Արժեհամակարգային ճգնաժամը կամ ինչպես կեղծիքը ներկայացնել որպես իրական

0
418

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ

Աշխատանքի բերումով ամեն տարի տասնյակ գիտական կոնֆերանսների ու համաժողովների եմ մասնակցում, սակայն հազվադեպ է, երբ քննարկվող թեման այս աստիճան կարեւոր է ու արդիական այսօրվա Հայաստանի համար: Պետության կառուցման գործում արժեհամակարգը կարեւորագույն պայման է դրա կայացման եւ ամրապնդման համար:

Ապացուցված փաստ է, որ կայանում են այն պետությունները, որոնք ապավինում են սեփական արժեքներին ու որտեղ կարեւոր է հոգեւորը, եւ որը համարձակություն ունի չհրաժարվելու իր պատմականորեն ձեւավորված ավանդույթներից, սկզբունքներից ու մշակույթից: Հայաստանում տարիներ շարունակ քարոզվում են հայ մարդուն խորթ, կեղծ արեւմտյան արժեքներ, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն հայկականության հետ, որը սակայն պարտադրվում է ամենօրյա քարոզչության միջոցով:

Երեւանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ գիտական կոնֆերանսՙ «Հոգեւոր արժեքները եւ ժամանակակից պետությունը» խորագրով, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար մասնագետների ու գիտնականների մասնակցությամբ, որոնք անդրադարձան արդի աշխարհում ու պետությունների կայացման գործում արժեքների ու հատկապես հոգեւոր արժեքների ընկալման ու ընդունման հարցերին: Հայկական երկու վերլուծական կենտրոններիՙ «Ինտեգրում եւ զարգացում» Հ/Կ-ի եւ Ցանցային հետազոտական ինստիտուտի ջանքերով մարտի 25-ին տեղի ունեցած կոնֆերանսին քննարկվեց պետությունների կայացման հարցում ազգային արժեքների կարեւորությունը եւ այն վտանգները, որոնց բախվում են այդ երկրները դրսից կեղծ արժեքների ներմուծման պայմաններում:

Եվրասիական փորձագիտական ակումբի նախագահ Արամ Սաֆարյանի գլխավորությամբ ընթացող կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի դեսպաններՙ Սերգեյ Կոպիրկինը , Իգոր Նազարուկը եւ Տիմուր Ուրազաեւը : Գիտաժողովին հրավիրված էին նաեւ գիտնականներ Ռուսաստանիցՙ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վլադիմիր Լեպեխինը, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չաչիան, ինչպես նաեւ պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլովը :

Վլադիմիր Լեպեխինը, որն իր ելույթը կոչել էր «Հոգեւոր արժեքները եւ ավանդույթները որպես պետության ինքնավարության հիմք», անդրադարձել էր արժեքների կարեւորությանը պետության կայացման գործում: Վերջինս արժեքները բաժանում էր երկու մասիՙ արեւմտյան (գլոբալ) եւ սեփականՙ հոգեւոր արժեքներ:

Լեպեխինը նշում է, որ ինքնավար (սուվերեն) պետություն հնարավոր է կառուցել միայն այն դեպքում, երբ այդ երկիրը հենվում է իր քաղաքակրթական արժեքների վրա: Այդ դեպքում է միայն հնարավոր ձեւավորել տնտեսական եւ քաղաքական սուվերենություն, ինչը կարեւոր պայման է պետության կայացման ու զարգացման գործում:

Կոնֆերանսում ելույթ ունեցավ նաեւ Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր Վիկտորիա Առաքելովան ՙ «Կրոնական կոդեքսը որպես պաշտպանական միջոց հասկացությունների նենգափոխումներից աշխարհիկության ժամանակաշրջանում» թեմայով: Վերջինս անդրադարձավ աշխարհիկության ժամանակաշրջանում արժեքների զանգվածային խեղաթյուրման, քրիստոնեությունից հրաժարվելուն ու դրանք կեղծ հասկացողություններով փոխարինելու դեպքերին:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չաչիան իր ելույթում նշեց, որ ժամանակակից Արեւմուտքը վաղուց արդեն հրաժարվել է իր համար ավանդական բուրժուա-դեմոկրատիայի սկզբունքներից, որի կենտրոնը ընտանիքն էր: Համաշխարհային կենտրոնները պատերազմ են հայտարարել ազգայինին, նշում է Չաչիան, Եվրոպայում ազգային պետությունները արդեն վերանում են, ինչը սպառնալիք է ազգային տիպի պետությունների անվտանգությանը: Վերջինս նշում է, որ նույնիսկ ԽՍՀՄ-ումՙ աթեիստական պետությունում, կար բարոյականության բարձր կոդեքս, ինչը ջնջվում է արեւմտյան արժեքների տարածմամբ:

Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության ճակատի նախագահ Ալեքսանդր Ամարյանը իրՙ «Հոգեւոր արժեքների դերը ժամանակակից Հայաստանի ազգային անվտանգության համակարգում» վերնագրով ելույթում նշեց, որ հարցի արդիականությունը ՀՀ-ի համար պայմանավորված է այն վտանգներով, որ սպառնում է մեր պետությանը արեւմտյան արժեքների ազատ ներթափանցման եւ սեփականի ստորադասման պայմաններում: Վերջինս նշեց, որ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո Հայաստան ներխուժեցին տարատեսակ աղանդներ, եւ մեր հասարակությունը անպաշտպան էր դրանց առաջ, միակ պաշտպանիչ միջոցը Հայ առաքելական սուրբ եկեղեցին էր, որն էլ շատ դեպքերում թիրախ էր դառնում արեւմտյան արժեքներ դավանողների կողմից:

Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլովի ելույթը` նվիրված գլոբալիզացիային եւ հետխորհրդային պետություններին, նշում է, որ ընթանում է արժեքների պատերազմ համաշխարհային մակարդակով: Նրա խոսքերով տեղի է ունենում առճակատում անդրազգային, արմատական, աշխարհիկ գլոբալիստական ծրագրի եւ ավանդական մշակույթի ու տեղական քաղաքակրթությունների միջեւ:

«Ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը իր ելույթումՙ «Հոգեւոր եւ ազգային արժեքների համակարգի պահպանման կարեւորությունը նոր աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում» վերնագրով, մասնավորապես անդրադարձավ ընտանիքի ինստիտուտի պահպանման կարեւորությանը: Վերջինս շեշտեց, որ ընտանիքը այն վերջին ամրոցն է, որը դեռ կարողանում է դիմագրավել արտաքին, կեղծ արժեքների ներմուծմանը, եւ դա է պատճառը, որ այսօր այդ ինտիտուտի դեմ է հիմնական հարձակումը:

ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի ելույթը նվիրված էր ԱՊՀ եւ ԵԱՏՄ տարածաշրջանում հումանիտար ընդհանուր միջավայրի ստեղծման անհրաժեշտությանը: Վերջինս նշեց, որ առկա մարտահրավերներին հնարավոր է դիմակայել ստեղծելով միասնական հումանիտար ընդհանուր տարածք այդ պետությունների համալսարանների համագործակցության շնորհիվ: Բանախոսը շեշտեց, որ Հայաստանում հակառուսականության քարոզը, 102-րդ ռազմաբազայի դեմ վարկաբեկիչ նյութերի տպագրումը նպատակ ունի սեպ խրել հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ:

Տեղի ունեցած միջազգային կոնֆերանսը առաջին քայլն էր հայկական հոգեւոր արժեքների կարեւորման, այդ խնդրի բարձրաձայնման ու տարածման գործում: Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, նախընտրում են չխոսել այս թեմայի մասին, իսկ ընդհանրապես հայկական արժեհամակարգ հասկացողությունը անտեսված է ժամանակակից երիտասարդների կողմից, շատերը ուղղակի ծանոթ չեն դրանց, փոխարենը ներմուծվում են կեղծ արժեքներ, որոնք «նպաստում» են միայն հայկական պետության հիմնական ինստիտուտներիՙ Հայ առաքելական եկեղեցու, ընտանիքի ինստիտուտի ու բանակի քայքայմանը:

Նմանատիպ գիտաժողովներով եւ այնտեղ հնչած ելույթների հրապարակմամբ ու մասսայականացմամբ է հնարավոր սկսել դիմակայել այն աղետին, որն սպառնում է ազգային-էթնիկ պետություններինՙ դրանց հոգեւոր եւ ազգային արժեքներին: Կարծում եմ Արամ Սաֆարյանի եւ նրա ընկերների կողմից սկսած գործը կարեւոր նշանակություն ունի հայկական արժեքների վերաիմաստավորման եւ դրանց շարունակական ու գրագետ քարոզման համար:

 

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here