Ցանկացած իշխանություն ՀՀ-ում և Ադրբեջանում քաղաքական ինքնասպանություն կգործի, եթե հայտարարի՝ շեղվում է ԼՂ հարցում որդեգրած արտաքին քաղաքական գծից. Կռիլով

0
346

Տասը տարի առաջ  ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարում էր՝ հաջորդ տարի Ղարաբաղյան խնդիրն անպայման լուծվելու է, բայց դա տեղի չունեցավ. այսօր Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում ասաց ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության շուրջ տարբեր սցենարների հետ կապված մտահոգություններին:

«Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել երեք ճանապարհով. առաջին՝ ռազմական, երբ հաղթող կողմը թելադրում է իր պայմանները, երկրորդ՝ միջազգային միջնորդների կամ օտար զինուժի ներգրավում, որի դեպքում նրանք են արդեն թելադրում խնդրի` իրենց պատկերացրած լուծումը, և երրորդ՝ փոխզիջում հակամարտող կողմերի միջև: Բայց որպեսզի երրորդ տարբերակը դառնա իրականություն, անհրաժեշտ է պատրաստել հասարակությանը, որը, ինչպես տեսնում ենք, փոխզիջման հակառակ ուղիով է գնում: Այսինքն՝ հասարակության շրջանում թշնամանքի մակարդակն անընդհատ մեծանում է, առկա է փոխադարձ ատելություն: Ըստ այդմ՝ ցանկացած իշխանություն` և’ Ադրբեջանում, և’ Հայաստանում, որը կհայտարարի, թե շեղվում է որդեգրած արտաքին քաղաքական գծից, քաղաքական ինքնասպանության ճանապարհը կբռնի»,- նշեց ռուս քաղաքագետը՝ հավելելով, որ ՀՀ նոր իշխանության հակառակորդների պնդումը, թե նրանք պատրաստվում են զիջումների, ոչ այլ ինչ է, եթե ոչ` սպեկուլյացիա:

«Բանակցային գործընթացը երկարում է, և մինչև չլինեն խնդրի լուծման որոշումներ, իսկ հասարակությունն էլ պատրաստ  լինի դրանք ընդունել, փոխզիջում չի լինի: Մնում է երկու տարբերակ՝ ռազմական ճանապարհ կամ միջազգային դիկտատ, որը չափազանց վտանգավոր է, ինչը տեսել ենք Բալկաններում»,- նշեց Կռիլովը:

 

Yerkir.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here