Նոր Հայաստանը նոր ընտրության առջեւ

0
373

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Իմ գործընկերները Երեւանում եւ Մոսկվայում ինձ խնդրել են մի վերլուծական հոդված գրելգնահատելով այն նոր իրողություններըորոնց բախվում է Հայաստանն իր անվտանգության նոր ճարտարապետությունը ստեղծելու ճանապարհինՍտորեւ ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում իմ դատողությունները այս կապակցությամբՓորձել եմ նվազագույն քարոզչական հնարքներով (դրանցից խուսափելու մղումովառավելագույնս գործի դնել վերլուծաբանի գործիքակազմըմիաժամանակ հրավիրելով վերլուծական հանրությունը կառուցողական բանավեճ ծավալելուառանց քաղաքական բեւեռների շահերին դիպչելուառանց միմյանց վիրավորելու եւ առանց ատելության ու փոխադարձ անհանդուրժողականության վիհը գլորվելու:

Հայաստանը Արցախի անկումից հետո

Սցենար առաջին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումը եւ արցախահայության տեղահանությունն ու վերաբնակեցումը Հայաստանում ստեղծեց նոր վիճակ Հայաստանի համար: Լեռնային Ղարաբաղի գործոնը դադարեց գլխավորը լինելուց հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-ռուսական եւ բոլոր մյուս հարաբերություններում: Ազնիվ լինելու մղումով պետք է ընդունենք, որ արցախահայությանը հիմա հանգիստ թողնել է պետք, նրան օգնել առավելագույն չափով, ինտեգրել հայաստանյան իրականության մեջ եւ պայմաններ ստեղծել նոր պայմաններում հարմարվելու եւ ստեղծագործ գործունեությամբ զբաղվելու համար: Երբ ժամանակին հարցնում էին, թե  ի՞նչ է Հայաստանն առանց Արցախի, մենք, Երեւանում նստած, զարմանում էինք, թե դա ի՞նչ անիմաստ հարց է: Հիմա, մենք հասկանում ենք, որ նոր Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ պետք է նորովի գնահատի իր տեղն ու դերը նոր իրողություններում, փորձի հեռու մնալ նոր կորուստներից, փորձի միաժամանակ եւ՛ չդիմադրել տարածաշրջանային ինտեգրման փորձերին եւ՛ կարողանալ հեռու մնալ ու գերի չդառնալ իրեն պասիվ խաղալիք դարձնելու հեռանկարից:

Հայաստանի մերօրյա իշխանությունը արեւմտամետ է եւ պոպուլիստական: Ինչպես Եվրոպայի բոլոր պոպուլիստական կառավարությունները, մեր իշխանավորներն էլ փորձում են անել հրապարակային այնպիսի քայլեր, որոնք հաճելի են բնակչության մեծամասնության քիմքին եւ ականջին: Ընդ որում, վերջին հինգ տարում այդպես էլ չքննարկվեց այն հարցը, թե ի՞նչ կառուցողական ներուժ ունի մեր այդ մեծամասնությունը: Այս վիճակը կարող է երկար շարունակվել: Պետք է հասկանալ նաեւ, որ արցախահայերի տեղահանությունից եւ Հայաստանում հաստատվելուց հետո նրանց մեծամասնության վերաբերմունքը օրվա իշխանության հանդեպ միանգամայն դրական է եւ էական օգուտների սպասող: Այս պայմաններում վերլուծական հանրությանը անհրաժեշտ է մտածել այնպիսի լուծումներ գտնել, որոնք տեսականորեն կարող են ընդունելի լինել հայ հասարակության ճնշող մեծամասնության համար եւ ճեղքեր չառաջացնել հասարակական տրամադրութուններում: Քննարկման են ներկայացնում երեք սցենար, որոնք հնարավոր են Հայաստանի համար տարածաշրջանում քիչ թե շատ ինքնուրույն դերակատարություն ունեցող պետություն մնալու համար: Այս սցենարները արժե քննարկել, որովհետեւ վաղ թե ուշ դրանք իրենց ողջ սրությամբ հառնելու են մեր առջեւ եւ ստիպելու են մեզ բանական եւ ռացիոնալ արձագանք տալ:

Սցենարներ Հայաստանի համար

Հայաստանը այս կառավարության օրոք էլ ավելի է թուլացնում համագործակցությունը Ռուսաստանի հետ եւ շարժվում է դեպի Արեւմուտք: Այդ դեպքում, ինչպես համոզում են արեւմտամետ փորձագետները, իշխանությունները պատրաստում են ժողովրդին դիմակայելու տնտեսական եւ քաղաքական դժվարությունների: Շատ փորձագետներ են վերջերս նշել, որ անհնար է անտեսել մի քանի շատ կարեւոր իրողություններ: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է:

Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ամենամեծ արտահանումը եւ ամենամեծ ներկրումը: Ռուսաստանը Հայաստանի պատրաստի արտադրանքի ամենամեծ շուկան է: Ռուսաստանը Հայաստան առաքվող ամենամեծ տրանսֆերտների երկիրն է: Ռուսաստանը շարունակում է լինել հայկական սեզոնային աշխատուժի ամենամեծ շուկան: Ռուսական զբոսաշրջիկները մեր զբոսաշրջային շուկայի արդեն ուղիղ կեսն են ապահովում: Ռուսաստանը Հայաստանում խոշորագույն տնտեսավարողն է եւ շարունակում է մնալ խոշորագույն ներդրողը: Հարաբերությունները էապես վատացնելու եւ ռազմաքաղաքական դաշինքը քանդելու դեպքում պետք է պատրաստ լինել, որ այդ իրողությունները կարող են շեշտակիորեն փոխվել: Հայաստանի քաղաքական անվտանգությունը պետք է որ պաշտպաներ Ռուսաստանն իբրեւ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության երաշխավոր եւ  ՀԱՊԿ-ը՝ որպես միջուկային անվտանգությունն ապահովող հովանոց: Հրաժարվելով այդ ծառայություններից, Հայաստանը կարող է մի փորձ կատարել լինելու ամբողջովին չեզոք երկիր, որի անվտանգային ու պաշտպանական պոտենցիալը բացարձակապես չի խանգարում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային: Հեռանալով Ռուսաստանից, Հայաստանը կարող է ընկնել թուրք-ադրբեջանական տանդեմի գիրկը եւ այդ դեպքում պետք է պատրաստ լինել ունենալ այնպիսի քաղաքական եւ հասարակական համակարգ, որը հիմնովին ածանցյալ կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բովանդակությունից: Հայաստանը կարող է փորձել իր ծառայությունները հրամցնել Եվրոպական Միությանը, որը վայելում է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը եւ ազդեցությունը, բայց այդ դեպքում պետք է հասկանալ, որ լարվածությունը թե՛ Իրանի եւ թե՛ Թուրքիայի հետ հարաբերություններում այդ դեպքում ոչ թե կպակասի, այլ կավելանա: Չեզոք Հայաստանի գաղափարը որքան էլ թվա գրավիչ, լոկ ժամանակավոր է, ինչպես Ուկրաինայում մինչեւ 2014թ. եւ մի քանի տարի Ռուսաստանի համար չեզոքության պատրանք ստեղծելու փորձերին վաղ թե ուշ հաջորդելու են Արեւմուտքի ճնշմամբ դեպի Արեւմուտք առավելագույնս ինտեգրվելու հեռանկարով: Լարվածությունը հատկապես Իրանի հետ կհասնի առավելագույնի, իսկ Ռուսաստանը, զգալով, որ իր լծակները նվազում են Հարավային Կովկասում, խիստ բացասական կեցվածք կունենա Հայաստանի նկատմամբ, դրանից բխող ուղղակի անկանխատեսելի հետեւանքներով:

Սցենար երկրորդ: Հայաստանը գնում է ոչ թե չեզոքության ճանապարհով, այլ ուղղակի հռչակում է արեւմտամետ քաղաքականության հիմքը: Հայաստանը Արեւմուտքի ֆինանսական եւ քաղաքական աջակցության պայմաններում հեռանում է Ռուսաստանից, աստիճանաբար նվազեցում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, քայլեր է անում Թուրքիայի (նրա հետ նաեւ Ադրբեջանի) հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ եւ օրակարգ է մտցնում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարը: Այդ դեպքում հայկական հասարակությունը սկսում է քննարկել Եվրոպական Միությանը անդամակցելու հեռանկարը, ինչպես դա արել են Վրաստանում վերջին քսան տարում: Նույնիսկ Ուկրաինայի ՆԱՏՕ եւ ԵՄ ընդունելու հեռանկարից հետո էլ (որը հայտնի չէ, թե երբ է լինելու) Վրաստանի նման Հայաստանում էլ սպասելու են անդամության թեկնածու եւ հետո էլ լիակատար անդամ լինելու որոշումներին: Այդ ճանապարհին շատ արագ վատթարանալու են հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ: Այդ ճանապարհին պետք է պատրաստ լինել թուրքական տնտեսական, իսկ հետո անպայմանորեն նաեւ քաղաքական էքսպանսիային: Այդ ճանապարհին հայկական հասարակությանը ամեն դեպքում սպասելու է նոր ցնցումների եւ փորձությունների:
Սցենար երրորդ: Հասկանալով, որ Հարավային Կովկասում, որ վաղուց արդեն առկա է ոչ թե միայն Ռուսաստանի գերակայությունը, այլ ստեղծվել են նոր իրողություններ, որոնք դեռ պետք է խորությամբ հասկանա մեր հայրենի քաղաքագիտական եւ տնտեսագիտական միտքը, Հայաստանը շատ զգույշ քայլեր է անում առավելագույն ճկունություն ապահովելու համար, չհակադրվելով ո՛չ ռուսական շահերին եւ ազդեցությանը, եւ ո՛չ էլ խանգարելով Թուրքիային ծավալվելու դեպի թյուրքական աշխարհ: Այս, առաջին հայացքից անհնար թվացող քաղաքականությանը Հայաստանը կարող է հասնել թափանցիկ ու հասկանալի ներքին քաղաքականություն վարելով, հանրային համերաշխության մթնոլորտ վերջապես ձեւավորելով եւ տարածաշրջանով շահագրգռված բոլոր բեւեռների հետ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ԵՄ, ԱՄՆ, մոտ ապագայում՝ նաեւ Չինաստան) կառուցողական եւ առարկայական երկխոսություն ու համագործակցություն ծավալելու միջոցով: Այս երրորդ սցենարի դեպքում Հայաստանը չի անում ոչ մի արմատական, կոպիտ քայլ իր արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանը հավատարիմ է մնում իր վերջին 30 տարում ձեւավորված քաղաքական դաշինքներին ու կողմնորոշումներին եւ միաժամանակ բաց, թափանցիկ եւ գործընկերային հարաբերություններ է հաստատում տարածաշրջանով շահագրգռված բոլոր դերակատարների հետ: Բավական է շանտաժով վախեցնել Հայաստանին ազգակործան հեռանկարներից այն դեպքում, երբ բոլոր ճանապարհները կվերագործարկվեն եւ Հարավային Կովկասը կդառնա բանուկ միջանցք Հյուսիս-Հարավ եւ Արեւմուտք-Արեւելք առանցքները սպասարկելու համար:

Վերոհիշյալ սցենարների բարդությունները

Ո՞վ է ասել, որ արեւմտյան աշխարհը կփոխհատուցի Հայաստանին այն վնասները, որոնք կառաջանան Ռուսաստանի՝ Հարավային Կովկասից դուրս մղելու հետեւանքում: Ո՞վ է տվել նման երաշխիքներ: Եթե նման երաշխիքներ կան, ինչո՞ւ են այդ մասին լռում: Պատկերացնո՞ւմ ենք մենք արդյոք, որ Հարավային Կովկասը կարող է անվտանգ եւ զարգացման սպասող տարածաշրջան դառնալ առանց տարածաշրջանի գլխավոր մեծ տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցության: Պատկերացնո՞ւմ ենք արդյոք մենք պատշաճ խորությամբ, թե ի՞նչն է համախմբում մեր տարածաշրջանի հարցում Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին: Այն կոնսենսուսը, որը կարծես ձեւավորվում է վերջին տարիներին «3+3» ձեւաչաթով, այս պահին եւ տեսանելի հեռանկարում նշանակում է փորձ տարածաշրջանի հարցերը տարածաշրջանի պետությունների ուժերով լուծելու համար: Իր թշնամի Իրանին եւ իր դաշնակից Թուրքիային թուլացնելու նպատակով Արեւմուտքը կուզենար, որ Վրաստանից հետո նաեւ Հայաստանը ապավիներ գլխավորապես իրեն:

Բայց մի բան է լոկ երկխոսությունը եւ բոլորովին այլ բան իրատեսական քաղաքականությունը: Չանել արմատական քայլեր, խուսափել մեծ երկրների արանքն ընկնելուց: Չդառնալ կույր գործիք, որով կարող են վնասել տարածաշրջանի երկրների շահերը: Վերացնել բեկումը հայրենական բիզնեսի եւ հայրենական քաղաքական դաշտի միջեւ: Այլեւս ոչինչ Հայաստանին չի խանգարում վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որի գերակա խնդիրը արդյունաբերության, գյուղատնտեսության եւ սպասարկման ոլորտի առաջանցիկ զարգացումը կլինի: Չզոհաբերել հայկական ազգային բիզնեսի շահերը հանուն քաղաքական եթերային ու դեռեւս չապացուցված նպատակների, այլ դառնալ հայ հասարակության իսկական առաջնորդ, որի հետ կուզենան գործընկերային հարաբերություններ հաստատել: Չվախենալ հայկական Սփյուռքի հետ լայնածավալ համագործակցությունից: Ամրապնդել փոքրիկ Հայաստանը որպես աշխարհի հայության կենտրոն: Դարձնել մեր երկիրը մի գրավիչ տարածք, որտեղ կարող են ներդաշնակվել տարածաշրջանով հետաքրքրված ուժերի ու պետությունների շահերը: Բավական է մարդկանց տեսակավորել ըստ հների ու նորերի: Հայաստանի հանրությունը պետք է վերջապես ի վիճակի լինի մարդկանց գնահատելու ըստ իրենց արժանիքների, հնարավորությունների եւ կարողությունների: Ամբողջ աշխարհում հայերը այսօր երազում են համերաշխ ու կառուցողական հայաստանյան հասարակություն ունենալու մասին: Համահայկական ներուժը ծառայեցնել Հայաստանի նպատակներին, այլ ոչ թե խաղալիք դառնալ շատ կասկածելի եւ անկանխատեսելի քաղաքական վայրիվերումների համար: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա երկար ժամանակ է պետք, մինչեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալանան: Նոր Հայաստանը շատ գրավիչ տարածք է դարձել տարածաշրջանային խաղացողների ազդեցությունը տարածելու համար: Այս վիճակից պետք չէ վախենալ: Նոր իրողությունները կարող են ուժեղանալու եւ լիարժեք զարգանալու համար նոր հնարավորություններ բացել:

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here