«Միայն Ռուսաստանը չպետք է լուծի բոլոր խնդիրները». բելառուս քաղաքագետը՝ ՀԱՊԿ-ի գործունեության մասին

0
21

«Այսօր ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական դաշինք, միջազգային ասպարեզում ակնհայտորեն աչքի չի ընկնում համերաշխ դիրքորոշում մշակելու և դրսևորելու առումով. քննադատությունը հնչում է նաեւ, օրինակ, Բելառուսի և Հայաստանի ղեկավարության շուրթերից»,- այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի, «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության ու Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած՝ «ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան. ՀԱՊԿ պայմանագրի 30 ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց բելառուս քաղաքագետ, հասարակական գործիչ Ալեքսեյ Ձերմանտը (լուսանկարում):

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում կա իրական կարգապահություն, երբ նրանց բոլոր անդամները, ի վերջո, միասնական դիրքորոշում են ընդունում, հատկապես աշխարհաքաղաքական և տնտեսական հակառակորդների և մրցակիցների նկատմամբ։ ՀԱՊԿ երկրները պետք է ունենան նույն միասնական դիրքորոշումը, քանի որ անընդունելի է, երբ մի երկրի դեմ պատժամիջոցներ են սահմանվում, նրա դեմ տնտեսական խեղդող պատերազմ է մղվում, տարածքային ամբողջականությունը ոտնահարվում է, իսկ մյուսները փորձում են ձևացնել, թե դա իրենց չի վերաբերում։

Միասնականության դրսեւորման ամենավառ օրինակ նա համարում է Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության իրականացրած գործողությունը. «ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը ոչ միայն թույլ տվեց կայունացնել իրավիճակը երկրում, այլ փաստացի փրկեց Ղազախստանի պետականությունը: ՀԱՊԿ դաշնակիցները նույնպես ՀԱՊԿ աջակցության վրա պետք է հույս դնեն. այն կարող է լինել տարբեր ձևերով, բայց սկզբունքորեն պարտադիր»:

Համերաշխության դիրքորոշումն, բանախոսի գնահատմամբ, անդամ բոլոր երկրների անվտանգության և բարեկեցության համար է. «Միայն Ռուսաստանը չպետք է լուծի բոլոր խնդիրները, նրան պետք են դաշնակիցներ, բոլոր հնարավոր օգնությունները, ընդհանուր ճակատ՝ ռազմական և տնտեսական առումով: Ի վերջո, եթե Ռուսաստանն ուժեղ չէ, ապա Արևմուտքը մեր յուրաքանչյուր երկրի հետ գործ կունենա մեկ առ մեկ, սա պետք է հասկանալ և չզվարճացնել ձեզ պատրանքներով, որ հնարավոր կլինի առանձին համաձայնության գալ: Մեր դաշինքին այլևս ոչ թե խոսքեր են պետք, այլ գործողություններ, որոնք ցույց կտան թե մեր քաղաքացիներին, թե աշխարհին, որ մեր ռազմաքաղաքական դաշինքը արդյունավետ է և կարող, որի հետ պետք է հաշվի նստել։ Եթե դա տեղի ունենա, ապա ՆԱՏՕ-ն, կոլեկտիվ Արևմուտքի հետ միասին, այլ կերպ կվարվի՝ ավելի հարգալից, քանի որ նրանք հարգում են միայն ուժը, և պետք է այդ ուժը դրսևորվի միասնության և համախմբվածության միջոցով»:

Նա հիշեցրեց՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս կոնկրետ առաջարկներ է հնչեցրել ՀԱՊԿ-ի ամրապնդմանն ուղղված՝ ամրապնդել համագործակցությունը տեղեկատվական ոլորտում՝ հաշվի առնելով չինական փորձը. դա նշանակում է՝ մշակել և օգտագործել տեխնիկական միջոցներ, որոնք կարող են արգելափակել արևմտյան թվային հարթակները: Սա, ըստ նրա, հատկապես կարևոր է, երբ տեսնում ենք, թե որքան անբարեխիղճ կերպով են ջնջվում մեր լրատվամիջոցների էջերը արևմտյան հարթակներում։

«Խոսքը վերաբերում էր նաև ՀԱՊԿ-ի աշխատանքում վերլուծական բաղադրիչի ուժեղացմանը. այս կազմակերպության քարտուղարությանը անհրաժեշտ է մի ստորաբաժանում, որը կզբաղվի վերլուծությամբ և կանխատեսումներով, մեզ պետք է նաև մեր երկրների վերլուծական կենտրոնների և «ուղեղային կենտրոնների» ցանցը: Մենք պետք է դասեր քաղենք հաջողակներից, միայն այդպես կարող ենք դիմակայել և հաղթել համաշխարհային հիբրիդային պատերազմում»,- եզրափակեց Ալեքսեյ Ձերմանտը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here