Այսօր Հայաստանում կա ծայրաստիճան առճակատված և իրարամերժ քաղաքական մթնոլորտ. Արամ Սաֆարյան

0
432
Арам Сафарян

«Այսօր Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ուղղակիորեն  նշանակում է, որ Ռուսաստանի դեմ ակտիվացել է  պայքարը»,- «Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում. հետևանքները և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը։

Նա հարցադրում արեց՝ ո՞րն է Հայաստանի պրակտիկ դիրքորոշումն այս իրավիճակում, ի՞նչ կարող են անել  կանխելու նոր սրացումը, նոր պատերազմը, որը կարող է անդառնալի  կորուստներ բերել հակամարտության մեջ ներքաշված հայկական, ադրբեջանական կողմերին, քանի որ  այն պատերազմը, որը կհրահրվի հիմա, իր թափով շատ ավելի մեծ կլինի, քան 44-օրյա պատերազմը։

«Կարո՞ղ ենք մեր երկրի ներսում ունենալ  այնպիսի ներքաղաքական կոնսոլիդացիա, համախմբում, որը կկարողանա մեր  հասարակությունն ավելի կուռ, ամուր, ավելի կենսունակ դարձնել  դիմակայելու համար այս դժվարությունը»,- հարց տվեց Արամ Սաֆարյանը։

Նա նշեց, որ իր 30-ամյա քաղաքակական գործչի, դիվանագետի փորձը հուշում է, որ ՌԴ-ն է այն  միակ կառուցողական, էական ազդեցություն ունեցող ուժը, որը կարող է ազդել  Հայաստանի և Ադրբեջանի վրա կանխելու համար ղարաբաղյան 3-րդ պատերազմի ծավալումը։

«Իսկ եթե Ռուսաստանը չկանխի, ո՞վ է կանխելու։ Եթե Հայաստանը մենակ մնա Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպիսի՞ն է  լինելու փոխադարձ շահերի վրա կառուցված, փոխադարձ  կարծիքների վրա համաձայնեցված համաձայնության փնտռտուքը։ Արդյո՞ք դա Հայաստանի կենսական շահերին համապատասխանող, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը  երաշխավորող  համաձայնություն է  լինելու։ Սրանք  շատ բարդ հարցեր են, և այս հարցերի պատասխանը Հայաստանում առաջին հերթին պետք է տան  քաղաքական դաշտի ակտորները»,- ասաց Ա. Սաֆարյանը։

Նրա գնահատմամբ, այսօր Հայաստանում կա ծայրաստիճան առճակատված և իրարամերժ քաղաքական մթնոլորտ, ինչը մի իրավիճակ է, որը  թուլացնում է մեր երկրի դիմադրողականությունն  արտաքին քաղաքական դաշտում. «Ներքին ատելության բորբոքումը տանելու է հայկական պետականության հիմքերի ոչնչացմանը։ Պետք է գերջանքեր  գործադրելով  կարողանանք ապացուցել մեր նվիրվածությունը, դաշնակացային  պարտավորվածությունը մեր բարեկան Ռուսաստանի հանդեպ, թույլ չտալ այնպիսի զարգացումներ, որոնց հետևանքով Ռուսաստանը դուրս կմղեն Հարավային Կովկասից։ Դրանից կուրախանան այն ուժերը,  որոնք շահագրգռված են Ռուսաստանի՝ այս տարածաշրջանից դուրս բերմամբ և տարածաշրջանում  հակառուսական ուժերի աշխուժացմամբ և ուժեղացմամբ, մյուս կողմից պետք է  կարողանանք այնպիսի ճկուն դիվանագիտություն դրսևորել, որ չշարժենք  ավելորդ անգամ մեր հակառակորդների, ընդդիմախոսների ակտիվ գործողություն վարելու ցանկությունը»։

Ա. Սաֆարյանի խոսքով, Հայաստանի ներսում պետք է վարել ազնիվ, բաց, թափանցիկ քաղաքական կուրս, հասկանալի և ընդունելի լինել ոչ միայն մեր ռազմավարական դաշնակցի ՌԴ համար, այլ նաև  մյուս հիմնական գործընկերների նկատմամբ,  կարողանալ այս իրավիճակում մեզանից հասանելիքն անել ռազմական առճակատումը թուլացնելու համար։

«Երկրի ներսում պետք է ունենալ իմաստուն, հավասարակշռված, ամեն ինչի արդյունքն ու հետևանքը կանխորոշող քաղաքականություն»,- ասաց վերլուծաբանը։

Panorama.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here