ՀՀ տնտեսության միտումները 2019թ.

0
668

Աղասի Թավադյան

տ.գ.թ., Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

2019թ. առաջին կիսամյակում փաստացի առևտրաշրջանառուչյան աճ չի գրանցվել:Հայաստանի արտահանումը և ներմուծումը համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ կրճատվել են մոտ 1%: Արտահանման կրճատման երեք հիմնական պատճառները ներկայացված են ստորև:

  1. Արտահանման վերականգնողական աճի կրճատում

Հայաստանում 2016 և 2017թ. գրանցված արտահանման երկնիշ աճը պայմանավորված էր առաջին հերթին արտահանման վերականգնողական աճով:2015թ. առևտրաշրջանառության ամփոփիչ տվյալները բացասական էին տարածաշրջանի գրեթե բոլոր տնտեսությունների համար: Տվյալ տարի Ռուսաստանի արտահանումը կրճատվեց 31%, Ղազախստանինը` 42%, Բելարուսինը` 26%: Կրճատվեց նաև Եվրոմիության արտահանումը` 12.3%: Նշենք որ ՀՀ արտահանումը 2015թ. կրճատվեց ընդամենը 4%, սակայն կառուցվածքային կրճատումները ավելի մեծ էին: Տվյալ տարում ՀՀ արտահանումը դեպի Ռուսաստան կրճատվեց 20.6%, դեպի ԵՄ` 11.2%: Առևտրաշրջանառության զգալի կրճատումը հիմնականում պայմանավորված էր նավթի գների անկմամբ և դոլարի արժևորմամբ: Տնտեսությունը ցիկլային է և կրճատումից հետո սովորաբար սկսում է վերականգնողական աճի շրջանը: Տվյալ միտումը, ինչպես նաև կատալիզատոր հանդիսացող ԵԱՏՄ անդամակցությունը խթանեցին 2016 և 2017 թվականների արտահանման երկնիշ աճը` համապատասխանաբար 20.7% և 22.0%: Արտահանումը դեպի Ռուսաստան ԵԱՏՄ անդամակցությունից հետո ավելի քան կրկնապատկվեց:Իհարկե առևտրաշրջանառության վերականգնողական աճը միջնաժամկետ երևույթ է և արտահանման աճի դանդաղեցումը արդեն իսկ նկատվեց 2018թ. երկրորդ կեսից: Արտահանման դինամիկան և մեր կողմից տրված 2019թ. ամփոփիչ կանխատեսումը ըստ ուղղությունների ներկայացված է աղյուսակում:

Աղյուսակ 1. Արտահանման աճը և կանխատեսումը ըստ ուղղությունների (տոկոս)

  1. Հանքարդյունաբերության կրճատում

Արտահանման և տնտեսական ակտիվության նվազման հաջորդ պատճառը հանքարդյունաբերության կրճատումն է: Հայաստանիհանքարդյունաբերության զգալի մասը արտահանվում է Եվրոմիություն և տվյալ ուղղությամբ արտահանման զգալի մասը հանքաքարն է: ԵՄ արտահանումը 2019թ. առաջին կիսամյակում համեմատած 2018թ. նույն ցուցանիշի հետ կրճատվել է 26%-ով, ըստ արտահանման տվյալների կրճատման միտումը սկսվեց 2018թ. նոյեմբերից, երբ փակվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Նշենք որ 2018թ. հոկտեմբերի 11-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը վերջնագիր ներկայացրեց կառավարությանը, պահանջով, որ թույլ տրվի մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2015 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել։ Գործարանը ճգնաժամի մեջ էր հայտնվել կառավարության 800 հազար դոլարի չափով տուգանքներից հետո: Ավելի քան 500 աշխատող դարձավ գործազուրկ:[1] Տվյալ գործարանը ապահովում էր 2016-2017թթ. արտահանման 3.5%-ը`արտահանելով պղնձե անոդ էլեկտրական զտման համար (առևտրաշրջանառության հոդված 7402): Այս հոդվածը 2019թ. արտահանման մեջ բացակայում է: Այս պատճառով 2019թ. առաջին կիսամյակում համեմատած 2018թ. հետ պղինձի արտահանումը կրճատվեց 45 մլն դոլարից մինչև 4,5 մլն դոլար, գրեթե 10 անգամ: Կրճատվել է նաևհանքաքարի արտահանումը, որը կազմում է Հայաստանի արտահանման 24%: Հանքաքարն Հայաստանի արտահանման հիմնական հոդվածն է և այն համեմատած 2018թ. առաջին կիսամյակի հետ կրճատվել է մոտ 7.2 տոկոսով:

Ինչպես երևում է տվյալներից 2009-2011թթ. Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքի մասնաբաժինը եղել է Հայաստանի արտահանման ավելի քան 9%-ը: Հետագայում արտահանումը ավելի է բազմատեսականացել և տվյալ գործարանի արտադրանքի տեսակարար կշիռը արտահանման մեջ իջել է: Ավելացել են նոր արտադրություններ և արտահանման հոդվածներ: Կոմբինատը ապահովում էր ՀՀ արտահանման աճի մի մասը, որը երևում է ընդհանուր արտահանման հետագծի և 7402 հոդվածի համադրությունից: Այս գործարանի վառարանները անջատվել են և հետագա վերագործարկման համար կպահանջվեն մեծ ներդրումներ (տես գծապատկերը):

Գծապատկեր 1. Պղնձի չափաբաժինը արտահանման մեջ (տարեկան)

Իհարկե հանքարդյունաբերությունը բացասական ազդեցություն ունի էկոլոգիայի վրա, սակայն տվյալ արդյունաբերությունը չի կարելի համարել բացասական գործոն տնտեսության  երկարատև և կայուն զարգացման տեսնակյունից: Զարգացող տնտեսության համար առաջնահերթ է ավելացված արժեքի աճը, որին կարելի է հասնել վերամշակող ձեռնարկությունների քանակի աճի միջոցով: Սա կնպաստի նաև արտահանման հետագա աճին: Տվյալ համատեքստում հանքաարդյունաբերությունը շատ կարևոր է հատկապես տնտեսության կայուն զարգացման առաջին փուլերի ընթացքում: Նպատակային ներդրումների միջոցով հանքարդյունաբերությունը կարող է հիմք դառնալ վերամշակող ոլորտի զարգացման համար, որոնք տեխնոտար են և ապահովում են բարձր հավելյալ արժեք: Այսպիսին է զարգացած երկրների աճի ժամանակագրությունը:

Ոչ մի դեպքում չի կարելի անխնա և անգութ օգտագործել հանքերը: Անհրաժեշտ է իրականացնել արդիականացման և վերազինման շարունակական միջոցառումներ, զարգացնել տվյալ ոլորտի վերամշակող արդյունաբերությունը: Սա հնարավորություն կտա արտահանման մեջ իջեցնել անմշակ հանքաքարի ծավալը: Երկարաժամկետ տնտեսական աճի տեսանկյունից հանքաքարի և հումքի արտահանումը ի սկզբանե անարդյունավետ է, քանզի իր մեջ պարունակում է ավելի քիչ ավելացված արժեք և այդ ռեսուրսը սպառելի է: Կարևոր է խթանել վերամշակող արդյունաբերության զարգացումը, ուստի անհրաժեշտ են նաև օրենսդրության որոշակի փոփոխություններ: Մասնավորապես նպատակահարմար է ներդնել զուտ հումքի արտահանման համար մաքսատուրք, ինչպես դա արվում է Ռուսաստանում:

  1. Ռուսական ռուբլու փոխարժեքի արժեզրկում դրամի հանդեպ

1 ռուբլու դիմաց 2017թ. միջին փոխարժեքը կազմել էր 8.3 դրամ, իսկ 2018 և 2019թ.` 7.7 և 7.4 դրամ: Ռուբլու փոխարժեքի արժեզրկումը դրամի նկատմամբ չի նպաստում արտահանման աճին, քանի որ արտահանվող ապրանքները Ռուսաստանում թանկանում են: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և տվյալ ուղղությամբ է արտահանվում պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը: Անհրաժեշտ է դրամի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը գնահատել արտահանման տեսանկյունից, հատկապես դեպի Ռուսաստանի Դաշնություն: Փաստացի դրամի փոխարժեքը չի նպաստում արտահանման ծավալների մեծացմանը և որպես հետևանք տնտեսական աճին:

Մտահոգիչ է պատրաստի արտադրանքի արտահանման կրճատումը:Հատկապես տեքստիլ արդյունաբերության 16.8% կրճատումը 2019թ. առաջին կիսամյակում համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ:Նշենք որ տեքստիլ արտադրության մոտ 60%-ը արտահանվում է Ռուսաստան: Տեքստիլ արտադրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի աճ գրանցեց և դարձավ ՀՀ արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը:

ՀՀ արտահանման կանխատեսում

Չնայած նրան, որ 2019թ. առաջին կիսամյակի առևտրաշրջանառության աճ չի գրանցվել համեմատած 2018թ. նույն ժամանակաշրջանի հետ, արտահանման ամփոփիչ կանխատեսումը 2019թ. կտրվածքով դրական է:Ապրանքաշրջանառությունը շարունակում է իներցիոն աճել, չնայած նրան, որ վերականգնման աճի տեմպը կրճատվում է:Մեր կանխատեսմամբ կախված արտաքին բացասական գործոններից և կառավարչական որոշումներից արտահանումը կարող է գրանցել 3-ից 6% աճ (տե՛սաղյուսակ 1):

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշ

Տնտեսության ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) Հայաստանում հաշվարկվում է դեռևս 2009 թվականից: Տվյալ ցուցանիշը առաջին հերթին հետաքրքիր է ներդրողներին, որոնք մինչ ՀՆԱ ցուցանիշի հրապարակումը ՏՑԱ միջոցով տեսնում են տնտեսության միտումները և կարողանում են ներդրման նպատակահարմարույթան վերաբերյալ կատարել որոշումներ: Այս հանգամանքով է պայմանավորված մեր կառավարության այս ցուցանիշի հաճախակի ընդգծումը և նախընտրումը ՀՆԱ-ի ցուցանիշից, որը շատ ավելի ուշ և եռամսյակային է հրապարակվում: Չնայած տնտեսությունում գրանցված որոշակի բացասական միտումների մեր կանխատեսումը ցույց է տալիս ՏԱՑ 2019թ. ամփոփիչ 6±1% տարեկան աճ, իսկ ՀՆԱ-ի աճը կազմելու է 5±1%: Հավանական է ՀՆԱ-ի աճի տեմպի որոշակի անկում նախորդ տարվա համեմատ:

Գծապատկեր 2. ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի սեզոնայնություն

Տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշը Հայաստանում ունի հստակ սեզոնային բնույթ: Յուրաքանչյուր տարի հունվար ամսին մեր ձեռնարկատերերը ՏԱՑ հարցումներում գրանցում են իրենց տնտեսական ակտիվության կիսով չափ կրճատում (միջինը 50%), իսկ փետրվար և մարտ ամիսներին դրական աճ` միջինը 108% և 115% նախորդ ամսվա համեմատ: Բացասական են նաև օգոստոս և նոյեմբեր ամիսները, հետագա կտրուկ աճով դեկտեմբերին, մինչև 18%: Յուրաքանչյուր տարի գրանցվում է տնտեսական անկում հունվար, օգոստոս և նոյեմբեր ամիսներին:Նշենք, որ դա Հայաստանի տնտեսության յուրահատկությունն է:

Այս հանգամանքը իհարկե դրական ազդակ չի տալիս արտասահմանյան ներդրողներին: Սապահանջում է հետագա պատճառահետևանքային կապերի վերլուծություն և կառուցվածքային բարեփոխումներ: Տվյալ ցուցանիշի ակնհայտ տատանողական բնույթը վկայում է նրա սուբյեկտիվ բնույթի մասին, որովհետև դժվար է օբյեկտիվորեն բացատրել այն, որ յուրաքանչյուր հունվար ամսին մեր ձեռնարկատերերը համապատասխան ՏԱՑ հարցաթերթիկները լրացնելիս գրանցում են տնտեսության 2 անգամ կրճատում:

ՀՀ տնտեսության դինամիկան ըստ ճյուղերի

2019թ. առաջին 6 ամիսների գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կրճատվել է 8.1%, որի հիմնական պատճառը, ինչպես հանքարդյունաբերության արտադրության կրճատման դեպքում, կառավարության էկոլոգիական առաջնահերթություններն են: Խոսքը Սևանիցչորային շրջաններ ոչ բավարար և ուշ ջրի բացթողման մասին է: Համեմատած 2018թ. առաջի կիսամյակի հետ 3.6% նվազել է նաև մրգերի և բանջարեղենի արտահանումը: Արտահանման նվազումը տեղի ունեցավ 2019թ. հունիսին:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի ամենաբարձր աճը գրանցվել է արդյունաբերության և ծառայության ոլորտում: Արդյունաբերության ոլորտում 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 6.9% աճ է գրանցել: Այս ցուցանիշը 2018թ. գրանցել էր 3.7%: 2019թ. գրանցվել է ծառայությունների շարունակական աճ` 16.4% առաջին կիսամյակի կտրվածքով համեմատած 2018թ. նույն ցուցանիշի հետ, որը նաև պայմանավորված էզբոսաշրջության զգալի մեծացմամբ: Սա վկայում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճի մասին:Զբոսաշրջության աճը պայմանավորված է առաջին հերթին ԵԱՏՄ անդամակցությամբ, որը թույլ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով այցելել Հայաստան:2019թ, առաջին կիսամյակում այդ ցուցանիշը աճել է 14.4%: Տրանսֆերտների զգալի մասը` 64%-ը գալիս են Ռուսաստանից: Տվյալ ցուցանիշի վրա ամենամեծ ազդեցության աստիճանը ունի ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները:Անհրաժեշտ է նշել, որ դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի արժեզրկման պարագայում տեղի է ունենում  Ռուսաստանից տուրիստների գնողունակության անկում:

Եզրակացություն

Ընդհանուր առմամբ 2019թ. առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ցուցանիշները չեն գրանցել սպասվող աճ: Չի գրանցվել ապրանքաշրջանառության աճ: Նվազել են շինարարության աճի տեմպերը: Արձանագրվել է գյուղատնտեսության նվազում: Չնայած բացասական երևույթներին մեր կանխատեսմամբ Հայաստանի տնտեսությունը 2019թ. երկրորդ կիսամյակում կաճի:

Ինչպես նշել ենք տնտեսությունը ունի ցիկլային բնույթ և անկումից հետո, արդյունավետ որոշումների կայացման դեպքում, կարող է գրանցվել վերականգնողական աճ: Անհրաժեշտ է նաև նշել, որ տնտեսական գործընթացների ոչ համակարգված կարգավորումը և տնտեսական ցուցանիշների կտրուկ փոփոխությունը հիմնականում բացասական են անդրադառնում տնտեսության վրա: Փորձը ցույց է տալիս, որ տնտեսության բարեփոխման համար ոչ կտրուկ, սահուն և հետևողական կարգավորիչ քայլերը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունումկետային ներդրումները ունեն բարձր արդյունավետություն: Այդպիսի քայլերը կարող են խթան հանդիսանալ տնտեսության վերակառուցման համար: Անհրաժեշտ է հստակ համաձայնեցված համակարգային մոտեցում, ինչը թուլ կտա ապահովել դրական, երկարաժամկետ կայուն աճ:

[1]https://www.azatutyun.am/a/29538383.html

 

Այս նյութը հասանելի է ռուսերեն լեզվով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here