Միջտարածաշրջանային համագործակցությունն իբրև եվրասիական տնտեսական միության զարգացման կարևոր բաղկացուցիչ

0
300

Գրիգոր Բալասանյան

Երևանի պետական համալսարանի

միջազգային հարաբերությունների

և դիվանագիտության ամբիոնի դոցենտ,

Պատմական գիտությունների թեկնածու

 

Եվրասիական փորձագիտական ակումբի հրապարակային դասախոսությունների շարք «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով,

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ,

2023 թ. մայիսի 3, չորեքշաբթի

 

2024թ. մայիսի 29-ին լրանում է Եվրասիական այսպես կոչված «Մեծ պայմանագրի» ստորագրման 10 տարին։ Պայմանագիր, որը հսկայական նշանակություն ունի ԵԱՏՄ ձևավորման և զարգացման համար։ Այն ունի դրույթներ, բաժիններ և կոնկրետ հոդվածներ, որոնց հետևողական իրականացումը նշանակալի ազդեցություն կունենա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների վրա։ Այն ունի այսպես կոչված «4 ազատությունների» տրամաբանություն, այսինքն Միության անդամների միջև աշխատուժի, կապիտալի, ծառայությունների և ապրնքների տեղաշարժը պետք է լինի ազատ։ Սա նշանակում է, որ ստեղծվում են հնարավորություններ միջտարածաշրջանային համագործակցության համար ևս, որը պետք է ունենա համագործակցության մի քանի մակարդակ կամ բաղադրիչ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի հանրապետությունը ԵԱՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015թ. հունվարի 2-ին։

Միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հիմնական նպատակներից մեկը պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների միջև կապերի ամրապնդումը։ Ցանկացած ինտեգրացիոն միավոր կայանում է բացարձակապես մարդկային հարաբերությունների միջոցով, և այս հարցում Եվրասիական տնտեսական միությունը բացառություն չէ։ Մարդիկ պետք է իրենց ամենօրյա կյանքում զգան եվրասիական տնտեսական ինտեգրացիայի դրական կողմերը։ Միայն այդ դեպքում ինտեգրացիան կարելի է համարել լիարժեք կայացած։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունի հայկական Սփյուռքը, որը մեծ թվով ներկայացված է նաև ԵԱՏՄ անդամ երկրներում, առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունում։ Այս այսպես կոչված «4 ազատությունները» հնարավորություն են տալու կամ կարող են տալ հայկական Սփյուռքի՝ տվյալ մարզից սերող ներկայացուցիչներին իրենց ծննդավայրում ստեղծել արդյունաբերական ձեռնարկություններ և իրենց ֆինանսական միջոցները, հաստոցները անարգել տեղափոխել այդ նպատակին ծառայեցնելու համար։ Առհասարակ Սփյուռքի գործոնը միշտ էլ ոչ արդյունավետ է օգտագործվել պետության կողմից և կենտրոնական և մարզային մակարդակներում։ Բացի այդ Սփյուռքի ներկայացուցիչները պետք է կապող օղակ հանդիսանան իրենց ծննդավայրի և իրենց բնակության մարզի միջև՝ համատեղ ձեռնարկություններ հիմնելու, տուրիստական համատեղ փաթեթներ մշակելու, ցուցահանդես-էքսպոներ կազմակերպելու, ինչպես նաև իրենց ծննդավայրում արտադրվող ապրանքների իրացումն ապահովելու հարցում։ Մարզային իշխանությունները նույնպես իրենց հերթին լայնածավալ աշխատանք պետք է տանեն կոնկրետ ներդրումային ծրագրեր կազմելու, մարզերում առկա աշխատող և չաշխատող արդյունաբերական ձեռնարկությունները գույքագրելու, պոտենցիալ ներդրողների համար այսպես կոչված «Մեկ պատուհանի» սկզբունք ապահովելու և դրանով մարզն ավելի գրավիչ դարձնելու համար։ Դրա համար ԵԱՏՄ շրջանակներում բոլոր հնարավորությունները ստեղծված են և միայն նպատակային աշխատանք է պահանջվում այդ ամենը համակարգելու համար։ Ճիշտ է, որոշ դեպքերում Սփյուռքի ներկայացուցիչները աշխատանք տանում են, միջտարածաշրջանային և միջհամայնքային համագործակցության մասին կնքվում են պայմանագրեր, լինում են փոխայցեր, սակայն, ցավոք սրտի, այդ պայմանագրերի մեծ մասը ուղղակի մնում է թղթի վրա՝ դառնալով ժամկետանց։

Միջտարածաշրջանային համագործակցության հաջորդ մակարդակը համագործակցությունն է կրթության ոլորտում և այդ գործում իրենց ուրույն տեղը պետք է ունենան մարզային բուհերը կամ մայրաքաղաքային բուհերի տեղի մասնաճյուղերը։ Ուսանողական փոխայցեր, ամառային կամ ձմեռային դպրոցներ, համատեղ կրթական ծրագրերի, այդ թվում նաև մագիստրոսական ծրագրերի ներդրում, որն անկասկած կարող է նպաստել ոչ միայն մարզի հեղինակության բարձրացմանը, այլև տուրիստական այցերի ընդլայնմանը։ Սա հնարավորություն կտա նաև մարզի ուսանողներին անվճար սովորել ԵԱՏՄ անդամ պետությունների պետական բուհերում, կատարելագործվել և վերադառնալով՝ նպաստել սեփական ծննդավայրի զարգացմանը։

Խոսելով տուրիզմի մասին՝ անդրադառնամ ևս մեկ կարևոր խնդրի։ ԵԱՏՄ ստեղծումից ի վեր ՀՀ որոշ առողջարաններ և հանգստյան տներ ընդգրկվել են ռուսական խոշոր կորպորացիաների տուրիստական փաթեթների մեջ և նրանք իրենց աշխատակիցներին ուղեգրեր տրամադրելիս առաջարկում են նաև բելառուսական ու հայկական որոշ հանգստյան տների ուղեգրեր։ Սա մեծ նշանակություն կարող է ունենալ մասնավորապես Տավուշի մարզի և հատկապես Իջևան քաղաքի համար ևս, որն առայժմ դուրս է մնում խոշոր տուրիստական հոսքերից։ Սրանով պետք է զբաղվեն մարզային իշխանությունները՝ ստեղծելով պետություն-մասնավոր բիզնես-ԲՈՒՀ եռանկյունի։ Ի դեպ վերջինս մեծ դեր կարող է ունենալ հենց զբոսավար-մասնագետների պատրաստման գործում՝ ինքնաբերաբար ապահովելով նաև այդ ֆակուլտետում դասավանդող դասախոսների համար համապատասխան ծանրաբեռնվածություն։ Իսկ այդ հնարավորությունները Տավուշ աշխարհն անշուշտ ունի։

Եվս մեկ կարևոր ուղղություն, որին ցանկանում եմ անդրադառնալ։ Խոսքը անդրսահմանային համագործակցության մասին է։ Ճիշտ է, ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ, սակայն չի նշանակում, թե չի կարող օգտվել անդրսահմանային համագործակցության ընձեռած հնարավորություններից։ Մասնավորապես Տավուշի մարզը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և սահմանակից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների մարզերի միջև։ Քանի որ հասկանալի պատճառներով ադրբեջանական սահմանակից շրջանների հետ բացակայում է որևէ համագործակցություն, շեշտը պետք է դրվի սահմանակից վրացական շրջանների հետ համագործակցության վրա։ Այստեղ ևս մեծ աշխատանք ունեն կատարելու մարզային իշխանությունները։ Հնարավորություն կա Տավուշի մարզում ստեղծել հայ-վրացական համատեղ կապիտալով ձեռնարկություններ և «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ պատրաստի արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա։ Հաշվի առնելով Մառնեուլիի շրջանի հիմնականում այգեգործական ուղղվածությունը, նման համատեղ արտադրություն կարելի է կազմակերպել սահմանակից Նոյեմբերյանի շրջանում՝ օգտագործելով Այրումի պահածոների գործարանի արտադրական հնարավորութունները։ Վստահ ենք, որ այս հարցը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն վրացական կողմի մոտ, այլև հնարավորություն կտա և տարածաշրջանում զարգացնել պտղաբուծությունը՝ հիմնելով նոր այգիներ, և ստեղծել նոր աշխատատեղեր Նոյեմբերյանի սահմանամերձ համայնքներում։

Եվս մեկ դիտարկում։ «Տարածաշրջանային հետազոտությունների և համագործակցության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի հանրապետության ազգաբնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների կեսից ավելին, դիցուկ 56%-ը դրական և ավելի շուտ դրական կարծիք ունի Եվրասիական ինտեգրացիայի մասին։ Իսկ հարցին, թե որ ուղղություններով պետք է լինի ԵԱՏՄ-ում ՀՀ հետագա ինտեգրացիան, հարցվածների 36%-ը պատասխանել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Սա կարծում ենք ևս խոսում է այն մասին, որ միջտարածաշրջանային համագործակցության ուղղությունն ընդունելի է նաև ՀՀ քաղաքացիների համար։

ԵԱՏՄ-ն տալիս է հնարավորություններ զարգացման համար։ Մնում է միայն ճիշտ օգտվել այդ հնարավորություններից։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here