2022-ին միայն ՌԴ-ից, 4 մլրդ դոլարից ավել ներհոսք է եղել Հայաստան. Թաթուլ Մանասերյան

0
241

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների գնահատմամբ, 2022 թվականին դեպի Հայաստան ներդրումների լուրջ ներհոսք ենք ունեցել. միայն ՌԴ-ից դա 4 մլրդ դոլարից ավելի է եղել: Այս տվյալներն այսօր, «Սպուտնիկ Արմենի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, այսօր հրապարակվեց Եվրասիական փորձագիտական ակումբի թվով ութերորդ տնտեսագիտական հետազոտությունները՝ «Հայաստանի տնտեսությունը 2022թ. ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» թեմայով: Տնտեսագետը, սակայն, խնդիր է տեսնում, այդ գումարները Հայաստանի տնտեսության մեջ ինտեգրելու առումով:

ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմը, ինչի արդյունքում մոտ 300 հազար ռելոկանտների ներհոսք ենք ունեցել դեպի Հայաստան: Կառավարության առաջիկա խնդիրների շարքում, ըստ մասնագետի պետք է լինի հարցը՝ ի՞նչ ենք անելու, երբ ռելոկանտները վերադառնան, ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, ի վերջո, հաշտություն լինելու է: Նրա խոսքով, ռելոկանտների թիվը Հայաստանում 200-300 հազար է, որը մեր բնակչության 10 տոկոսն է. «Դրա արդյունքում մենք պաշտոնական տվյալներով տարին փակել ենք 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով: Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ: Դրանցից մեկը սպառողական գների աճն է, որը պետք է տարբերել գնաճից: Դա մոտ 500 ապրանքների միջինացված գինն է: Նաեւ չենք կարող չնկատել, որ հակառակ երկնիշ տնտեսական աճին ունեցանք աղքատության մակարդակի բարձրացում: Մյուս կարեւոր գործոնը հայկական դրամի արժեւորումն է, բավական կարեւոր է նաեւ, որ ոչ միայն 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է գրանցվել, այլեւ եթե համեմատենք ամսական կտրվածքով, օրինակ, դեկտեմբերը նոյեմբերի համեմատ 21,5 տոկոս աճ է գրանցվել, ինչը լուրջ ցուցանիշ է»:

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2022 թվականը փակել ենք 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, սակայն, գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է ընդամենը 0,4 տոկոսի աճ. «Այսինքն, նույնիսկ այդ պայմաններում Հայաստանից գյուղմթերքների արտահանումը երկնիշ թվով աճել է դեպի ԵԱՏՄ երկրներ: ԵԱՏՄ-ին անդամակցությունը բավական լուրջ հնարավորություն է ընձեռել մեզ: Եվ հատկապես պատրաստի արտադրանքն է արտահանվել: Ապրանքաշրջանառության ցուցանիշը մոտեցել է 100 տոկոսի ԵԱՏՄ շրջանակներում: Նման ցուցանիշն աննախադեպ է»:

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here