Արամ Սաֆարյանի ելույթը Եվրասիական փորձագիտական ակումբի մամուլի ասուլիսում

0
283

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Բացման ելույթ

Եվրասիական փորձագիտական ակումբի

ութերորդ ամենամյա տնտեսագիտական

հետազոտությանը նվիրված մամուլի ասուլիսում

15 փետրվարի 2023թ., Երևան

 Հարգելի բարեկամներ

Երվաիական փորձագիտական ակումբը ձեր ուշադրությանն է ներկայացնում իր արդեն ութերորդ ամենամյա տնտեսագիտական հետազոտությունը «Հայաստանի տնտեսությունը 2022թ. ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» վերտառությամբ: Այս հետազոտությունը կատարել են մեր անվանի տնտեսագետներ, տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Աշոտ Թավադյանի և Թաթուլ Մանասերյանի ղեկավարած աշխատանքային խմբերը վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նրանք ուսումնասիրել են Հայաստանի տնտեսության արդի վիճակը պետական վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա, դրանք համեմատելով համաշխարհային և տարածաշրջանային ֆինանսական կազմակերպությունների տվյալների և կանխատեսումների հետ:

Կուզենայինք նշել, որ Եվրասիական փորձագիտական ակումբը ստեղծվել է 2014թ. մայիսին և սկսած 2016թ. փետրվարից ամեն տարի գիտափորձագիտական հանրության և մեդիա դաշտի ուշադրությանն է ներկայացնում իր հետազոտությունները, նպատակ ունենալով խթանել գլխավորապես Հայաստանի հասարակության և քաղաքական դաշտի հետաքրքրությաւնը Եվրասիական տնտեսական միության և եվրասիական ինտեգրման արդի գործընթացների նկատմամբ:Այս կապակցությամբ կուզենայի նաև ընդգծել, որ ամեն տարի երկու անգամ, օգոստոսին և փետրվարին, հանրության դատին ներկայացնելով մեր ընթացիկ հետազոտությունների կիսամյակային և տարեկան արդյունքները, մենք` Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս, լի ենք պատասխանատվությամբ մեր բերված տվյալների ճշմարտացիության, փաստարկների գիտականության և արվող կանխատեսումների հիմնավորվածության հարցում: Երևի այդ պատճառով է, որ տարեց-տարի մեր ամենամյա հետազոտությունները գնալով ավելի լայն ընդունելության են արժանանում Հայաստանի, Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկեր երկրների լրատվական միջոցների կողմից:

Ձեր ուշադրությունը հրավիրելով պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի և պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հաղորդումների վրա, կուզենայի իբրև նախաբան անել մի քանի եզրահանգումներ, որոնք բխում են արված հետազոտություններից:

Առաջաին. Եվրասիական տնտեսական միությունը դարձել է Հայաստանի Հանրապետության գլխավոր արտաքին առևտրատնտեսական գործընկերը: Այս ուղղությանն է բաժին ընկնում Հայաստանի արտահանման ավելի քան 47% և ներկրման ավելի քան 31%: Սա ավելի է, քան ցանկացած այլ ուղղությամբ: Տարեց-տարի հետևողականորեն աճում է առևտուրը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ: Սա նշանակում է, որ ճիշտ էին բոլոր այն գիտնականներն ու փորձագետները, որոնք վերջին տասնամյակում համոզված պնդել են, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն ունի հսկայական ներուժ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար:

Երկրորդ. սրընթաց տեմպերով աճում է արևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ռազմաքաղաքական գլխավոր դաշնակիցն է, այլև տնտեսական ոլորտում առաջատար գործընկերը: Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը հայկական տնտեսության մեջ կազմում է 2 մլրդ. դոլար: Հայաստանի Հանրապետության արտահանումը դեպի Ռուսաստան 2022թ. աճել է 2,9 անգամ, կազմելով ռեկորդային $4,1 մլրդ.: ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումը 2015թ. առաջին տարվա համեմատությամբ աճել է մոտ 10 անգամ: Ռուսաստանը Հայաստանի ամենահեռանկարային գործընկերն է և դեպի Ռուսաստան գնացող մեր արտահանումն ունի ամենադիվերսիֆիկացված բնույթ: Ռուսաստան է ուղղված մեր պատրաստի արտադրանքը և այդ միտումը շարունակական աճի բնույթ ունի:

Երրորդ. Հայաստանի արտահանումը բոլոր ուղղություններով աճում է, ինչպես և աճում է ներկրումը համարյա բոլոր ապրանքատեսակների գծով: 2022թ. ցույց է տվել զարգացման աննախադեպ միտումներ տնտեսության բոլոր ճյուղերի համար: Հնարավորություն է ընձեռնվել լրջորեն մտածելու ոչ միայն տնտեսության հեռանկարային ուղղություններին պետական աջակցության տարբեր ձևերը մեծացնելու մասին, այլև բնակչության կուտակված սոցիալական խնդիրները քայլ առ քայլ լուծելու մասին: Կարևոր է, որպեսզի գործադրվեն ջանքեր տնտեսության մեջ 2022թ. գրանցված զարգացման միտումները հնարավորինս պահպանելու ուղղությամբ:

Չորրորդ. շատ կարևոր է ուշադրությամբ հետևելը տարածաշրջանային և գլոբալ միջազգային գործընթացներին: Աշխարհի առաջատար ֆինանսական կառույցները նախազգուշացնում են, որ 2023թ. համար առկա է նոր ռեցեսիայի սպառնալիքը: Սա նշանակում է, որ պատմության մեջ առաջին անգամ մեկ տասնամյակում երկու ռեցեսիա կարող է լինել: Կան հոռետեսական կանխատեսումներ այն մասին, որ ԱՄՆ-ում տնտեսական աճը կլինի ընդամենը 0,5%, Եվրոպական Միությունում` զրոյական, Չինաստանում` 4,6%: Գերակշռող կանխատեսումների համաձայն Ռուսաստանին կհաջողվի նվազագույնի հասցնել նկատված տնտեսական անկումը: Հայաստանի Հանրապետության համար Համաշխարհային բանկը և մյուս վարկանիշային միջազգային կառույցները զգուշավորությամբ կանխատեսում են 4%-ից ավելի աճ (4,5% արժեզրկման պայմաններում): Մեր տնտեսագետները կարծում են, որ այս տարի տնտեսական աճի միտումները կնվազեն երկրորդ կիսամյակում: Սակայն բարենպաստ բիզնես-մթնոլորտի և նկատված տնտեսական հաջողությունների ճիշտ շարունակման դեպքում մենք կարծում ենք, որ կա հնարավորություն 2023թ. Հայաստանի տնտեսության աճը 5-7% հասցնելու համար:

Եվ վերջինը: Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության տարում հարկ է ամենակառուցողական մասնակցությունը բերել եվրասիական ինտեգրման խորացման ու զարգացման հնարավորությունների ուսումնասիրությանը: Ռուսաստանի Դաշնությունը այս տարի անդամ-երկրների գիտափորձագիտական հանրության մասնակցությամբ կկազմակերպի գիտական և փորձագիտական քննարկումներ, որտեղ կփնտրվեն հաճախ ոչ ավանդական թվացող քայլներ ինտեգրացիոն գործընթացին նոր թափ հաղորդելու համար: Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված է, որ Հայաստանի գիտափորձագիտական հանրությունը ունի բավարար ներուժ ներգրավվելու համար այս փնտրտուքում: Ճիշտ է, որ ԵԱՏՄ-ն դարձել է Հայաստանի ամենահեռանկարային առևտրական վեկտորը: Ճիշտ է նաև, որ մենք սկսել ենք ավելի մեծ օգուտներ քաղել տարածաշրջանային տնտեսական գործընթացներից: Այսուհանդերձ, մենք կարծում ենք, որ պետք է վարվի այնպիսի քաղաքականություն, որը ոչ թե խանգարում կամ կաշկանդում է տնտեսական ներուժի բացահայտմանը, այլ գալիս է ամրապնդելու այդ ներուժը: Ահա, թե ինչու մենք կարծում ենք, որ մեր անմիջական հարևանների, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական Միության և Մեծ, Միջին Արևելքի երկրների, Չինաստանի հետ մեր տնտեսական համագործակցության զարգացման տեսլականը պետք է վճռորոշ լինի արտաքին քաղաքական քայլերի և ընդունվող որոշումների ժամանակ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here