Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Մավրի Դավթյանի ողջույնի խոսքը «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում

0
283

Երևան, 16 մարտի 2013թ. Թույլ տվեք նախ ողջունել կոնֆերանսի մասնակիցներին, մեր հյուրերին, գործընկերներին, որոնք այսօր ժամանակ են գտել գալու Երևան և մեզ հետ միասին քննարկելու Եվրասիական միության հետ ինտեգրման, փոխգործակցության կարևոր հարցերը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս ինտեգրացիոն գործընթացներին։ Հայաստանը՝ որպես համեմատաբար ոչ մեծ տնտեսություն ունեցող երկիր, պետք է հստակ ընթանա և ընթանում է բոլոր հնարավոր ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ։ Եվ դա, առաջին հերթին, վերաբերում է ինտեգրացիոն այն միավորումներում տեղի ունեցող գործընթացներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ՝ ինչպես պատմական, այնպես էլ աշխարհագրական իմաստով, և դա, նախևառաջ, Եվրասիական միությունն է։ Մենք միշտ նշել և համարել ենք, որ Հայաստանն առանց ինտեգրացիոն գործընթացների չի կարող համաքայլ ընթանալ 21-րդ դարի իրողությունների հետ, չի կարող իրեն գլոբալ տնտեսությունում ինտեգրված երկիր զգալ։ Իհարկե, այդ գործընթացները երբեմն պարզ չեն, այդ գործընթացներն իսկապես ինտենսիվ աշխատանք են պահանջում փորձագետների, քաղաքական գործիչների, ղեկավարների, տնտեսագետների, իրավաբանների մակարդակով, և այդ գործընթացը դյուրին չէ։ Բայցևայնպես, ամենագլխավորն այն է, որ կա քաղաքական կամք՝ ընթանալու ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ, և մենք քայլ առ քայլ առաջ ենք ընթանում այդ ճանապահով։ Հայաստանի ներքին շուկան մեծ չէ, և Հայաստանի տնտեսությունը պետք է արտահանման կողմնորոշում ունենա։ Նման տնտեսության պարագայում մեզ համար շատ կարևոր է միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորություն ունենալը, մեր հարևանների, աշխարհում գոյություն ունեցող տնտեսական միությունների շուկաներ դուրս գալը, և դրա միջոցով մեր ձեռնարկություններին ու արտահանողներին իրենց արտադրանքն այդ շուկաներում իրացնելու հնարավորություն տալը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ դա մեծ աշխատանք է և մեծ պատասխանատվություն, բայց վերջին ժամանակներս մենք եռանդուն աշխատում ենք մեր տնտեսությունների ինտեգրման և, նախևառաջ, ինտեգրացիոն այն գործընթացներին մասնակցության ուղղությամբ, որոնք տեղի են ունենում Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում, տարամակարդակ ինտեգրացիոն գործընթացներում, և Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցում է դրանց։ Ես ուզում եմ հիշեցնել, որ տառացիորեն անցած աշնանը վավերացվեց և ուժի մեջ մտավ Անկախ պետությունների համագործակցության երկրների միջև բազմակողմ պայմանագիրն ազատ առևտրի մասին։ Սա նոր փաստաթուղթ է, բարձր մակարդակի փաստաթուղթ, և այն առևտրի զարգացման, Անկախ պետությունների համագործակցության երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման եզակի հնարավորություն է տալիս։ Շուտով վեց ամիս կլինի, որ պայմանագիրը գործում է։ Այն անմաքսատուրք առևտրի հնարավորություն է տալիս Համագործակցության ներսում, ընդ որում՝ բազմակողմ հիմքով, ի տարբերություն նախորդ իրավիճակի, երբ նման հնարավորությունը երկկողմ մակարդակի վրա էր՝ բազմաթիվ սահմանափակումներով և առանձնահատուկ մոտեցումներով։ Իսկ հիմա մենք միասնական մոտեցում ունենք, փաստաթուղթ, միասնական տարածք համագործակցության համար։ Մենք պատրաստվում ենք նախաձեռնել այդ պայմանագրի խորացման հնարավորությունը, մասնավորապես՝ այդ պայմանագրում դեռևս գոյություն ունեցող բացառությունների հանման հարցում, ինչպես գրված է պայմանագրի համապատասխան հոդվածում, և սկսել առևտրում ավելի մեծ ազատականացման գործընթացը՝ ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի մասին պայմանագրի շրջանակներում։ Այժմ մենք ինտենսիվորեն աշխատում ենք մեր դիրքորոշումների ճշտման և Մաքսային միությանը, Եվրասիական համագործակցության կառույցներին ինտեգրման հնարավորության ուղղությամբ, մեզ մոտ արդեն ստեղծվել է երկկողմանի աշխատանքային խումբ, որի առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում, անցած տարվա դեկտեմբերին, և մենք նախատեսում ենք ապրիլի սկզբին Երևանում կազմակերպել աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որտեղ ավելի կառուցողական կերպով կքննարկվեն Եվրասիական միության հետ ավելի սերտ համագործակցության տեխնիկական, տնտեսական և կազմակերպական շատ հարցեր։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը խիստ հետաքրքրված է ինտեգրացիոն գործընթացներով։ Մենք մեզ համարում ենք այդ գործընթացների մի մասը և կարծում ենք, որ պետք է ակտիվորեն մասնակցենք դրանց, գտնենք փոխգործակցության օպտիմալ ձևեր, որոնք նախևառաջ պետք է շահավետ լինեն մեր ձեռնարկություններին, արտահանողներին, տնտեսվարող սուբյեկտներին և ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեն մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման և խորացման համար։ Ուրախալի է, որ այսօր այստեղ են մեր գործընկերները, բարեկամները, որոնք ակտիվ համագործակցում են մեզ հետ, առաջին հերթին՝ այն երկրները, որոնք ԵվրԱզԷս-ի անդամներ են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը։ Անկախ պետությունների համագործակցության մեր բարեկամները։ Ես կարծում եմ՝ այս հանդիպումը լավ նախաձեռնություն է և հնարավորություն է տալիս ճշտելու մեր դիրքորոշումները, բացահայտ և ազատ կարծիքներ և մոտեցումներ փոխանակել, փորձ փոխանակել։ Մեզ համար խիստ կարևոր է Մաքսային միության փորձը, որովհետև այդ գործընթացը նույնպես զարգացման մեջ է գտնվում և մեր ժամացույցները ստուգելու հնարավորություն է պարունակում։ Այժմ այդքան ինտենսիվորեն ընթացող այս գործընթացն ընդհանուր է, և Հայաստանն ակտիվորեն մասնակցելու է դրան։ Կուզենայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել այսօրվա կոնֆերանսը նախաձեռնողներին, բոլոր մասնակիցներին և ցանկանալ մեզ կառուցողական և արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here