Հայաստանում պետք է իշխի այն գիտակցությունը, որ չպետք է արվեն քայլեր, որոնք կվտանգեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հիմնարար բնույթը․ Արամ Սաֆարյան

0
195

Եվրասիական փորձագիտական ակումբի հետազոտությունները անցած 9 տարիների ընթացքում աներկբա վկայում են այն մասին, որ Հայաստանը ճիշտ է արել՝ 2015 թ. անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Նման կարծիք «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում հրապարակային դասախոսությունների ժամանակ հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

«Անցած 9 տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ աճել է ավելի քան 10 անգամ: Մեր արտաքին առևտրի այդ ուղղությանն է այսօր բաժին ընկնում արտահանման 31% և ներկրման 41%: Ռուսաստանը Հայաստանից արտահանվող պատրաստի արտադրանքի սպառման գլխավոր շուկան է»,- նկատեց նա:

Սաֆարյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է: «Ռուսական ներդրումների ամբողջական փաթեթը անցյալ տարվա վերջի տվյալներով կազմում է 2 մլրդ. դոլար: Ռուսաստանը Հայաստանում խոշորագույն տնտեսավարողն է: Ռուսական ուղիղ տրանսֆերտները մեծագույն մասն են կազմում Հայաստան ուղղված բոլոր տրանֆերտների: Ռուսաստանյան Դաշնությունը հայ միգրանտների համար շարունակում է մնալ ամենագրավիչ աշխատանքային շուկան և այս միտումը նույնպես տեսանելի հեռանկարում պահպանվելու է»,- նկատեց նա:

Սաֆարյանը նաև նշեց, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները կազմում են Հայաստան եկող արտասահմանյան զբոսաշրջիկների ամենամեծ խումբը: «Զբոսաշրջությունը գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում մեր տնտեսական և սոցիալական իրողություններում: Այս ամենը գալիս է ընդգծելու այն ճշմարտությունը, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական զարգացման համար, ինչպես նաև մեր երկրի անվտանգության և կայունության ամրապնդման տեսանկյունից: Իր հերթին սրանից բխում է, որ Հայաստանում պետք է իշխի այն գիտակցությունը, որ չպետք է արվեն քայլեր, որոնք կվտանգեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հիմնարար բնույթը: Հայաստանը պետք է ելնի այն դրույթից, որ մեր երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային գործընացները պետք է վարվեն այնպես, որ դրանք չվնասեն Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, այլ փոխլրացման սկզբունքով հավասարակշռեն և բալանսավորեն մեր պետական քաղաքականությունը, դրանով նպաստելով մեր փխրուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,ճ ընդգծեց Սաֆարյանը:

Նա նշեց, որ 2022թ. աննախադեպ տնտեսական հաջողության տարի էր Հայաստանի համար: Տնտեսական ակտիվության աճի 14%-անոց մակարդակի պայմաններում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12%-ով: Սա աշխարհի մաշտաբով խոշոր տնտեսական նվաճում է: 2023թ. անցյալ տարվա հաջող զարգացումների մի մասը կարող է շարունակվել, սակայն պետք է նկատի ունենալ, որ այս տարին (ըստ միջազգային խոշորագույն վարկանիշային կազմակերպությունների կանխատեսումների) կարող է լինել տնտեսական աճի էական դանդաղեցման և նույնիսկ ռեցեսիայի տարի:

Նա նշեց, որ ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների գլոբալ և տարածաշրջանային գործընթացների իրականացվող մշտադիտարկման արդյունքների՝ բարենպաստ քաղաքական զարգացումների արդյունքում, նույնիսկ տնտեսության համար գլոբալ անբարենպաստ իրողությունների պայմաններում, այս տարի ևս կարող են արձանագրվել տնտեսական հաջողություններ: Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, վարկանիշային այլ հեղինակավոր կազմակերպություններ կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4 կամ մի փոքր ավելի տոկոս: Մենք կարծոմ ենք, որ դա վերջնական սահման չէ և նպաստավոր միտումների շարունակականության պարագայում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կարող է աճել 5, նույնիսկ 6%-ով: «Դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն վարել պետական մեքենայի կատարելագործմանն ու ամրապնդմանն ուղղված քայլեր, ճկուն տնտեսական քաղաքականություն և ամենասերտ կերպով համագործակցել ինչպես բիզնես ոլորտի, այնպես էլ փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ»,- նկատեց Սաֆարյանը:

Նա բաև նշեց, որ արդեն երրորդ տարին է մենք արձանագրում ենք, որ էապես աճում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Ղազախստանի և Բելառուսի հետ մեր բազմաբնույթ տնտեսական կապերը:

Միևնոիյն ժամանակ Սաֆարյանը ափսոսանքով արձանագրեց, որ Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը հայ-ռուսական համագործակցության և փոխգործակցության մեջ սպասված մակարդակը չունի: «Այնինչ Ռուսաստանի հայ համայնքը կարող էր շատ ծանրակշիռ փաստարկ լինել այսօրվա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործընթացներում, նպաստելով Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու զարգացմանը»,- նկատեց նա:

Ամփոփելով փորձագետը նշեց, որ ելնելով տնտեսական իրողություններից, Եվրասիական ձորձագիտական ակումբը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին վարել քաղաքական պայքարը այնպես, որ դա բացասաբար չազդի տնտեսական համագործակցության որակի վրա: «Մենք համոզված ենք, որ մոտակա տարիների տնտեսական իրողությունները թելադրելու են ամրապնդել կապերը Ռուսաստանի Դաշնության և ետխորհրդային տարածքի մյուս գործընկերների հետ: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և նախկինում, այժմ և ապագայում էլ պետք է ամենակառուցողական և շահագրգռված մասնակցությունը ունենա այդ գործընթացին, նպատակ ունենալով բարելավել Հայաստանի բնակչության սոցիալական և տնտեսական վիճակը: Մենք կարծում ենք նաև, որ կարևորագույն ուղղություններից մեկը մեր երկրի բնակչության տարբեր տարիքային խմբերի աշխարհայացքի և առաջնահերթությունների միջև խզում թույլ չտալն է: Պետք է գտնվեն միջոցներ և հնարավորություններ երիտասարդ սերնդին հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ավանդույթների ոգին փոխանցելու և եվրասիական ինտեգրման գործընթացի հանդեպ մեր հասարակության, այդ թվում երիտասարդության, շահագրգիռ մասնակցությունը ապահովելու համար: Դրա համար էլ, Եվրասիական փորձագիտական ակումբը հրապարակային դասախոսությունների շարք է կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում: Մեր առաջին հանգրվանը հյուրընկալ Իջևանն է, որի համալսարանականներին մենք հղում ենք մեր ողջույնը և բարեմաղթանքը»,- եզրափակեց Սաֆարյանը:

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here