ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՁԵՌՆՏՈՒ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼԸ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

0
336

Հայաստանին տնտեսապես ձեռնտու է Մաքսային միությանը միանալը։ Այդ եզրակացությանն է եկել փորձագետների խումբը, որը մի քանի ամիս այդ հարցի շուրջ հատուկ տնտեսական հետազոտություններ է անցկացրել, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։ Ըստ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի` հետազոտությունն անցկացվել է Զարգացման եվրասիական բանկի նախաձեռնությամբ` եվրասիական ինտեգրման հեռանկարները և հնարավորությունները պարզելու նպատակով։ Փորձագետների խմբի ղեկավար, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը հայտնեց, որ ՄՄ միանալու որոշումը մասնագետների համար անսպասելի չէր։ «Դեռ 2011թ.–ին Սանկտ Պետերբուրգում (ԱՊՀ երկրների) կառավարությունների ղեկավարները ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ստորագրեցին, որը վավերացվեց 2012թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ ԱԺ կողմից գրեթե միաձայն։ Մաքսային միության վերաբերյալ նախնական պայմանավորվածությունն այդ գործընթացի տրամաբանական շարունակությունը դարձավ»,–«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Թավադյանը։ Ըստ նրա` ՄՄ միանալու մասին պայմանավորվածությունները ներառում են տնտեսական անվտանգության հարցեր և ներառում են առանցքային ոլորտներ, ինչպիսիք են` էներգետիկան և տրանսպորտը։ Փորձագետը նշեց նաև, որ նախատեսված են աննախադեպ ներդրումներ, ակնկալվում է զբաղվածության աճ։ «Տրանսպորտային բաղադրիչը ներառում է երկաթուղու զարգացում, մասնավորապես` 470 մլն դոլարի չափով ներդրումներ։ Դրանք ուղիղ ներդրումներ են։ Մեզ համար շատ կարևոր է լրացուցիչ հաղորդակցություն ունենալ։ ԵՄ–ն դա չի անի` հաշվի առնելով Իրանի հետ կապված խնդիրները»,– ասաց Թավադյանը։ Ըստ նրա` Զարգացման եվրասիական բանկի ներդրումները կկազմեն մոտ 100 մլն դոլար, ինչը թույլ կտա 0,3–0,4 տոկոսով լրացուցիչ ավելացնել աճի տեմպերը։ Փորձագետը նշեց, որ երկրորդ կարևորագույն բաժինն էներգետիկան է, հատկապես գործող ԱԷԿ–ի հետագա շահագործումը և նորի կառուցումը, ինչպես նաև Մաքսային միությանը միանալիս 30 տոկոսով գազի գների ավտոմատ նվազումը (270–ից մոտ մինչև 180 դոլար)։Նա ավելացրեց, որ այդ նվազումը կնպաստի մոտ 1 տոկոսով ՀՆԱ–ի աճին։ Բացի այդ, ըստ նրա` ՄՄ–ին միանալը թույլ կտա նաև նվազեցնել նավթարտադրանքի գները։ «Երրորդ բաղադրիչը վերաբերում է արտադրությանը, և այն ուղղակիորեն կապված է զբաղվածության մակարդակի, «Նաիրիտ» քիմիական գործարանի գործունեության, նավթատարի շինարարության հետ։ Մենք հնարավորություններ կստանանք Մաքսային միության երկրների խոշոր շուկաներում պատվերներ ստանալ»,– ասաց Թավադյանը։ Չորրորդ գործոնը, որը կնպաստի մոտ 0,25 տոկոսով ավելացնել տնտեսության աճի տեմպերը, ըստ նրա` վերաբերում է արտագաղթին։ «Կհեշտացվեն միգրանտների աշխատանքի տեղավորման ընթացակարգերը, կլիկվիդացվեն վարչարարական խոչընդոտները, որը փոխանցումների աճի կհանգեցնի»,– ասաց փորձագետը։ Ըստ նրա` հաշվարկների համաձայն, ՄՄ միանալիս կարճաժամկետ հեռանկարում ՀՆԱ–ի 4 տոկոսանոց աճ է կանխատեսվում` այդ ցուցանիշի կտրուկ ավելացման հնարավորությամբ` հաշվի առնելով նշված գործոնները։ Խոսելով ՄՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության մասին` Թավադյանը նշեց, որ այդ դժվարությունները կարող են փոխհատուցվել էներգակիրների գների հաշվին։ «Տնտեսական տեսանկյունից մենք շահում ենք… Ապրելով առավել անվտանգ, ՀՆԱ–ի աճի դեպքում, մարդիկ ավելի լավ կապրեն»,– ասաց Թավադյանը։ Նա ավելացրեց, որ ԵՄ երկրներ արտահանման ծավալների վրա ոչ մի ազդեցություն չի ունենա Մաքսային միությանը միանալը, քանի որ Եվրոպա հիմնականում հումք է արտահանվում։ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանն իր հերթին ավելացրեց, որ Մաքսային միությանը միանալն ավելի հավանական է դարձնում երկաթուղու աբխազական հատվածի բացումը, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Խոսելով եվրոպական տնտեսական ինտեգրման հեռանկարների մասին` Թավադյանը հայտնեց, որ այն երկարաժամկետ հեռանկարում 2,3 տոկոսով կավելացնի Հայաստանի ՀՆԱ–ի աճը` առանց ռիսկերը հաշվի առնելու։ Այդ ռիսկերը, ինչպես նշեց Թավադյանը, Թուրքիայի հետ կապված խնդիրներն են, հումքից չափազանց մեծ կախվածությունը, կոռուպցիան։ «Սակայն կոռուպցիայի խնդիրները պետք է մենք ինքներս լուծենք, ինտեգրացիոն գործընթացները կապ չունեն դրանց հետ»,– ասաց Թավադյանը։ Ըստ նրա` եվրաինտեգրման դեպքում ամենալուրջ ռիսկը կդառնան Ռուսաստանի կողմից ներկայացված սահմանափակումները, որոնք կարող էին զրոյացնել աճի կանխատեսումները։ Բացի այդ, ըստ նրա` ապրանքների, կապիտալի և ծառայությունների լիարժեք ազատ տեղաշարժ չի լինում` առանց մարդկանց լիարժեք տեղաշարժի։ http://ar.newsarmenia.ru [ http://ar.newsarmenia.ru/politics/20130911/42935606.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here