փայլուն կլիներ ըստ իս»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here