ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Մոտենում է նախընտրական քարոզարշավը: Այն լինելու է կարճ եւ ցանկալի է, որ լինի ընդգրկուն ու խորը: Հայաստանի քաղաքական ուժերը հնարավորություն ունեն այդ կարճ ժամանակահատվածում շարադրելու իրենց քաղաքական մոտեցումները մեր ներքին ու արտաքին քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ: Պետք է սպասել, որ քարոզարշավը թեժ կլինի: Ամենակարեւորն այն է, որ հասարակությունը մեծապես հույս ունի, որ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ լավագույնը, անցնելու են արդար մրցապայքարի եւ ժողովրդավարության պահանջների պայմաններում: Պարզ է նաեւ, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը կստանա ձայների մեծամասնությունը: Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը հնարավորություն ունի լինելու երկրորդը: Խորհրդարան անցնելու հնարավորություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Խորհրդարան մտնելու համար լուրջ պայքար կծավալեն նոր ձեւավորված արեւմտամետ քաղաքական ուժերը եւ այստեղ է, որ քարոզարշավը կարող է թեժանալ, կարող են բախվել աշխարհաքաղաքական նախապատվությունները, սրելով իրավիճակը: Շատ կարեւոր է, որ Հայաստանի գործադիր իշխանությունն իր բոլոր հնարավորություններով ի վիճակի լինի վերահսկելու իրադրությունն երկրում, թույլ չտալու սադրանքներ եւ խարդախություն, դրանով կենսագործելով իր պաշտոնական հավաստիացումները:
Հստակ ուղերձներ ռազմավարական դաշնակցին
Եվրասիական փորձագիտական ակումբը վերջին շրջանում ուշադրությամբ ուսումնասիրում է հայ-ռուսական հարաբերությունների վիճակը, քննարկում այն հայ եւ ռուս քաղաքական գործիչների, լրատվության ղեկավարների, հասարակական դաշտի ակտիվիստների եւ քաղաքագետ-փորձագետների հետ: Մենք համաձայն ենք այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի հայտարարելու, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ կարելի է սպասել դրանց էլ ավելի բարձրաձնելուն ուղղված նոր ծրագրերի: Ճիշտ է միաժամանակ, որ նրա գլխավորած քաղաքական թիմի գործիչները մեծամասամբ արեւմտամետ կողմնորոշում ունեն եւ նախկինում երբեւէ աչքի չեն ընկել հայ-ռուսական հարաբերությունների եւ մեր արտաքին քաղաքականությունն այդ վեկտորի ուղղությամբ ջանքերի գործադրմամբ կամ որեւէ ակտիվությամբ:
Ռուսաստանի քաղաքական շրջանանկները վերջին շրջանում շարունակում են համագործակցությունը հայկական քաղաքական դաշտի իրենց ավանդական գործընկերներիՙ Գագիկ Ծառուկյանի թիմի եւ Հանրապետականի ցուցակի առանձին քաղաքական դեմքերի հետ: Պարզ է միաժամանակ, որ այս դաշտում պաուզա է, եւ կա, խոշոր առումով, սպասում: Եթե, ինչպես կանխատեսում են տեղյակ աղբյուրները, խորհրդարանի որակյալ մեծամասնությունը ստանան Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, ապա այդ առավելությունը քաղաքական դաշտում կարող է լինել այնպիսին, որ նպաստի անորոշության շրջանի ավարտին: Դրանից հետո ճիշտ կլիներ սպասել քաղաքականության եւ տնտեսության մեջ կառավարման այնպիսի որակյալ նորամուծությունների, որոնք կարող էին շոշափելի ներդրում լինել մեր տնտեսության զարգացման, քաղաքացիների կենսամակարդակի աճի առումով: Չլինի այնպիսի իրավիճակ, երբ ներքաղաքական պայքարում մաշվող ու հյուծվող քաղաքական մեծամասնությունը չկարողանա խոսքից անցնել գործի, լրջորեն զբաղվել պոպուլիզմից ազատ ստեղծագործ աշխատանքովՙ հանուն զարգացման ու բարգավաճման: Եվ այստեղ մենք կրկին հայացք ենք հղում դեպի Ռուսաստան: Վերջին երեք տարիների փորձը աներկբա վկայում է, որ Ռուսաստանն է Հայաստանի պատրաստի արտադրանքի արտահանման շուկան եւ այդ շուկայի ընկալունակությունից է կախված մեր արդյունաբերության մի շարք ճյուղերի նկատված զարգացման հեռանկարը: Ռուսաստանն է մեր արտագնա աշխատողների ամենամեծ ընդունողը եւ այնտեղից են գալիս 1,5 մլրդ. դոլար կազմող ուղիղ փոխանցումները, որոնք ահռելի ներդրում են մեր ներքին համախառն արդյունքի մեջ: Ռուսաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նախնական տվյալներով ավելի քան 8%-ով այս տարի գերազանցելու է նախորդ տարվա աճը: Նաեւ այս ցուցանիշի շնորհիվ է զբոսաշրջությունը դառնում մեր տնտեսության կարեւոր ճյուղերից մեկը:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի ծավալումը Գյումրիում, հայ-ռուսական համատեղ զորամիավորման կենսագործունեությունը, հայ-ռուսական համատեղ սահմանապահ հսկողությունը Թուրքիայի եւ Իրանի հետ սահմաններում, ինչպես նաեւ մեր ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը պայմանավորում են այն ամբողջությունը, որով բնութագրվում է հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը: Եթե սրան գումարենք նաեւ հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք «անձրեւանոց» են Հայաստանի համար եւ ապահովում են մեր անվտանգությունը բարդ տարածաշրջանում, ապա մենք կստանանք ամբողջական պատկերացում Ռուսաստանի հետ հարաբերությունների առանցքային նշանակության վերաբերյալ:
Ռուս սպաներն այս օրերին ասում են, որ գյումրեցիները, արտաշատցիները, արմավիրցիները շատ լավ են վերաբերվում ռուս զինվորականներին ու սահմանապահներին նաեւ այն պատճառով, որ նրանք աշխատատեղեր են ստեղծում հայաստանցիների համար: Բայց նրանք ասում են նաեւ, որ վերջին շրջանում Երեւանից զանազան մարդիկ են հայտնվում այնտեղ, որոնք փորձում են ներշնչել տեղացիներին, որ Հայաստանին պետք չէ ռուսական զինվորականների ներկայությունը: Առայժմ այդ քարոզները մեծ ազդեցություն տեղացիների վրա չունեն: Բայց հայտնի է նաեւ, որ այդ քաղաքական քարոզն անողները ինքնակազմակերպվել են քաղաքական դաշտում եւ գալիք քարոզարշավի ժամանակ աշխույժ քարոզչություն են մղելու: Այս պայմաններում Ռուսաստանը իրավունք ունի ակնկալելու մեծամասնություն կազմող քաղաքական ուժերից պարզ հայտարարություններ եւ ազդանշաններ վերոհիշյալ քարոզչական հարձակումներին պատասխան տալու ուղղությամբ: Եթե ճիշտ են այն կանխատեսումները, որ գալիք խորհրդարանական ընտրություններով ավարտվում է հեղափոխություն հայտարարված անցման շրջանը, ապա դրանից հետո աշխարհում մեր բոլոր մեծ ու փոքր գործընկերները, այդ թվում եւ Ռուսաստանը, ակնկալելու են մեր երկրից կանխատեսելիություն եւ մտադրությունների թափանցիկություն:
Ինչո՞ւ է կարեւոր պահպանել իրավահաջորդությունը արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններում
Վերջին շրջանում Հայաստան այցելած արեւմտյան քաղաքական առաջնորդներն ու տարբեր աստիճանի գործիչները հրավիրում են մեր պետությանը ավելի սերտորեն համագործակցել Արեւմուտքի հետ: Նրանք ցույց են տալիս Վրաստանի, Ուկրաինայի, երբեմն նաեւ Մոլդովայի օրինակները: Ըստ երեւույթին, Արեւմուտքից լուրջ ֆինանսական միջոցներ կարելի կլինի ակնկալել ինչ-ինչ քաղաքական սկզբունքային հարցերում էական զիջումների եւ ընդառաջումների դիմաց: Սա հասկանում են բոլորը: Բոլորն էլ լարված սպասում են, թե որո՞նք են լինելու այդ զիջումները եւ ի՞նչ են նրանք փոխելու մեր կյանքում ու կենսակերպում: Արդեն հասկանալի է, որ Արեւմուտքից մեծ ֆինանսական միջոցներ բերելը բավականին բարդ գործ է լինելու: Եվ այստեղ մեր հայացքները կրկին հառնում են Ռուսաստանին, նրա քաղաքական հետաքրքրություններին հարավ-կովկասյան տարածաշրջանում եւ ֆինանսական հնարավորություններին: Եվրասիական փորձագետները հայտարարում են, որ մինչեւ 2019 թ. վերջը կարելի է ակնկալել ԵԱՏՄ-ի ներսում երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական համագործակցության ցուցանիշների աճ: Մեր տնտեսագետները համոզված են, որ սա առանձին, հատուկ խոսակցության թեմա է եւ դրան պետք է անդրադառնալ առանձնահատուկ: Սակայն, եթե նույնիսկ ճիշտ է այն, որ Ռուսաստանը մոտակա մեկ-երկու տարիներին հսկայածավալ ներդրումների ծրագրեր Հայաստանում չունի, ապա կարող է խթանել առանձին ներդրումների հոսք Հայաստանի տնտեսության այն ճյուղերում, որոնք տարբեր քաղաքական պատճառներով կենսական նշանակություն են սկսում ձեռք բերել իրՙ Ռուսաստանի համար: Հայաստանի տնտեսության ճյուղերից այդպիսին են գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, ռազմաարդյունաբերական համալիրը, ծառայություններն ու զբոսաշրջությունը:
Այս ուղղություններից յուրաքանչյուրի մասին մենք ժամանակին խոսել ենք եւ տարեվերջին էլի խոսելու ենք: Այս ոլորտների հանդեպ մենք հրավիրել ենք նաեւ հայ եւ ռուս գործարարների, հայ եւ ռուս փորձագետների ուշադրությունը: Հերթական անգամ հարգելի ընթերցողներին պարտք ենք համարում նշել, որ Ռուսաստանից ներդրումներ ակնկալելու համար մեր փոքրիկ պետության քաղաքական, տնտեսական եւ քաղաքակրթական առաջնահերթությունները պետք է հասանելի եւ ընդունելի լինեն: Իսկ դրան հնարավոր է հասնել միայն մշտական սերտ համագործակցության, բեղմնավոր երկխոսության եւ փոխգործակցության արդյունքում: Մենք բացարձակապես համաձայն չենք այն քաղաքական գործիչների կամ փորձագետների հետ, ովքեր հայտարարում են, որ Ռուսաստանի հետ ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական, էլ ավելի շատ մշակութային, հումանիտար համագործակցությունը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ կախման մեջ է գցում Ռուսաստանից: Նայե՛ք Արեւմուտք: Հիմա Լյուքսեմբու՞րգն ու Բելգիա՞ն են ավելի շատ կախված Ֆրանսիայից ու Գերմանիայից, թե՞ Գերմանիան ու Ֆրանսիան նրանցից: Սա փոխկապակցվածություն է կոչվում, որտեղ շահում են բոլորը: Միայն համագործակցությունն ու փոխգործակցությունն են բերում զարգացում եւ բարգավաճում: Ոչ ոք չի խանգարում մեզ ամրապնդել մեր համագործակցությունն ու փոխգործակցությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ: Բայց դա չպետք է լինի Ռուսաստանի ու Եվրասիական վեկտորի հաշվին: Այս բաները շարադրելով, տողերիս հեղինակը մեծ հույս ունի, որ քաղաքական դաշտի ընթերցողների համար այս դատողությունները հասկանալի եւ ընդունելի են: Սրանք մեր վերջին հարյուրամյակների պատմության դասերով թելադրված ճշմարտություններ են:
Երբ զգում ենք միմյանց կարիքը
Եթե սկսենք քրքրել պատմության գզրոցները, կգտնենք բազմաթիվ պատճառներ իրար չհասկանալու, իրարից նեղանալու եւ իրարից հեռանալու համար: Բայց, մյուս կողմից, պատմության դասերը մեզ սովորեցնում են նաեւ, որ այնտեղ, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը նույն դաշտում, բարիկադի նույն կողմում, նույն խրամատում են եղել, տոնվել են հաղթանակներ: Նոր քաղաքական իշխանությունները պետք է պատրաստ լինեն, ըստ ամենայնի, իրենց նպաստը բերելու հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների մեջ: Հայաստանի բնակչության մեծ մասը դա է ակնկալում երկրի իշխանությունից: Հայաստանի բնակչության մեծ մասը դրական է կողմնորոշված դեպի Ռուսաստանը եւ դեպի հայ-ռուսական բարեկամությունը: Եթե նույնիսկ վերջին տարիների ընթացքում այս գծի կողմնակիցների բանակը տարբեր պատճառներով նոսրացել է, ապա բացարձակ առումով այն, միեւնույն է, պատկառելի մեծամասնություն է կազմում: Մենք պետք է լրջորեն մտածենք ստեղծել հայ-ռուսական մեր օրերի համագործակցության նոր, դրական օրինակներ եւ դրանցով դաստիարակենք մեր աճող սերունդը: Դա պետք է անել այնքան հմտորեն, որ երիտասարդները չըմբոստանան, որ հայրերի ու որդիների ներքին պայքարում չտուժեն կարեւոր քաղաքական ու քաղաքակրթական արժեքներ:
Վերջին 27 տարիների ընթացքում երկրորդ անգամն է, ինչ մենք կանգնում ենք քաղաքական կողմնորոշումների հարցում ներքաղաքական սրվող բանավեճին դեմ-հանդիման: Չենք դադարի կրկնելուց, որ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը դառնա Արեւմուտք-Ռուսաստան քաղաքական առճակատման փոքրիկ ու դաժան թատերաբեմ: Պետք չէ մեզ վրա փորձարկել ժամանակակից քաղաքական առճակատումների նոր ստեղծվող տեխնոլոգիաները: Սկսած բարձրաստիճան քաղաքական հյուրերից, վերջացրած զբոսաշրջիկներով, մեր երկիրը աշխարհի համար գրավիչ է ներքաղաքական կայունությամբ ու վճռական պահին համազգային միասնությամբ: Մեր շուրջը նայելով, հասկանում ենք այս արժեքների ամբողջ կարեւորությունը: Թող լինի այնպիսի բանավեճ, որը կուժեղացնի եւ կհարստացնի մեզ, այլ ոչ թե կթուլացնի եւ կաղքատացնի: Պետք է խույս տալ ծանր հարվածներից, իսկ դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե մեր լավ մշակված, լավ յուրացված, իմաստուն ու հավասարակշռված քաղաքական դիրքորոշումները հասկանալի ու թափանցիկ լինեն այս աշխարհի ուժեղների համար: Դրա համար Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները պետք է հենվեն փորձագիտական որակյալ խորհրդատվության, քաղաքացիական համաձայնության եւ ազգային միասնության վրա: