Երբ երկիրը գտնվում է վտանգի մեջ, Սուրբ եկեղեցին է դառնում ժողովրդին միավորող փարոս. Մանվելյան

0
272

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով մասնագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ գնահատմամբ՝ վերջին 4 տարին ցույց տվեց պետական համակարգի ամբողջ խոցիելիությունը, նրա ինստիտուտների չկայացվածությունը եւ խնդրները, որոնք առաջանում են դրա պատճառով: Այս մասին նա հայտարարեց «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհ»-ի ժամանակ, որը կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ու «Հայ Ազգային ճակատ» կազմակերպության հետ համատեղ: 

«Վերջին չորս տարին ցույց տվեց, որ ինչ-որ մի անձ կարող է պետական ինստիտուտներն ամբողջովին իրենով անել, օգտագործել իր անձնական կամ իր նեղ շրջապատի շահերի համար: Սա խոսում է այն խորքային խնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանի հանրապետությունում: 90-ական թվականներին՝ հիմնականում արցախյան պատերազմից հետո, պետական համակարգի կառուցման մոդել ընտրվեց արեւմտաեվրոպականը: Սակայն, այն չի աշխատում այն երկրներում, որոնք գտնվում են այնպիսի շրջապատում, որում մենք ենք: Մենք շրջապատված ենք ագրեսիվ հարեւաններով, որոնք միշտ պատրաստ են խնդիրներ ստեղծել եւ դրանք ժառանգել ենք պատմականորեն: Հիմա ունենք այն, ինչ ունենք, հետեւաբար պետական համակարգի փոփոխությունն ապագայի համար թիվ մեկ գերկարեւոր խնդիրն է: Վաղ, թե ուշ դուրս կգանք այս իրավիճակից, կազատվենք այս կառավարությունից, բայց, միեւնույնն է, պետական ինստիտուտները չեն կարող աշխատել, եթե շարունակեն մնալ այս տեսքով եւ այս տարբերակով: Պետք է կառուցել նոր պետական համակարգ, որը կփորձի հարմարվել նախ այն մշակութային, պատմական ժառանգությանը, որի կրողը մենք ենք, երկրորդ՝ պետք է հարմարվի այն միջավայրին, որի ագրեսիան ամեն օր զգում ենք: Միայն այս պայմաններում կարող են նոր պետական ինստիտուտները կայանալ», — ընդգծեց Արմեն Մանվելյանը:

Իսկ թե նոր պետական համակարգի կառուցման գործում ինչ դերակատարություն կարող են ունենալ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց ԿաթողիկոսըՀՀ նախկին նախագահներ Լեւոն ՏերՊետրոսյանըՌոբերտ ՔոչարյանըՍերժ Սարգսյանը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որոնք վերջերս միասին հանդիպեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բանախոսը նախ նշեց, որ այս հանդիպումը կարեւոր սիմվոլիզմ ուներ. «Եթե հետահայացք գցենք մեր պատմությանն, ապա պետք է հիշենք, որ 15-րդ դարում շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ եւ Մայր Աթոռը հետ բերվեց էջմիածին: Սա գերկարեւոր եւ ստրատեգիկ առումով նշանակություն ունեցող իրադարձություն էր, հայ ժողովրդի փրկության եւ գոյատեւման կարեւոր քայլ էր, ինչը չպետք է մոռանանք: Եվ ամեն անգամ, երբ երկիրը գտնվում է վտանգի ու կործանման մեջ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դառնում է այն փարոսը, որի շուրջ ժողովուրդը կամ նրա ինտելեկտուալ մասը միավորվում է: Այս առումով պետք է նկատի ունենանք, որ հետագայում, եթե պետական համակարգը փորձենք կառուցել, առանց կարեւորելու մեր եկեղեցին եւ կրոնական վարդապետությունը, որը քարոզում է, ապա նորից կկանգնենք նույն ձախողված տաշտակի առաջ: Այնպես որ, կարծում եմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ պետք է ձեւավորվի հայկական պետականությունը հետագայում: Պետք է հրաժարվենք պետական ինստիտուտների արեւմտաեվրոպական մոդելներից՝ ստեղծելով զուտ հայկականը: Մանավանդ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական փոփոխությունները, որոնց ականատեսն ենք, բախումը, որն ընթանում է Արեւմուտքի եւ Արեւելքի, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-յի միջեւ, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս պայմաններում կարող են գոյատեւել միայն այն տիպի պետությունները, որոնք իրենց պետական համակարգը կառուցում են՝ հաշվի առնելով պատմական ժառանգությունը, մշակույթը, այն ագրեսիվ շրջապատը, որից, միեւնույն է, առաջիկա մի քանի 100 տարում, դժվար թե, կարողանանք ազատվել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here