“ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ ԱԶԴԵԼՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ”

0
342

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց “Օդնակո. Եվրասիա” տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովի հետ: Զրույցն անցկացվել է Սեմյոն Ուրալովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, որի ընթացքում վերջինս Կապանում մասնակցել է “Հայաստանի շրջանները՝ հանուն եվրասիական ինտեգրման” միջազգային համաժողովին՝ կազմակերպված “Ինտեգրացիա և զարգացում” (Հայաստան) հասարակական կազմակերպության կողմից: [ /photo/URALOV.jpg ] Սեմյոն Ուրալով “Օդնակո. Եվրասիա” գործակալության գլխավոր խմբագիր — Ի՞նչ առաջնային նպատակներ են այսօր սահմանված ձևավորվող Եվրասիական տնտեսական միության առջև: — Այժմ լուծվում է Միության միջուկի հարցը: Ընթանում է ամենակարևոր գործընթացը՝ Միության ձևավորումը: Կա արդեն ձևավորված միջուկ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, և հանրապետություններ, որոնք ձգտում են մտնել միջուկի մեջ: Ի տարբերություն Եվրոպական միության, որտեղ ամեն ինչ արդեն պարզ է, և մյուսները միանում են որպես ծայրամասեր, ԵԱՏՄ-ում այնպիսի երկրները, ինչպես Հայաստանը, յուրահատուկ հնարավորություն ունեն ընդգրկվելու միության միջուկի կազմի մեջ: Դա նշանակում է դառնալ համահիմնադիր, հետևաբար ազդել միության ձևավորման վրա: Եկե՛ք անկեղծ լինենք՝ և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը, և՛ Ղազախստանը, բոլորս մեր ռեսուրսները փոխանակում ենք “կանաչ թղթիկների” հետ, ինչպես հնդկացիները Մանհեթենը փոխանակեցին հուլունքների հետ: Նազարբաևն Աստանայում ասաց, որ ԱՄՆ դոլարների վրա հիմնված վճարային համակարգը ճգնաժամ է ապրում, և այս իրավիճակը կորստաբեր է բոլորի համար՝ բացառությամբ այն երկրի, ով տպում է այդ ոչնչով չապահովագրված թղթիկները: Դա կհանգեցնի կա՛մ սնանկացման, կա՛մ մեծ պատերազմի: Մեր առջև կարևոր հարց է դրված՝ մենք կա՛մ կձևավորենք տնտեսական մեր աշխարհը և կփրկվենք գլոբալ ցնցումներից, կա՛մ ոչ: Բացի այդ՝ մեզ պետք է ապահովել մեր տարածքի անվտանգությունը: Ներքին սահմանները վերացնելու համար պետք է ապահովագրել արտաքին սահմանները: Ոչ մի եվրասիական ինտեգրացիա հնարավոր չէ առանց անվտանգության երաշխիքների, դա կվերածվի քաոսի արտահանման: Հաջորդ կարևորագույն խնդիրը երկրների տնտեսությունների հավասարեցումն է: Այս հարցը չենք կարողանա կարգավորել առանց նոր ինդուստրիալիզացման: Ամենամեծ խնդիրը, որին առերեսվել են թե՛ Հայաստանը, թե՛ Ղրղըզստանը, թե՛ Ուկրաինան, սարսափելի դեինդուստրիալիզացիան է: Սեփականաշնորհման արդյունքում արդյունաբերությունը քայքայվել է, խախտվել են տնտեսական կապերը: Այդ իմաստով՝ Հայաստանն օրինակ է, քանի որ չունի մեզ հետ ընդհանուր սահմաններ, հետևաբար չկան ո՛չ ներկրման, ո՛չ արտահանման բնականոն հնարավորություններ: — Ձեր նշած խնդիրները կարո՞ղ են հանգեցնել ՀԱՊԿ-ի բարեփոխմանն ու վերակառուցմանը: — Մեծ հույս ունեմ: ՀԱՊԿ-ն այժմ ավելի խորհրդատվական-կոլեգիալ միություն է, այսինքն՝ այնտեղ ավելի շատ խոսակցություններ են, քան գործողություններ: Մեծ հույս ունեմ, որ նոր մարտահրավերները կստիպեն այն վերածել ավելի արդյունավետ ռազմական միության: Ինձ համար այդ իմաստով Հայաստանն օրինակելի է, և շատերին խորհուրդ եմ տալիս առաջնորդվել նրա օրինակով: Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական ինտեգրման մակարդակը գրեթե հավասար է Բելառուսի և Ռուսաստանի միջև առկա մակարդակին, նույնիսկ ՀԱՊԿ ակադեմիան է գտնվում Երևանում: Այդ պատճառով մեծ հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ը կբարեփոխվի, հայտնի են նաև առաջնային ուղղությունները՝ հակաօդային համակարգ, պաշտպանության համատեղ համակարգեր, հատուկ նշանակության զորքերի ձևավորում՝ այսինքն՝ արագ արձագանքման զորքեր, և, իհարկե, միասնական ավիացիա: Կարծում եմ՝ այսպես թե այնպես բոլոր հանրապետությունները կանցնեն հայաստանյան ձևաչափին՝ սահմանների համատեղ պաշտպանությանը: Հարկավոր է Հայաստանի փորձը կիսել այլ հանրապետությունների հետ: Մեր միության գլխավոր խնդիրն այն է, որ երկար տարիներ անջատ ենք ապրել և մոռացել ենք, թե ինչպես էինք միասին ապրում: — Հոդվածներից մեկում նշում եք, որ Միությունը ստիպված կլինի առերեսվել չճանաչված և կիսաճանաչված պետությունների ինտեգրման խնդրին, սակայն չեք մանրամասնում հնարավոր լուծումը: Ինչպե՞ս եք տեսնում այս գործընթացի զարգացումը: — Այդ հարցի կապակցությամբ ես հեղափոխական մոտեցում ունեմ. չճանաչված պետությունները պետք է միմյանց հետ միություն կազմեն, պայմանականորեն ասած՝ Եվրասիական միություն 2, որի մեջ կմտնեն Մերձդնեստրը, Ղարաբաղը, Հարավային Օսիան, Աբխազիան: Հարավային Օսիան ամենայն հավանականությամբ կմիանա Հյուսիսայինին, իսկ մյուս երեք պետությունները պետք է հարաբերությունների մեկ ընդհանուր սուբյեկտ ձևավորեն: Առավել արդյունավետ կլինի ոչ թե ամեն պետությունով առանձին զբաղվել, այլ ընդհանուր կանոններ մշակել, որոնցով կկառուցվեն հարաբերություններն այդ չճանաչված պետությունների հետ: Դա որոշակիորեն ֆանտաստիկ գաղափար է, սակայն, ըստ իս, նմանատիպ բոլոր խնդիրները լավ կլինի միանգամից լուծել: Երկրորդ՝ քանդվում է յալթյան աշխարհակարգը, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Եթե այն քանդվի, աշխարհի քարտեզը լուրջ փոփոխություններ կկրի, ինչին ականատես եղանք Հարավսլավիայի օրինակով: Ելքն ամենայն հավանականությամբ կվճռվի հանրաքվեների միջոցով, նոր միավորների ձևավորմամբ: Եթե այժմ կա Հայաստան և Ղարաբաղ, կառաջանա, օրինակ, Հայաստանյան միություն: Զրուցեց Աննա Կարապետյանը 10.06.2014 http://www.armedia.am/?action=Exclusive [ http://www.armedia.am/?action=Exclusive&what=show&id=1247174554&keyword=%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%AC%D5%B8%D5%BE〈=arm ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here