Հայաստանի տնտեսությունը 2020թ. ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամակցության համատեքստում: Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների աշխատանքի վերսկսման հեռանկարները

0
408

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, Քաղաքական վերլուծաբան

Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն վեցերորդ անգամ իրականացրել է տնտեսական հետազոտություններ առաջատար տնտեսագետներ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորած աշխատանքային խմբերի ուժերով: Այդ հետազոտությունների արդյունքներն այսօր հրապարակվելու են Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի շրջանակներում: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում արված աշխատանքի հիմնական ուշագրավ դրվագները եւ որոշ կանխատեսումներ 2021-2022թթ. վերաբերյալ: Հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ավտո- եւ երկաթուղային կոմունիկացիաների վերաբացման հեռանկարին, նկատի ունենալով, որ մարտի 4-ը այն վերջնաժամկետն է, երբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խումբը երեք երկրների ղեկավարներին պետք է ներկայացնի կոնկրետ առաջարկություններ այդ երկրների միջեւ անխափան տրանսպորտային հաղորդակցությունը կազմակերպելու վերաբերյալ:

Հայաստանի տնտեսությունը բնութագրող հիմնական թրենդերը

Պրոֆ. Թաթուլ Մանասերյանն իր հետազոտության արդյունքում կարծում է, որ 2020թ. կհիշվի ոչ միայն երկրի տնտեսության մեջ անկումով, այլեւ հակասական միտումներով եւ իրադարձություններով, որոնց դասերը հարկ է նկատի ունենալ զարգացման հեռանկարային պլաններ մշակելիս: Նա ճշմարտացիորեն կարծում է, որ ամենամեծ կորուստները մենք ունեցել ենք Արցախի վերջին պատերազմի ընթացքում: Սրընթաց նվազել են դեպի տարածաշրջան հոսող ներդրումները: Դեռեւս մի քանի տարի մենք զգալու ենք Հայաստանի տնտեսության վրա պատերազմի ծախսերի բացասական հետեւանքը, իսկ բանակի վերազինման համար պետք է գտնել մեծ ֆինանսական ներդրումներ: Նույնիսկ առանց անցած պատերազմի, կորոնավիրուսի համավարակի պայմաններում աճի տեմպերի էական դանդաղում, իսկ առանձին ճյուղերում` էական անկում է նկատվում: Թ.Մանասերյանի կարծիքով, այս գործընթացի վրա ազդում է նաեւ տնտեսության կառավարման ասպարեզում ոչ կոմպետենտ վերաբերմունքը եւ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության անարդյունավետությունը:

Արդյունաբերական արտադրանքը 2020թ. 2019թ. համեմատությամբ արձանագրել է անկում 0,9%: Հետաքրքրական է, որ 12 ամիսների կտրվածքով լեռնահանքային արդյունաբերությունը եւ հանքավայրերի շահագործումը նախորդ տարվա համեմատությամբ արձանագրել են աճ 11,6%-ի չափով: Վերամշակող արդյունաբերությունը այդ նույն համեմատությամբ նվազել է 3,9%-ով: Անցյալ տարի էլեկտրոէներգիայի եւ գազի մատակարարումների ոլորտում նախորդ տարվա համեմատությամբ ավել է գրանցվել 0,1%: Սակայն ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության գործակիցը անկում է ապրել 7,5%-ով, ինչը պայմանավորված է ծառայությունների ոլորտում եւ շինարարության հատվածում ողջ տարվա ընթացքում էական անկումով: Համաձայն «2021թ. Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքս» հաշվետվության էական թանկացում է գրանցվել առաջին անհրաժեշտության սննդամթերքի մի շարք տեսակների գծով: Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարին սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի մթերքների գները անցյալ տարվա հունվարի համեմատությամբ աճել են 6,8%, իսկ ոչ մթերային ապրանքների գծով` 5,5%-ով: Արժեզրկվել է հայկական դրամը: Այդ արժեզրկումը հունվարի վերջին տվյալներով կազմել է 8,8%:

Աշխատանքային խմբի գնահատումներով, գործազրկության ծավալը (ավելի քան 20%) մեր երկրում աճել է ոչ միայն ներտնտեսական իրավիճակի վատթարացման եւ պատերազմի ծանր հետեւանքների, այլեւ «լոքդաունի» պատճառով, ինչպես նաեւ 200 հազարից ավել արտագնա աշխատողների Ռուսաստան եւ մյուս երկրներ չմեկնելու պատճառով: Այստեղ հարկ է նշել, որ 2021թ. առաջին եռամսյակում այս վերջինի հետ կապված իրավիճակը աստիճանաբար կարգավորման միտում է գրանցում ճանապարհների մասնակի վերաբացման արդյունքում: Կառավարությունը նոր պարտքեր է վերցրել եւ Հայաստանի պարտքն այժմ կազմում է 7մլրդ. 968,5 մլն. դոլար եւ մեկ տարվա ընթացքում ավելացել 647,2 մլն. դոլարով:

Հետաքրքրական է, որ գյուղատնտեսության ոլորտում ՀՆԱ-ն արձանագրել է աճ 1,4%: Բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 2,3%, անասնապահության ոլորտում` 0,6%: 2021թ. նախատեսվում է գյուղատնտեսական կուլտուրաների ապահովագրության ծավալը հասցնել 11-իՙ ներառնելով Հայաստանի բոլոր մարզերը: Արձանագրվել է առաջընթաց անասնապահության որակի բարձրացման ծրագրի շրջանակներում: Սա հաստատում է Եվրասիական փորձագիտական ակումբի այն կանխատեսումը, որ եվրասիական ինտեգրման ոլորտում կա զարգացման դեռեւս չօգտագործված ներուժ, եւ պետությունը կարող է հասնել հաջողության այս ոլորտ ներդրումներ ուղղելու դեպքում:

Մանրածախ առեւտուրը Հայաստանում պակասել է 16,6%: ԵԱՏՄ-ում սա 2-րդ ցուցանիշն է: Գյուղատնտեսության աճը Հայաստանում 2,3% ավելի բարձր է, քան ԵԱՏՄ միջին ցուցանիշը: Ընդհանրապես հարկ է նկատի ունենալ, որ գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում լուրջ աճ է արձանագրվել եւ սա խոսուն ցուցանիշ է պարենային անվտանգության ապահովման տեսակետից: Սակայն հարկ է նկատի ունենալ, որ կորոնավիրուսի համավարակը ընդհանուր առմամբ բացասական է անդրադարցել ԵԱՏՄ բոլոր անդամների տնտեսության վրա: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսագետների գնահատմամբ ԵԱՏՄ երկրները դիմակայել են ճգնաժամին եւ նրանից դուրս են գալիս նվազագույն կորուստներով: Աշխարհի միակ երկիրը, որը, այնուամենայնիվ, տնտեսական աճ է արձանագրել, Չինաստանն է: Մնացած երկրներում գրանցվել է անկում: Այս տարի սպասվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը աշխույժ վերականգնողական աճ է արձանագրելու: Տնտեսական ակտիվությունը նկատելի է նաեւ այն պարզ միտումից, որ Ռուսաստանում կրկին մեծացել է հրավիրվող աշխատուժի կարիքը: Հայկական արտահանումը Ռուսաստան 2020թ. կրճատվել է 11%-ով: Ընդհանուր առմամբ Հայաստանի արտահանումը նվազել է 5,2%, իսկ ներկրումը` 15,9%: Հստակորեն ուրվագծվում է այն իրողությունը, որ հարկ է շեշտը դնել ԵԱՏՄ ուղղությամբ արտահանման ծավալների մեծացման վրա:

ԵԱՏՄ-ում Հայաստանի իրատեսական հնարավորությունների շուրջ

ԵԱՏՄ-ում Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալները կրճատվել են: 2020թ. համախառն արտահանումը նվազել է 3,9%: Դեպի ԵԱՏՄ երկրներ անկումը կազմել է 8,3%: Պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետազոտությունները վկայում են, որ նույնիսկ այդ պայմաններում դեպի Բելառուս արտահանումը աճել է 18,7% եւ դեպի Ղազախստան` 19,3%: Երկարաժամկետ եւ կայուն արտահանման աճից հետո դեպի Ռուսաստան այդ ցուցանիշը անցյալ տարի գրանցել է 9,0% անկում: Արդեն 2-րդ տարին է նվազում է թեթեւ արդյունաբերության արտադրանքի ծավալը: 2020թ. այդ ոլորտը գրանցել է 5,2% անկում, ցուցադրելով 131 մլն. դոլար ծավալ: Այնինչ վերածնվող թեթեւ արդյունաբերությունը ունի ներուժ դառնալու Հայաստանի տնտեսական աճը ապահովող լոկոմոտիվներից մեկը: Կարելի է կանխատեսել, որ 2021-2022թթ. ընթացքում կարձանագրվի տեքստիլի եւ տրիկոտաժի արտահանման վերականգնողական աճ: Այս ոլորտների կարեւորությունը նրանում է, որ նրանք զգալի աշխատանքային տեղեր են ստեղծում: Սննդամթերքի արտադրության եւ արտահանման ոլորտում նույնպես աճ է գրանցվել: Ձկան արտահանումն աճել է 84,7%, բանջարեղենի արտահանման աճը կազմել է 19,4%, բանջարեղենի վերամշակված արտադրանքի արտահանման աճը կազմել է 28,0%, ձվի եւ կաթնամթերքի արտահանման աճը` 47,3%:

Պրոֆ. Թավադյանի խումբն արձանագրում է, որ նույն դինամիկան է ներկրման ոլորտում: 2020թ. ներկրումը կրճատվել է 17,7%: 2020թ., չնայած վերոհիշյալին, ներկրումը Բելառուսից աճել է 18%, իսկ Ղազախստանից` 110,9%: Կրճատվել է Ռուսաստանից ներկրումը 0,7%: Ներկրման հիմնական հոդված հանդիսացող վառելիքի ներկրման ծավալների կրճատումը կազմել է 6,3%: Հետազոտողները կանխատեսում են, թե՛ արտահանման, թե՛ ներկրման վերականգնողական աճ 2021թ. երկրորդ կիսամյակում: Պրոֆ. Թավադյանը համոզված է, որ Հայաստանի անդամությունը ԵԱՏՄ-ին նոր կարեւորություն է ձեռք բերում եւ հարկ է օգտագործել եվրասիական տնտեսական ինտեգրման բոլոր հնարավորությունները, հատկապես դեպի Ռուսաստան պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները էապես մեծացնելու համար:

Հայաստանի առջեւ ծառացած են մի քանի խնդիրներ. Էապես բարելավել բացասական առեւտրական հաշվեկշիռի վիճակը, ավելացնել արտահանման եւ ՀՆԱ-ի հարաբերակցման աճը, արտահանման դիվերսիֆիկացիան եւ պատրաստի արտադրանքի ծավալների աճի խրախուսումը: Այս խնդիրները կարող են լուծվել ԵԱՏՄ շրջանակներում եւ դա կնպաստի Հայասստանի տնտեության մրցունակությանը:

Համավարակի պայմաններում եւ վերջին պատերազմի հետեւանքում, հատկապես կարեւոր նշանակություն է ձեռք բերում Հայաստանի ապրանքաշրջանառության աճը, որին կարելի է հասնել ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի լիարժեք ձեւավորման արդյունքում: Շատ կարեւոր է, որ այդ չորս ազատությունները գործեն առանց սահմանափակումների եւ բացառությունների:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ-տնտեսագետները համոզված են, որ հարկ է անշեղորեն կիրառել ԵԱՏՄ պայմանագրի բոլոր դրույթները, մասնավորապես կոոպերացիայի, մրցունակության բարձրացման եւ տնտեսական հարաբերություններում թափանցիկության մակարդակի բարձրացման վերաբերյալ: Հարկ է մեծացնել նաեւ գիտական ներուժի օգտագործման եւ փորձագետների շարունակական մասնակցության ծավալները: Միության տնտեսությունների մոդեռնիզացումը, կոոպերացիան եւ մրցունակության բարձրացումը առանցքային գործոններ են հանդիսանում անդամ-պետությունների արտադրանքի ծավալները մեծացնելու համար: ԵԱՏՄ ինտեգրման գործում անընդհատ մեծանում է տրանսպորտային եւ տարանցիկ ներուժի օգտագործման նշանակությունը: Ռուսաստանը եւ ԵԱՏՄ մյուս երկրները շարունակական հետաքրքրություն են դրսեւորում օգտագործելու երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտային միջանցքները, ինչպես նաեւ առեւտրատնտեսական բոլոր ուղղություններով առկա էլեկտրացանցերը:

Տրանսպորտային կոմունիկացիաների վերագործարկման հնարավորության շուրջ

Միանգամայն հասկանալի է, ԵԱՏՄ անդամ-պետությունների աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասում կոմունիկացիոն հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ: Այն բխում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնություններից, որոնք համաձայնագրով պաշտպանել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Շատ կարեւոր է, որ կենսագործվեն այդ համաձայնագրի հավասարապես բոլոր կետերը, այլ ոչ միայն նրանք, որոնք ձեռնտու են կողմերից միայն մեկին (օրինակ Ադրբեջանին): Պետք է հասկանալ, որ կողմերից մեկի փորձերը կենսագործելու հայտարարության որոշ կետեր եւ չկենսագործելու մյուս կետերը ստորագրած բոլոր կողմերի շահերի համաձայն թույլ չի տալու վերագործարկել տրանսպորտային կոմունիկացիաները:

Մասնավորապես հարկ է վերաբացել նաեւ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը: Իրատեսական է եւ տնտեսական առումով ձեռնտու վերագործարկել Իջեւան-Ղազախ ավտոճանապարհը, որը ուղղակի կկապի Հայաստանը Ռուսաստանին: Նաեւ տնտեսապես ձեռնտու է Երասխ-Սադարակ երկաթուղային ճանապարհի վերականգնումը: Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում կոմունիկացիաների հարցը պետք է լուծել համակարգված, նկատի ունենալով թե՛ Աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունը, եւ թե՛, ժամանակի ընթացքում, Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը: Պետք է հասկանալ, որ անընդհատ մեծանում են Թուրքիայի հետաքրքրությունները Հարավային Կովկաս թափանցելու ուղղությամբ, եւ դա զուտ հիմնախնդիրները լուծելու գործում: Ըստ ամենայնի, ԵԱՏՄ բոլոր անդամները ուշադրությամբ են հետեւում այդ գործոնի կենսագործմանը: Շատ կարեւոր է, որ Իրանը եւ Հայաստանը երկաթուղային եւ ավտո ճանապարհներով կարողանան կապվել Ռուսաստանի հետ, եւ ցանկալի է` մի քանի ուղղությամբ: Դա էապես կմեծացնի Հայաստանի տնտեսական անվտանգությունը եւ կնպաստի արդյունավետ դիմակայությանը առկա քաղաքական եւ տնտեսական սպառնալիքներին:

Մեր անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն ակտիվացնել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, այլեւ լրջորեն մտածել մեր ռազմավարական դաշնակցի հետ քաղաքական եւ ռազմական համագործակցությունն ու փոխգործակցությունը մի նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների որակական արդիականացումը, զարգացումն ու խորացումն այն միակ հնարավորությունն են, որոնք կարող են չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել թուրք-ադրբեջանական տնտեսական եւ քաղաքական ծավալումից առաջացող տարբեր սպառնալիքներն ու մարտահրավերները Հայաստանի համար: Հարկ է Հայաստանի քաղաքական վերնախավերի, բիզնեսի եւ գիտափորձագիտական հանրության համատեղ ուժերով վերջապես սկսել քննարկել հայ-ռուսական հարաբերությունների հետագա որակական բարելավման, ԵԱՏՄ-ում մեր անդամակցության եւ ձեւավորվող նոր իրողություններում մեր անելիքին վերաբերող հարցերը:

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here