ՀՀ-ն 2-րդ տարին անընդմեջ ԵԱՏՄ-ում առաջատարն է երկրի տնտեսական զարգացման ցուցանիշների գծով

0
57

Եվրասիական փորձագիտական ակումբը տասներորդ անգամ անընդմեջ ամենամյա տնտեսագիտական հետազոտություն է իրականացրել Հայաստանի տնտեսության վիճակի մասին ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում:

«Հայաստանի տնտեսությունը 2023թ. ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելով  հետազոտությունը, Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ 2024թ. լրանում է Եվրասիական տնտեսական միության հիմնադրման տասնամյակը: Այս տարի Հայաստանը նախագահում է այդ ինտեգրացիոն միավորումում և հայկական հասարակությունը (ինչպես հասարակական-քաղաքական դաշտը, այնպես էլ մեդիա տարածքը) հետաքրքրությամբ հետևում են վերոհիշյալ կառույցում մեր երկրի անդամությանը:

“Միանգամից նշենք, որ մեր առաջատար մասնագետների (պրոֆ. Թաթուլ Մանասերյանի և պրոֆ. Աշոտ Թավադյանի) կանխատեսումները տնտեսական ակտվության ցուցանիշի աճի մասին վերջին երկու տարում արդարացել են ամբողջովին և դա օգնում է մեզ շարունակել մեր հետազոտությունները և կանխատեսումներ անել մեր երկրի օգուտների և շահի մասին եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցությունից”,- ասաց նա:

Նա նշեց, որ 2023թ. Հայաստանի տնտեսությունը ցույց է տվել զարգացման շատ բարձր տեմպեր: Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ԵԱՏՄ-ում առաջատարն է երեկրի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշների գծով:

“Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության աճ 9,4%-ով: Համախառն ներքին արդյունքը աճել է 8,5%-ով: Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մեծ տարածաշրջանում բացարձակ առաջատար վենչուրային ներդրումների ներգրավվման գծով: Տարվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալը աճել է 4,1%-ով, շինարարության ծավալները մեծացել են 14,8%-ով: Ներքին առևտրի շրջանառությունը աճել է 25,7%: Ծառայությունների ոլորտի ծավալը աճել է 10,3%: Կարևոր է նշել, որ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը կրճատվել է 0,3%-ով և դա այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները շարունակում են աճել: Ակնհայտ է, որ հարկավոր են պետության աջակցության լրացուցիչ միջոցներ, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսությունը դրվի կայուն, առաջանցիկ զարգացման ուղու վրա”,- ասաց Սաֆարյանը:

Նշանակալից ծավալներով մեծացել են մեր երկրի արտահանումն ու ներկրումը: Նշանակալից չափերով մեծացել է Հայաստանի արտաքին առևտրական շրջանառությունը: Արտահանումը աճել է 55,3%-ով: Ներկրումն աճել է 40,2%-ով: Վերջին երկու տարում Հայաստանի արտահանումն աճել է 2,8 անգամ, իսկ ներկրումն աճել է 2,3 անգամ, թվարկեց Սաֆարյանը:

“Ռուսաստանը շարունակում է լինել Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: ԵԱՏՄ-ն հստակորեն առաջատարի դերում է մեր երկրի արտաքին առևտրական գործընկերների ցուցակում: Ռուսաստանին է բաժին ընկնում հայկական արտահանման 40,6%: Եթե մինչև 2020թ. մեր երկրի արտահանման գլխավոր ապրանքը կոնյակն էր, ապա այժմ արտահանումը շատ ավելի դիվերսիֆիկացված է: Հետաքրքիր է, որ Հայաստանի արտահանման 34,4% այս տարի բաժին է ընկել Արաբական միացյալ էմիրություններին և Հոնկոնգին: Վերջին երկու տարում տեղի է ունեցել այդ երկու ուղղությամբ արտահանման 35-անգամյա աճ: Սա հնարավոր է դարձել Ռուսաստանից ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման հաշվին: Դեպի Ռուսաստան արտահանվում է գլխավորապես պատրաստի արտադրանք, որը արտադրված է մեր երկրում: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում կառավարության և բիզնես հատվածի համատեղ ջանքերով իրականացվեն միջոցառումներ արդյունաբերական ներուժի հզորացման ուղղությամբ, ինչը կողմնորոշված կլինի դեպի արտահանում, առաջին հերթին ԵԱՏՄ ուղղությամբ: Անցյալ տնտեսական տարին ցույց տվեց, որ արտաքին առևտրական շրջանառության տպավորիչ աճը մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան հեռախոսների, ավտոմեքենաների, տեխնիկայի և սարքավորումների և վերաարտահանմամբ, և հետո միայն քիմիական արտադրանքի, պլասմասաների, ապակու, ագրոարդյունաբերական արտադրանքի և հայկական արտադրության այլ ապրանքների արտահանմամբ: Հասկանալի է, որ սա արդյունք է գլոբալ անկայուն քաղաքական-տնտեսական վիճակի և սրա հետ հույս կապել երկարաժամկետ կտրվածքով չարժե: Սակայն կան ռուսական և արևմտյան փորձագիտական եզրակացություններ այն մասին, որ միջնաժամկետ հեռանկարում գլոբալ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները չեն փոխվելու և մոտակա 2-3 տարին առկա իրավիճակը կպահպանվի: Դա մի ժամանակ է, որ հայկական բիզնեսը, մի կողմից, հարմարվի առկա գլոբալ և տարածաշրջանային իրողություններին, իսկ մյուս կողմից, օգտագործի այդ հնարավորությունը սեփական արտահանման ներուժի մեծացման համար, առաջին հերթին, պատրաստի արտադրանքի արտադրության”,- հավելեց Սաֆարյանը:

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here