Նույնիսկ այս աննախադեպ հաջողությունների պայմաններում ՀՀ տնտեսական ներուժը բոլորովին էլ սպառված չէ. Սաֆարյան

0
77

ԵԱՏՄ-ն Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է և նրան է բաժին ընկնում մեր արտաքին առևտրատնտեսական գործունեության կեսից ավելին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, ախորդ տարվա համեմատ, այս տարի այդ ուղղությամբ մեր ապրանքաշրջանառության աճը կազմել է ավելի քան 40%: Նա ընդգծեց, որ իրենց փորձագիտական ակումբի կանխատեսումները՝ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման պայմաններում ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության կարևորագույն վեկտորի դերի աճի մասով արդարացել են, և բոլոր հիմքերը կան սպասելու առևտրատնտեսական համագործակցության հետագա ծավալների աճ նաև 2024թ-ին և 2025թ. առաջին կեսին:

«Մենք հիմքեր ունենք պնդելու, որ նույնիսկ այս աննախադեպ հաջողությունների պայմաններում Հայաստանի տնտեսական ներուժը բոլորովին էլ սպառված չէ: Էական ներդրումների և տնտեսական շարունակական բարեփոխումների պայմաններում հարկ է ակնկալել, որ առևտրատնտեսական համագործակցության ծավալները Ռուսաստանի հետ գնալով կարող են աճել, իսկ Հայաստանում նշանակալից չափերով կշարունակի ավելանալ համախառն ներքին արդյունքը»,- ասաց բանախոսը:

Ըստ Սաֆարյանի, վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի տպավորիչ տեմպը ունի երկու բաղադրիչ: Նախ, սեփական արտադրության ապրանքների առևտուրն է, ինչպես նաև վերաարտահանումը: Բանախոսը շեշտեց, որ այժմ պետք է մտածել տնտեսական այնպիսի քաղաքականություն որդեգրելու մասին, որը հնարավորություն կտա տնտեսական աճ ապահովել նույնիսկ այն դեպքում, երբ վերարտահանման տեմպերը նվազեն կամ զրոյանան։ «Սա մի լավ հնարավորություն է փորձարկելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային լոգիստիկ առանցքի լիարժեք գործարկման հնարավորությունը և դրա կարևորությունը Հայաստանի համար»,- ընդգծեց բանախոսը:

Հիշեցնելով, որ Հայաստանը հայտարարել է «Խաղաղության խաչմերուկ» դառնալու իր պատրաստակամության մասին, Արամ Սաֆարյանն ասաց, որ անվիճելի է, որ մեր տարածաշրջանի գործընթացները իրականում տանում են դեպի Արևմուտք-Արևելք ռազմավարական տրանսպորտային առանցքի զարգացում: Ըստ այդմ, շատ կարևոր է, որ այս պայմաններում Հայաստանը չմերժի նաև Հյուսիս-Հարավ առանցքի զարգացմանն ըստ ամենայնի մասնակցելու հնարավորությունը, դրանով հավասարակշռելով մեր ազգային տնտեսության վրա տարածաշրջանի տարբեր կողմերից եկող ուժեղացող ազդակները:

«Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի հաջող մասնակցությունը, հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացումը և խորացումը, եվրասիական ֆինանսական կառույցների կողմից ցուցաբերվելիք աջակցությունը կարևորագույն և ծանրակշիռ փաստարկներ են հայ-ռուսական բազմակողմանի կապերը պահպանելու, զարգացնելու և ամրապնդելու համար»,- վստահ է նա:

Բանախոսն ասաց նաև, որ Հայաստանի տնտեսական զարգացման առանցքը վերջին տարիներին գլխավորապես կազմել է ՀՀ առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի և միության մյուս երկրների հետ և շատ կարևոր է, որ վերջին երկու տարիներինն ձեռք բերված դինամիկան հնարավոր լինի պահպանել տեսանելի հեռանկարում:

Mediahub.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here