«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ավագ փորձագետ Արա Հարությունի Մարջանյանի զեկուցումը «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում

0
356

Երևան, 16 մարտի 2013թ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ. ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Հազիվ թե ներկաներից որևէ մեկը կասկածի տակ դնի Եվրասիական ինտեգրացիայի գործընթացում էներգետիկ համագործակցության հիմնարար կարևորությունը։ Գործընթաց, որը նոր ազդակ ստացավ ՌԴ նախագահ Վ.Պուտինի անցած տարվա հոկտեմբերյան հայտնի ծրագրային հոդվածի հրապարակումով։ Գործընթաց, որը շատ բանով պարտական է Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի հեռատես քաղաքականությանը։ 1. Զեկուցումը, որը ներկայացվում է ձեր ուշադրությանը, վերնագրված է «Էներգետիկ համագործակցությունը և Եվրասիական ինտեգրացիան. հայացք Հայաստանից»: Այն ունի հետևյալ կառուցվածքը. — սկզբում կանգ կառնենք ՀՀ էներգետիկ քաղաքականության հիմնարար դրույթների վրա, կընդգծենք մեր հանրապետությունում էներգետիկ հարցերի ընկալմանը բնորոշ առանձնահատկությունը, — այնուհետև կնկարագրենք և կքննարկենք «Եվրասիական էներգետիկ դոկտրինի» դրույթները, — կընդգծենք ՀՀ էներգետիկ քաղաքականության և «Եվրասիական էներգետիկ դոկտրինի» հիմնադրույթների միջև առկա ներդաշնակությունը, — կուրվագծենք մոտակա ապագայի մի քանի կարևոր քայլեր։ 2. Հայաստանի ներկայիս էներգետիկ քաղաքականությունը ձևավորվել է այն դասերի հիման վրա, որոնք քաղել է մեր հանրապետությունը վաղ 90-ականների դաժան էներգետիկ ճգնաժամից։ Ըստ էության, այն նաև համակարգային ճգնաժամ էր, նմանը չունեցող հետխորհրդային հանրապետությունների պատմությունում ոչ իր ծանրությամբ ու մասշտաբներով, ոչ ճգնաժամի հաղթահարման համար նախաձեռնված միջոցների արմատականությամբ ու խորությամբ։ Հենց այդ ժամանակ Հայաստանը գիտակցեց էներգետիկ անվտանգության առաջնայնությունն ազգային անվտանգության համատեքստում։ Հենց այդ ժամանակ ձևավորվեց հայ հանրության ունիկալ, գերզգայուն վերաբերմունքն էներգետիկ հարցերի նկատմամբ։ Ուստի, զարմանալի չէ, որ առաջինը տարածաշրջանում և ողջ հետխորհրդային տարածքում Հայաստանն իրականացրեց էներգետիկ սեկտորի արմատական բարեփոխումներ՝ կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարանջատումից մինչև սակագնային քաղաքականություն վարող անկախ մարմնի ստեղծում, օրենսդրական դաշտի ռադիկալ արդիականացումից մինչև արտադրող, փոխանցող և մատակարարող ընկերությունների ձևավորում ու մասնավորեցում։ Այդ տարիներին էր, որ մեր գիտակցությունում արմատավորվեցին այն ժամանակ շատերին անհասկանալի, իսկ ոմանց համար էլ՝ բոլորովին խորթ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք էին «էներգակիրների և տեխնոլոգիաների բազմազանեցումը», «էներգատրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան», «վերականգնվող էներգետիկայի զարգացումն ու ներթափանցումը» և այլն։ Վերջապես, հենց այդ ժամանակ սկսվեց Հայաստանի էներգատրանսպորտային շրջափակումը: Այն, ի դեպ, շարունակվում է և այսօր: Նման պայմաններում զարմանալի չէ, որ արագորեն գիտակցվեց տարածաշրջանային էներգետիկ (և աշխարհաքաղաքական) ինտեգրման կարևորությունը, հատկապես «հյուսիս-հարավ» առանցքով։ Ահա այս դասերն օգնեցին ձևավորել Հայաստանի էներգետիկ քաղաքականության 4 հիմնարար սկզբունքները, որոնք ամրագրված են հանրապետության բոլոր պաշտոնական փաստաթղթերում։ Դրանք են. — առաջնային էներգակիրների, դրանց ներկրման, ինչպես նաև գեներացնող էներգետիկ հզորությունների դիվերսիֆիկացիան, — ատոմային էներգետիկայի էվոլյուցիոն զարգացումը, — էներգիայի տեղական, վերականգնվող աղբյուրների մասշտաբային օգտագործումը, էներգաարդյունավետության բարձրացումը տնտեսության բոլոր հատվածներում, — ակտիվ տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը։ Այսօրվա դրությամբ էներգետիկան հանրապետության տնտեսության ամենադինամիկ զարգացող հատվածն է հանդիսանում։ Վերջին տարիներին իրականացվել է հանրապետության բարձրավոլտ տնտեսության, Որոտանի կասկադի հիդրոէլեկտրակայանների արդիականացումը, գործարկվել են Հրազդանի ՋԷԿ-ի 450 մվտ հզորությամբ 5-րդ և Երևանի ՋԷԿ-ի 250 մվտ հզորությամբ գազատուրբինային բլոկները: Ընթանում են Իրանի հետ նոր՝ 400 կՎ դասի երրորդ բարձրավոլտ գծի, 150 մվտ հզորությամբ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, բուռն զարգացում է ապրում փոքր հիդրոէներգետիկան։ 3. Այժմ անդրադառնանք Եվրասիական միության էներգետիկ դոկտրինին։ Ստորև կներկայացնենք այս դոկտրինի հիմնական դրույթներն այնպես, ինչպես դրանք բերվում են դոկտրինի հեղինակ` ՌԴ էներգետիկ ռազմավարության ինստիտուտի 2012թ. հայտնի աշխատությունում: Այս դոկտրինը միանգամայն արդարացիորեն հենվում է այն դրույթի վրա, որ «Էներգետիկ ենթակառուցվածքները կարող են և պետք է դառնան Եվրասիական միության հիմքը, տարածաշրջանային ինտեգրացիայի հիմնական շարժիչ ուժը, որը, պահպանելով առողջ շուկայական մրցակցությունը, մասնակից երկրների համար կապահովի նաև էներգատրանսպորտային ենթակառուցվածքներից օգտվելու հավասար հնարավորություններ»։ Ընդ որում՝ նշվում է, որ «խիստ կարևոր է չսահմանափակվել միայն արդեն զարգացած էներգատրանսպորտային ենթակառուցվածք ունեցող երկրներով, այլ ինտեգրացիոն գործընթացներում ներառել նաև այն երկրները, որոնք այսօր ստեղծում են այդ ենթակառուցվածքները»։ Այս մոտեցումներն ամբողջացված են Եվրասիական միության էներգետիկ դոկտրինի «Ենթակառուցվածքային գործընկերություն» առաջին և կարևորագույն դրույթում։ Հաջորդ դրույթը ձևակերպված է որպես «Տեխնոլոգիական գլոբալացում և ռեսուրսային ռեգիոնալացում»։ Այստեղ նկատի է առնվում այն հայտնի իրողությունը, որ էներգետիկ տեխնոլոգիաներն ինքնին ունեն գլոբալացման հստակ միտում։ Մյուս կողմից, ինչպես իրենց ներկա, այնպես էլ ապագա սահմաններում, Եվրասիական միության առանձին տարածաշրջաններն օժտված են իրենց ուրույն ռեսուրսային դիմագծով, վառելիքաէներգետիկ բալանսով և բեռի ծածկման ռեժիմներով։ Ուստի, խելամիտ Եվրասիական էներգետիկ քաղաքականությունն, անշուշտ, պետք է հաշվի առնի և զուգակցի այս իրողությունները։ Հայտնի է նաև, որ Եվրասիական տարածքի առանձին տարածաշրջաններ տարբեր պատճառներով գտնվում են իրենց էներգետիկ համալիրների զարգացման և բարեփոխումների տարբեր փուլերում։ Այս փաստը նույնպես պետք է դրվի Եվրասիական ցանկացած խելամիտ էներգետիկ քաղաքականության հիմքում: Ինչն էլ արվել է դիտարկվող դոկտրինում՝ ինտեգրվող էներգետիկ տարածքի «Բազմաձևության ու բազմակացության» մասին դրույթով։ Նման մոտեցման դեպքում կարելի կլինի խուսափել այն սխալներից, որոնք տեղ գտան արագացված և պարտադրող միօրինակեցման վրա հիմնված ինտեգրացիոն գործընթացներում, և որոնք տնտեսական ու քաղաքական ճգնաժամի եզրին են հասցրել, օրինակ, եվրոգոտու երկրները։ Եվրասիական միության էներգետիկ դոկտրինի վերջին դրույթն է «Բազմակենտրոնությունը»։ Այստեղ նկատի է առնված հետևյալ հանգամանքը: Հաշվի առնելով եվրասիական տարածքի մասշտաբները, նրա աշխարհագրական ու տնտեսական բազմազանությունը՝ էներգետիկ ինտեգրացիոն նախագիծն այստեղ կարող է իրականացվել միայն մի քանի տարածաշրջանային կենտրոնների առկայության դեպքում: Ընդ որում, «դրանց գործառնությունը լինելու է ոչ այնքան մրցակցությունը միմյանց հետ՝ ազդեցության գոտիների համար, որքան Եվրասիայի էներգետիկ և տնտեսական տարածքի համակցման և միավորման խելամիտ քաղաքականությունը»։ 4. Դժվար չէ նկատել, որ Եվրասիական էներգետիկ դոկտրինի հիմնական դրույթները միանգամայն համահունչ են Հայաստանի էներգետիկական ռազմավարության դրույթներին։ Իսկապես, մեր ռազմավարության «Առաջնային էներգակիրների, դրանց ներկրման ուղիների դիվերսիֆիկացման» դրույթը գրեթե նույնն է, ինչ և Եվրասիական էներգետիկ դոկտրինի «ենթակառուցվածքային գործընկերության» դրույթը: Մանավանդ, եթե հաշվի առնենք դոկտրինի այն կարևոր լրացումը, թե «ինտեգրացիոն գործընթացներին պետք է ներգրավել այն երկրներին, որոնք այսօր ստեղծում են այդ ենթակառուցվածքները»։ Եվ էներգետիկ տեխնոլոգիաների գլոբալացումը Հայաստանի համար լոկ խոսքեր չեն։ Իրոք, այսօր, մեր ռուսաստանցի գործընկերների օգնությամբ գործարկվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, մեր ճապոնացի գործընկերների օգնությամբ՝ Երևանի ՋԷԿ-ի արդիական գազատուրբինային բլոկը և տեղեկատվական ու կառավարման ՍԿԱԴԱ համակարգը, մեր եվրոպացի գործընկերների օգնությամբ իրականացվել է մի քանի տասնյակ բարձրավոլտ ենթակայանների և ՀԷԿ-երի վերազինումը և այլն։ Վերջապես, Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը «տարածաշրջանային ինտեգրացիան» ուղղակիորեն սահմանում է որպես առաջնայնություն: Եվ սրանք պարզապես բառեր չեն, այլ գազատարներ Ռուսաստանից և Իրանից, էլեկտրական էներգիայի ակտիվ տարածաշրջանային փոխհոսք` Վրաստանի և ԼՂՀ-ի հետ, էլեկտրաէներգիայի ծավալուն փոխանակում Իրանի հետ` երեք բարձրավոլտ միջհամակարգային գծերով և այլն։ 5. Բայց այստեղ կա նաև մի խնդիր, որի մասին պետք է անկաշկանդ խոսել արդեն այսօր, մանավանդ այսքան բարեկամական լսարանի առջև։ Նկատի ունեմ հետևյալը։ Եվրասիական էներգետիկ դոկտրինի «Բազմակենտրոնություն» դրույթը ներկայացնող փաստաթղթերում և բազմաթիվ հարակից հրապարակումներում հանդիպում ենք, և միանգամայն արդարացիորեն, տարբեր հնարավոր «տարածաշրջանային էներգետիկ կենտրոնների»: Օրինակ, «Կասպիական ավազան», Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանամերձ գոտում գտնվող «Ուստյուրտի սարահարթ», Չինաստանի հետ ՌԴ սահման, և այլն։ Մտահոգիչն այն է, որ Հայաստանն այս համատեքստում բոլորովին չի հիշատակվում։ Այնինչ, Եվրասիական էներգետիկ դոկտրինի «Բազմակենտրոնության» սկզբունքին լիովին համապատասխան՝ Հայաստանը կարող է և պետք է դառնա նման ինտեգրող տարածաշրջանային կենտրոն, առաջին հերթին՝ էլեկտրաէներգետիկ ոլորտում։ Դրա համար առկա են ծանրակշիռ աշխարհաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքային, անգամ` պարզապես աշխարհագրական հիմքեր։ Իրոք՝ Հարավային Կովկասում Հայաստանը միակ հանրապետությունն է. — որի երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերն ուղղված են տարածաշրջանային կայունության պահպանմանը, որը Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը համատեղում է Իրանի, արաբական աշխարհի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի արդյունավետ փոխհարաբերություններով, — որը տասնամյակներ շարունակ եղել և մնում է էլեկտրաէներգիայի տարածաշրջանային արտահանող, որի գեներացնող հզորություններն ունեն ներդաշնակ եռաբաղադրիչ կառուցվածք (հիդրոէներգիա, ատոմային էներգիա, ջերմաէլեկտրակայաններ), և որը կարող է անհապաղ 2.0-3.0 մլրդ կվտ/ժ էլեկտրական էներգիա արտահանել տարեկան ու բավական մրցունակ գնով, — որը միաժամանակ կարող է համատեղել իր բարձրավոլտ էլեկտրացանցը Իրանի և Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի, Նախիջևանի և ԼՂՀ-ի հետ։ Սա եզակի հնարավորություն է էլեկտրաէներգիայի տարածաշրջանային փոխհոսքերի կառավարման և հաջող կարգավարման համար։ Այսպիսով, որպես տարածաշրջանի բնական էլեկտրաէներգետիկ կենտրոն Հայաստանի անտեսումը զուտ ճարտարագիտական տեսակետից պրոֆեսիոնալ չէ, տնտեսական տեսակետից՝ հիմնավորված չէ, իսկ աշխարհաքաղաքական տեսակետից՝ պարզապես անհեռատես է։ Գրեթե կես դար Հայաստանի էներգահամակարգը զարգանում էր որպես Կովկասի ողջ էլեկտրաէներգետիկ համալիրի համակարգաստեղծ օղակ։ Իր հզոր գեներացնող համակարգով, զարգացած ենթակառուցվածքներով, էներգետիկ դպրոցների ու կադրերի պատրաստման լավագույն համակարգով։ Այս պոտենցիալն առկա է և այսօր, ու այն շարունակում է զարգանալ։ Իսկ Հայաստանի բռնի մեկուսացումը տարածաշրջանում «Ալիևի դոկտրինի» շրջանակներում ունի ընդամենը մեկ տասնամյակի պատմություն։ Այն իր լիակատար սնանկությունը ապացուցեց դեռ 2008թ. օգոստոսից առաջ։ Դե, իսկ 2008-ից հետո Հայաստանի շրջափակման շարունակումը, մեկուսացման փորձերը՝ այժմ նաև էլեկտրաէներգետիկ բաղադրիչով, պարզապես անհեթեթ են: Մանավանդ Վրաստանում, Ադրբեջանում և հենց Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձությունների ֆոնին։ էլեկտրաէներգետիկ ոլորտում Հայաստանի ներգրավմամբ տարածաշրջանային համագործակցությունը ոչ միայն կօգներ լուծել Թուրքիայի հյուսիսարևելյան և Իրանի հյուսիսային շրջանների, Հյուսիսային Կովկասի, Կրասնոդարի մարզի և ՌԴ հարավային մի շարք շրջանների էլեկտրաէներգետիկ դեֆիցիտի խնդիրը: Այն կկարողանար ճանապարհ հարթել նաև մեր տարածաշրջանի բարդ քաղաքական խնդիրների լուծման համար, փոխշահավետ համագործակցության և փոխկախյալ տնտեսական կապերի ստեղծման ճանապարհով: Կդառնար բարիդրացիական հարաբերությունների հաստատման և առկա հակասությունների հարթման գործուն մեխանիզմ։ 6. Համառորեն կրկնվող հարցիս, թե՝ «ի՞նչն է խանգարում Հայաստանի և ՌԴ-ի ու Եվրասիական միության երկրների հետ ավելի սերտ, իրավամբ ինտեգրված էներգետիկ համագործակցությանը», իմ գործընկերներից և ոլորտի փորձառու ղեկավարներից գրեթե միշտ ստացել եմ հետևյալ պատասխանը. «միասնական վառելիքաէներգետիկ քաղաքականության բացակայությունը գործընթացի տարբեր մասնակիցների միջև` «Ատոմստրոյէքսպորտ», ՌԴ «Ուժային մեքենաներ» ՓԲԸ, «Գազպրոմ», «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ, բիզնես կառույցներ, բանկեր, նախարարություններ և այլն»։ Երբեմն լսել եմ նաև այսպիսի հարցադրում. «Մեր ռուսաստանցի գործընկերներն արդեն վերահսկում են Սևան-Հրազդանի հիդրոէներգետիկ կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ը, Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերը, հայկական բաշխիչ ցանցերը, գազի մատակարարումները. սրանից էլ ավելի ինտեգրո՞ւմ»։ Սակայն հարցն այստեղ այլ է։ Այո, սա քիչ չէ, բայց այդ գեներացնող հզորությունները, ենթակառուցվածքային ու այլ հնարավորություններն այսօրվա դրությամբ մեծ մասամբ կիրառվում են ինքնուրույն, մեկը մյուսից կտրված, երբեմն էլ՝ միմյանց հետ կորպորատիվ հակասությունների միջավայրում, առանց որևէ սիներգետիկ էֆեկտի։ Այսօր արդեն իմաստ ունի պրոֆեսիոնալ երկխոսություն սկսել հանրապետության էներգետիկների և ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի գործընկերների միջև՝ էներգետիկ և, առաջին հերթին, էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցության միասնական, հիրավի տարածաշրջանային հիմքերի մշակման նպատակով։ Հարցն այս հասունացել է, իսկ քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, առաջին հերթին՝ Վրաստանում և Հայաստանում, նպաստուն է դրան առավել, քան երբևէ վերջին երկու տասնամյակների ընթացքում։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here