ՀՀ- դարձել է առաջատարը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում վենչուրային ներդրումների ներգրավման գծով. Սաֆարյան

0
47

2023թ. Հայաստանի տնտեսությունը ցույց է տվել զարգացման շատ բարձր տեմպեր: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ԵԱՏՄ-ում առաջատարն է երկրների տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշների գծով: Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության աճ 9,4%-ով: Համախառն ներքին արդյունքը աճել է 8,5%-ով: Այս մասին, ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ տնտեսական հետազոտությունը «2023թ. Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում»  մամուլի ասուլիսում, հայտնել է ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մեծ տարածաշրջանում բացարձակ առաջատար վենչուրային ներդրումների ներգրավման գծով: Տարվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալը աճել է 4,1%-ով, շինարարության ծավալները մեծացել են 14,8%-ով: Ներքին առեւտրի շրջանառությունը աճել է 25,7%: Ծառայությունների ոլորտի ծավալը աճել է 10,3%: Կարեւոր է նշել, որ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը կրճատվել է 0,3%-ով եւ դա՝ այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները շարունակում են աճել: Ակնհայտ է, որ հարկավոր են պետության աջակցության լրացուցիչ միջոցներ, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսությունը դրվի կայուն, առաջանցիկ զարգացման ուղու վրա:

Նշանակալից ծավալներով մեծացել են մեր երկրի արտահանումն ու ներկրումը: Նշանակալից չափերով մեծացել է Հայաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը: Արտահանումը աճել է 55,3%-ով: Ներկրումն աճել է 40,2%-ով: Վերջին երկու տարում Հայաստանի արտահանումն աճել է 2,8 անգամ, իսկ ներկրումն աճել է 2,3 անգամ:

Ռուսաստանը շարունակում է լինել Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: ԵԱՏՄ-ն հստակորեն առաջատարի դերում է մեր երկրի արտաքին առեւտրական գործընկերների ցուցակում: Ռուսաստանին է բաժին ընկնում հայկական արտահանման 40,6%: Եթե մինչեւ 2020թ. մեր երկրի արտահանման գլխավոր ապրանքը կոնյակն էր, ապա այժմ արտահանումը շատ ավելի դիվերսիֆիկացված է: Հետաքրքիր է, որ Հայաստանի արտահանման 34,4% այս տարի բաժին է ընկել Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Հոնկոնգին: Վերջին երկու տարում տեղի է ունեցել այդ երկու ուղղությամբ արտահանման 35-անգամյա աճ: Սա հնարավոր է դարձել Ռուսաստանից ոսկու եւ թանկարժեք քարերի վերարտահանման հաշվին: Դեպի Ռուսաստան արտահանվում է գլխավորապես պատրաստի արտադրանք, որը արտադրված է մեր երկրում: Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում կառավարության եւ բիզնես հատվածի համատեղ ջանքերով իրականացվեն միջոցառումներ արդյունաբերական ներուժի հզորացման ուղղությամբ, ինչը կողմնորոշված կլինի դեպի արտահանում, առաջին հերթին ԵԱՏՄ ուղղությամբ: Անցյալ տնտեսական տարին ցույց տվեց, որ արտաքին առեւտրական շրջանառության տպավորիչ աճը մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան հեռախոսների, ավտոմեքենաների, տեխնիկայի եւ սարքավորումների եւ վերաարտահանմամբ, եւ հետո միայն քիմիական արտադրանքի, պլասմասաների, ապակու, ագրոարդյունաբերական արտադրանքի և հայկական արտադրության այլ ապրանքների արտահանմամբ: Հասկանալի է, որ սա արդյունք է գլոբալ անկայուն քաղաքական-տնտեսական վիճակի եւ սրա հետ հույս կապել երկարաժամկետ կտրվածքով չարժե: Սակայն կան ռուսական և արևմտյան փորձագիտական եզրակացություններ այն մասին, որ միջնաժամկետ հեռանկարում գլոբալ Արևմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները չեն փոխվելու և մոտակա 2-3 տարին առկա իրավիճակը կպահպանվի: Դա մի ժամանակ է, որ հայկական բիզնեսը, մի կողմից, հարմարվի առկա գլոբալ եւ տարածաշրջանային իրողություններին, իսկ մյուս կողմից, օգտագործի այդ հնարավորությունը սեփական արտահանման ներուժի մեծացման համար, առաջին հերթին, պատրաստի արտադրանքի արտադրության:

Սաֆարյանի կանխատեսմամբ՝ Հայկական տնտեսությունը, հույս դնելով սեփական արտահանման ներուժը զարգացնելու վրա, մեծացնելով զբոսաշրջությունը եւ այլ ոլորտներ ու գործոններ, կարող է արձանագրել 2024թ. 7% եւ ավելի աճ: Մեր՝ Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները, անում են զգույշ, բայց հիմնավորված հաշվարկ, որ եթե բարեհաճ միտումները մեր տնտեսության համար պահպանվեն տարվա ընթացքում, ապա տնտեսական ակտիվության եւ համախառն ներքին արդյունքի աճը կշարունակի ցույց տալ դինամիկ զարգացում:

Սաֆարյանի կանխատեսմամբ՝ Հայաստան ուղարկվող ուղիղ տրանսֆերտների 67% 2023թ. եղել է Ռուսաստանից եւ միայն 12% ԱՄՆ-ից: Միաժամանակ կարեւոր է հասկանալ, որ անցած տարվա երկրորդ կեսին մուտք գործող տրանսֆերտների ծավալը շեշտակիորեն պակասել է եւ դա թույլ է տալիս կանխատեսում անել այն մասին, որ 2024թ. տրանսֆերտների ծավալը կարող է նվազել մինչեւ 15%:

Շատ դինամիկ զարգացում է ապրում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը: 2,3 մլն արտասահմանյան զբոսաշրջիկների 50% Ռուսաստանի քաղաքացիներ են: Պետք է նշել, որ 2024թ. զբոսաշրջության ծավալները կարող են էլ ավելի մեծանալ: Զբոսաշրջիկների զանգվածային հոսքի նոր ուղղություններ են յուրացվում Հնդկաստանից, Չինաստանից, Ֆիլիպիններից, Հարավային Կորեայից եւ Մեծ Եվրասիայի որոշ այլ երկրներից:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here