«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ»

0
301

Բելառուս պատմաբան, քաղաքագետ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի «Беларуская думка» ամսագրի գլխավոր խմբագիր ՎԱԴԻՄ ԳԻԳԻՆԸ Հայաստանում էր` մասնակցելու հունիսի 5-ին Կապանում անցկացված «Հայաստանի տարածաշրջանները հօգուտ եվրասիական ինտեգրման» միջազգային կոնֆերանսին, որ կազմակերպվել էր «Ինտեգրում և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: -Առաջին անգա՞մ եք Երևանում, պարոն Գիգին։ -Ոչ, անցյալ տարի մարտի 18-ին Երևանում կազմակերպվել էր Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ կոնֆերանս` գիտնականների, դիվանագետների մասնակցությամբ: Այս անգամ շրջեցինք Սյունիքում, հանդիպեցինք մարզպետ Վահե Հակոբյանի հետ ու հետաքրքիր, բովանդակալից զրույց ունեցանք: -Մեկ տարի անց ի՞նչ տարբերություններ կան Հայաստանում և Հայաստանի նկատմամբ Եվրասիական միությունում: -Տասնհինգ ամիս առաջ մենք խոսում էինք գիտականորեն հիմնավորված հեռանկարների մասին, հիմա` կատարված փաստի: Տրակտատներից անցում է կատարվել ռեալ ճանապարհային քարտեզի, եթե ծագում են խոչընդոտներ, այլևս տեսական չեն, այլ գործնական: Հայաստանը եվրասիական ինտեգրման ճանապարհին է արդեն: Սյունիքում մենք տեսանք` ինչպես է Հայաստանը զարգանում: Կա կարծրատիպ, որ Հարավային Կովկասը լճացման մեջ է, ես տեսա մարզ, որտեղ նույնիսկ ավելի շատ մոլիբդեն է արդյունահանվում, քան խորհրդային տարիներին, որտեղ բելառուսական «Բելազներ» ու տրակտորներ են աշխատում, նշանակում է` եվրասիական տնտեսական համագործակցությունը պահանջարկ ունի: Գլխավոր բարդությունն այսօր տրանսպորտն է, հաղորդակցուղիները: Մեղրի-Թբիլիսի մայրուղին, որ կառուցվում է, մեծ հնարավորություններ կստեղծի: -Ի՞նչ է սպասում Հայաստանին Եվրասիական տնտեսական միության մեջ, ինչո՞ւ Հայաստանը Աստանայում չդարձավ միության հիմնադիր անդամ: -Կարծում եմ` չդարձավ քաղաքական պատճառներով: Ձեզ մոտ գործում է նշանակալից արևմտամետ լոբբի: ԵԱՏՄ-ի հիմքում երեք պետություններ են` Բելառուսն ու Ռուսաստանը, որ ավանդաբար ինտեգրման բարձր մակարդակ ունեն, և Ղազախստանը: Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես և Ալեքսանդր Լուկաշենկոն, դեռ 1994-ին է միություն ստեղծելու առաջարկ արել: Հայաստանում այդ գաղափարը նվազ ընդունված էր, կային կասկածներ, Հայաստանը ընդհանուր մաքսային սահման չունի: -Բայց դա լուրջ հակափաստարկ է: -Այո, լուրջ է, բայց դեռ անցյալ տարվա կոնֆերանսում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչն ասաց, որ խոչընդոտ չէ, ժամանակ է պետք` հարցը լուծելու, մի քանի օր առաջ անցկացված կոնֆերանսում արդեն հնչում էր տրանսպորտային ինտեգրման հարցը: Վրաստանը ԵԱՏՄ անդամ չի դառնա գուցե, բայց տրանսպորտային հաղորդակցուղիներ կտրամադրի Հայաստանին, դա ռևերանս չէ հայերին, նույնքան ձեռնտու է վրացիներին` կբեռնաթափի Վրաստանի տրանսպորտային համակարգը: Ժամանակակից աշխարհում միայնակ գոյատևել հնարավոր չէ: Գլոբալացման պայմաններում առանձին ապրող պետությունը միջազգային հարաբերություններում դառնում է օբյեկտ, բայց ոչ սուբյեկտ: Միայնակ պետությունը, նույնիսկ Հայաստանի պես մեծ սփյուռք ունեցողը, չի կարող պայմաններ թելադրել, իսկ միություններին անդամակցել հնարավոր է միայն ինտեգրացիոն նախագծերին մասնակցելով: ԵԱՏՄ-ն արմատական տարբերություն ունի ԵՄ-ից: ԵՄ-ում խաղի կանոնները վաղուց են ձևակերպվել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի գերակայությամբ: Ինչպե՞ս են հարցերը ԵՄ-ում լուծվում. Փարիզը զանգահարում է Բեռլին, Բեռլինը` Բրյուսել, հետո Վաշինգտոն: Մենք եզակի հնարավորություն ունենք ինքներս ձևավորելու խաղի կանոնները, Ռուսաստանը չի թելադրում: Տեսեք` Ղազախստանը ասաց, որ համաձայնագրի որոշ կետերի համաձայն չէ, և քաղաքական կետերը հանվեցին: Համաձայնագրի ստորագրման նախօրեին Բելառուսը ՌԴ-ի հետ կոնֆլիկտ ուներ Բելառուսկալիումի գործով, մենք պաշտպանեցինք մեր շահերը և պահպանեցինք կալիումի ընկերությունը բելառուսական վերահսկողության տակ: Հակասությունների և կոնֆլիկտային իրավիճակների լուծման մոդել է մշակվել, պետք չէ վախենալ հակասություններից, դաշնակիցների հետ էլ վեճեր են լինում: -Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին ի՞նչ կարող է Հայաստանը հակադրել իր նվազ ռեսուրսներով, աղքատ բնակչությամբ և բազում պրոբլեմներով: Կարո՞ղ է Հայաստանը իրականում իրավահավասար պետություն լինել այդ միության մեջ: -Երևանում այդ հարցը ինձ հաճախ են տվել: Հայաստանը շատ կարևոր է իր հզոր լոբբիստական հնարավորություններով, Հայաստանն այդ առումով ավելի զորեղ է Բելառուսից ու Ղազախստանից` սա առաջին: Երկրորդ` Հայաստանը շատ կարևոր ռազմավարական տարածաշրջանում է, դա պետք է օգտագործել: ԵԱՏՄ-ն, իբրև 3, 4 կամ 5 պետությունների միավորում, հետաքրքիր չէ, հետաքրքրություն ծագում է, երբ գրավիչ է դառնում այլ երկրների ներդրողների համար: Հիմա մեծ հետաքրքրություն է դրսևորում Չինաստանը: Երկու շաբաթից մեկնելու եմ ՈՒրումչի` մասնակցելու եվրասիական ինտեգրման խնդիրներով համաժողովի: Չինաստանը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության և զարգացման ճանապարհային քարտեզ է կազմել: Իսկ Հայաստանը ելք է դեպի Իրան և այդ ենթատեքստում մեծ հնարավորություններ կան թե՛ նավթագազային, թե՛ գյուղատնտեսական նախագծերի համար: Բացի դեպի Իրան ելքից, Հայաստանը գրավիչ է իր հազվագյուտ մետաղներով, լեռնահանքային արդյունաբերության զարգացման մեծ հնարավորություններ ունեք դուք, հավելեք էլեկտրաէներգետիկան, տրանսպորտային հաղորդակցությունը: Հայաստանի եվրասիական ինտեգրման մեջ տնտեսականից շատ ավելի մեծ դեր ունի քաղաքական-ռազմավարական նշանակությունը Ռուսաստանի համար: Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում, հուսալի դաշնակիցը, և դա բարձր գին ունի: Պետք է կարողանալ քաղաքական նշանակությունից տնտեսական օգուտներ քաղել: -Հաճույքով կհամաձայնեի, բայց այս օրերին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու` հանդիպելու ՌԴ-ի ռազմավարական գործընկեր Ադրբեջանի ղեկավարության հետ: Բացի այդ, Ռուսաստանը պաշտոնապես Ադրբեջանին հրավիրել է ԵԱՏՄ: -Ադրբեջանը դեռ ոչինչ չի պատասխանել: -Ժամանակի ընթացքում կպատասխանի և ո՞ւմ հաշվին: -Ես Ռուսաստանի անունից ոչինչ չեմ կարող ասել, Հայաստանի հետ Բելառուսն ունի բարեկամական հարաբերություններ: Բելառուսը բարեկամական հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ: Ադրբեջանը և Հայաստանը ԱՊՀ անդամ են: -Դուք կարծում եք` ԱՊՀ-ն դեռ կա՞: -ԱՊՀ-ն կարևոր դեր ունի իբրև քաղաքական ակումբ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտին մերձ «Հանուն ԱՄՆ-ի զարգացման և ժողովրդավարության» վերլուծական կենտրոնը ուսումնասիրություն է հրապարակել, թե ինչու ԱՄՆ-ը չի կարող հետխորհրդային տարածքում առաջ անցնել Ռուսաստանից: Նրանք բերել են Տաջիկստանի օրինակը: Վերջին անգամ ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպել է Տաջիկստանի վարչապետին 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո, իսկ Ռուսաստանը ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպում է տարեկան երեք-չորս անգամ: Մշտական շփումները ստեղծում են այն հողը, որի վրա աճում են ինտեգրացիոն հնարավորությունները: Առանց ԱՊՀ քաղաքական ակումբի չէր լինի եվրասիական ինտեգրացիան, չէր լինի ՀԱՊԿ պայմանագիրը: Եվրասիական ինտեգրումը պետք է դիտարկել իբրև Հայաստանի անկախության, անվտանգության և տարածքային ամբողջականության հավելյալ երաշխիք: Ե՛վ ռազմաքաղաքական, և՛ տնտեսական ուղղությունները միասին են զարգանում: Նախագահ Լուկաշենկոն մի քանի օր առաջ Մինսկում ընդունեց ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների և անվտանգության խորհուրդների ղեկավարներին և նրանց ուղիղ ասաց, որ տնտեսականից հետո սկսվելու է ռազմաքաղաքական ինտեգրումը: Հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ բարդ հարց են, ոչ մի քաղաքագետ այդ հարցին ուղղակի պատասխան տալ չի կարող: Ես վերջերս կարդում էի վերլուծական նյութերը` ինչպես է ծագել ԼՂ հակամարտությունը և մտովի ինձ ԽՍՀՄ ղեկավարության տեղն էի դնում` կարո՞ղ էին նրանք այն ժամանակ գտնել կողմերի համար փոխընդունելի լուծում: Դրա համար պետք էր հանճարեղ լինել: Կոնֆլիկտը իսկապես շատ բարդ է ու երկարաձգված: ԵԱՏՄ-ն կոնֆլիկտի հաղթահարման երաշխիք չի տալիս, բայց հստակ երաշխիքներ է տալիս, որ կոնֆլիկտը լայնամասշտաբ պատերազմի չի վերածվի: Թեպետ ներկա իրավիճակում ոչինչ բացառել չի կարելի: Եվրասիական ինտեգրումը խաղաղության պահպանման երաշխիք է: -Ո՞րն է այդ երաշխիքը: -Նախ և առաջ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ԵԱՏՄ-ում ստանում է այնպիսի հզոր դաշնակիցներ, ինչպես Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: -Այո, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, Ղազախստանը Թուրքիայի և Ադրբեջանի ջերմ բարեկամն է, իսկ… -Երկիրը չի ունենում հավերժական դաշնակիցներ, ունենում է հավերժական շահեր: Որևէ պետություն չի ցանկանա, որ միության ներսում ռազմական կոնֆլիկտներ ծագեն, վստահ եղեք: Կօգտագործվի միջազգային ամբողջ զինանոցը` քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, որպեսզի պատերազմ չլինի: Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման բանալին, իմ կարծիքով, ո՛չ Երևանում է, ո՛չ Բաքվում: Գերտերությունների ձեռքին է: -Գերտերությունները, իբրև միջնորդներ, տասնամյակներ ԵԱՀԿ Մինսկի խմբում փորձում են հարցը լուծել: -Կան հավերժական կոնֆլիկտներ, օրինակ` Ֆոլկլենդները` Մեծ Բրիտանիայի ու Արգենտինայի միջև վիճարկվող կղզիները: Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, բայց ԱՄՆ-ի դաշնակիցն է նաև Արգենտինան: ԱՄՆ-ը, սակայն, այս կամ այն կողմին աջակցելու խաղերում չկա: ՆԱՏՕ-ի անդամ են և՛ Թուրքիան, և՛ Հունաստանը, որոնց սահմանները մինչև վերջերս ականապատված էին: Մենք չպետք է կոնֆլիկտները հիմք ընդունելով, խոչընդոտներ ստեղծենք մեր երկրների զարգացման համար: Համենայն դեպս, դա Բելառուսի դիրքորոշումն է: Ինձ դուր եկավ եվրասիական ինտեգրման վերաբերյալ մի քաղաքագետի կարծիքը` «Կոշիկներդ մի հանիր` ջուրը չտեսած», ես կշարունակեի, որ խելամիտ չէ` ջուրը տեսնելով ժամանակին կոշիկները չհանելը: Այո, կարևոր է չշտապել, բայց նույնքան կարևոր են չհապաղելն ու չմեկուսանալը: Որքան արագ Հայաստանը միանա ԵԱՏՄ-ին, այնքան բոլորի համար լավ կլինի: Կարելի է, իհարկե, հակափաստարկներ բերել` իսկ Ադրբեջա՞նը, իսկ Ղարաբա՞ղը, բայց առաջարկը եղել է և ակնհայտ շահավետ առաջարկ է: -ԵԱՏՄ-ում հայտնվելու ի՞նչ հեռանկարներ ունի Թուրքիան: Դա Թուրքիային պե՞տք է: -Գիտե՞ք, ով է ասել «Կոշիկներդ մի հանիր` ջուրը չտեսած»` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմալ Չիչեկը, երբ Մաքսային միության համաձայնագրի կնքումից հետո իրեն հարցրի հեռանկարի մասին: Չեմ կարծում, որ Թուրքիան այդ նախագծին միանա, որպես գործընկեր, այո, սեփական ճանապարհային քարտեզը կարող է առաջարկել, բայց Թուրքիան իրեն համարում է ինքնաբավ երկիր: Նախանցյալ տարի մի կոնֆերանսի ժամանակ Ալի Բաբաջանն ասաց` մենք չենք ուզում լիդեր լինել, բայց տեսնում ենք, որ տարածաշրջանում մեզ մղում են դրան: Թուրքիան իրեն համարում է հզոր երկիր, գուցե և` Ռուսաստանին հավասար: -Մեր պատմության մեջ ռուս-թուրքական տանդեմի հետևանքով Հայաստանը միշտ կորուստներ է ունեցել` պետականության, տարածքների, բնակչության: -Բոլորովին վերջերս Էրդողանը այնպիսի հայտարարություն արեց, որ հայերը երևի չէին էլ սպասում երբևէ լսել, ներում չէր խնդրում, իհարկե, և «ցեղասպանություն» բառն էլ չհնչեց, խոսվում էր ընդհանուր ցավի մասին, նրանք հայկական եկեղեցի բացեցին, փորձում էին սահմանը բացել: -Այո, բայց նախապայման են դնում Ղարաբաղի հարցը: -Հայաստանը դրան չի գնա, և Հայաստանից ոչ ոք դա չի պահանջում: Հայաստանի եվրասիական ինտեգրումը առանձին հարց է, Լեռնային Ղարաբաղը` բացարձակ այլ: Չի կարելի բոլոր հարցերը խառնել մի կույտում` Ադրբեջան, Ղարաբաղ, Թուրքիա, եվրասիական ինտեգրում, ու լուծում սպասել, պետք է քայլ առ քայլ լուծում գտնել: Ձեր քաղաքական գործիչները, դիվանագետները պետք է իմաստուն գործեն: ԵԱՏՄ եռյակը շատ է ցանկանում Հայաստանը տեսնել իր շարքերում: Մենք առաջարկում ենք որոշակի պայմաններ, Հայաստանը կարող է իր համար առավել շահավետ պայմաններ ստանալ բանակցելով: Ամեն ինչ կախված է հայ քաղաքական գործիչների իմաստնությունից, պետք է պրոբլեմները տարաբաժանել ու ճանապարհային քարտեզ մշակել` հերթով լուծելու համար` հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը: -Եվրաինտեգրման ի՞նչ հեռանկարներ ունի հիմա Բելառուսը: -Մենք սովորել ենք աշխատել: 2011-ը մեզ համար շատ ծանր տարի էր, նախագահական ընտրություններից հետո տնտեսական դևալվացիայի տարի էր: Այդ տարի ԵՄ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը երկու անգամ մեծացավ: ԵՄ-ն չի կարող Բելառուսի նկատմամբ լիարժեք կիրառել պատժամիջոցները: Օրինակ` Լիտվան: Կլայպեդայի նավահանգստի բեռնաշրջանառության 40 տոկոսը բելառուսական ապրանքներ են, 88 համատեղ ձեռնարկություն կա, մեկուկես միլիոն բելառուս ամեն տարի գնում է Լիտվա` առևտրի ու հանգստի: Ի՞նչ լիարժեք պատժամիջոցների մասին կարող է խոսք լինել, եթե Բելգիան, Հոլանդիան, մասնակիորեն` Գերմանիան բելառուսական նավթամթերքներ են օգտագործում: Մենք չենք սպասում, որ մեզ սկսեն գովաբանել, մեզ համար կարևորը տնտեսությունն է, մեր տնտեսությունը զարգանում է: ՈՒկրաինայի հարցում Մինսկը հավասարակշիռ, իմաստուն դիրքորոշում ունի, մենք կտրուկ հայտարարություններ չենք արել, աջակցեցինք մեր դաշնակից Ռուսաստանին` որտեղ պետք էր: Մենք արել ենք մտածված քայլեր, որ ընկալվել են և՛ ՌԴ-ում, և՛ Արևմուտքում: Բելառուսը շահավետ հարթակ է` գալիս են ռուսներ, չինացիներ, թուրքեր, ղազախներ, եթե եվրոպացիները չեն ցանկանում ուշանալ, կարող են միանալ: Բելառուսը դուրս չի եկել «Արևելյան հարևանության» ծրագրից: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջ քաշեց «Ինտեգրում հանուն ինտեգրման» կարգախոսը` Ատլանտյանից Խաղաղ օվկիանոս ինտեգրման կոչ անելով, մենք պատրաստ ենք լինել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած միասնական տարածքում` Լիսաբոնից Վլադիվոստոկ: Մենք այդ ճանապարհով պատրաստ ենք այնքան հեռու գնալ, որքան մեր եվրոպացի գործընկերները: -Իսկ Մոսկվա՞ն: -Մոսկվան էլ ունի տնտեսական շահեր: ԵՄ-ն ունի տեխնոլոգիաներ, ֆինանսներ և վիթխարի շուկա` 450-միլիոնանոց: Իհարկե, կա Չինաստանը, Հարավարևելյան Ասիան, մենք թեքվել ենք դեպի եվրասիական ինտեգրում, բայց չենք հրաժարվում եվրաինտեգրումից: Բացասական դերում է ԱՄՆ-ը, բայց եվրոպացի շատ առաջնորդներ ուզում են այդ քաղաքականությունը վերանայել` Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում: Հակառուսական տրամադրություններ կան Մերձբալթիկայում, Լեհաստանում, բայց խոշոր պետություններում հասունանում է քաղաքականության ռացիոնալ ընկալումը, նրանց ձեռնտու չէ առճակատումը, նրանց պետք են գործընկերային հարաբերություններ: Բելառուսը կատարում է ԵՄ-ի հետ իր գործընկերային պարտավորությունները, մենք ունենք ընդհանրական շահեր ու ընդհանրական մարտահրավերներ, բայց, ցավոք, երկու կողմերում էլ կա լճացած քաղաքական մտածողություն, որ բնորոշ է սառը պատերազմի տարիներին: Արևմուտքն իր համար հեքիաթ է հնարել, որ եկել է պատմության ավարտը, լիբերալ արևմտյան աշխարհը քաղաքակրթության զարգացման գագաթն է, այլընտրանքներ չկան: Պարզվեց` ոչ, երկրներն ուզում են ապրել իրենց կանոններով: Մենք եվրոպացիների հետ ընդհանրություններ ունենք, բայց ունենք և մեր արժեքները, քաղաքականություն ու տնտեսություն վարելու մեր տեսլականը: Դա շատերին դուր չի գալիս, բայց մենք գիտենք մեր տեսակետները պաշտպանել: Ինչքան ճնշումներ եղան Բելառուսի վրա, ինչքան պատժամիջոցներ, բայց մենք մնացինք մեր դիրքերում, ու հիմա մեզ ձեռք են պարզում: Կյանքն ինքն է պարտադրում ինտեգրում, այդ թվում` Եվրամիության հետ: -Քանի դեռ ՌԴ-ԵՄ հարաբերությունները կարգավորված չեն, այլ պետություններ կարո՞ղ են իրենց թույլ տալ ազատ, անկախ համագործակցություն ԵՄ-ի հետ: -Մեր երեք հարևանները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամներ են: Դանդաղ, բայց բարելավվում են մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, այսօր արդեն չեն հնչում մերկապարանոց հայտարարություններ: ՈՒկրաինական իրադարձությունները շատերին սթափեցրին: Մայդանը վախեցրե՞ց, թե՞ Ղրիմը, բայց այդպես է: -Եթե Հայաստանը իրավահավասար գործընկերներ չստանա ԵԱՏՄ-ում, ի՞նչ է մնում անել: -Դուք կարող եք ձեր պայմաններն առաջադրել, Ռուսաստանը խիստ շահագրգռված է Հայաստանի անդամակցությամբ: Բելառուսն անցել է այդ ճանապարհը, մենք ստացանք գազի մեր ցանկացած գինը, տրանսպորտային համակարգը հիմա «Գազպրոմի» դուստր ձեռնարկության ձեռքում է, բայց այդ ընկերությունը Բելառուսի տարածքում հարկեր է վճարում, աշխատատեղեր ստեղծում: Եթե դիմադրեինք, կստանայինք 360 դոլար գազի սակագին, չէինք ունենա հարկեր ու աշխատատեղեր: Քաղաքականությունը հնարավորի արվեստն է, դուք անկասկած կորուստներ ունենալու եք ԵԱՏՄ-ին անդամակցելով, բայց ի՞նչ եք ստանալու: Շատ ավելին: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Հայաստանը ԵՄ ինտեգրմամբ փայլուն հեռանկարներ էր ստանալու, սխալվում է: Հայաստանը ԵՄ-ին պետք չէ: Յուրաքանչյուր նոր երկրի ինտեգրումը միլիարդավոր եվրոներ է արժեցել ԵՄ-ին: Հիմա ԵՄ-ն այդ գումարները չունի: Յանուկովիչն ասաց` մենք կստորագրենք ասոցացման համաձայնագիրը, իսկ ո՞վ կփոխհատուցի մեր միլիարդավոր ծախսերը: Ձեզ ոչ ոք փող չի տա` պատասխանեցին Յանուկովիչին: Նույնը ասում են Վրաստանին ու Մոլդովային: ԵԱՏՄ-ում յուրաքանչյուր երկիր ունի վետոյի իրավունք, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և դա Հայաստանի համար լավ լծակ է` իր շահերը պաշտպանելու։ Պետք է հաղթահարել բարդույթները և սովորել Ռուսաստանի ու մյուս պետութունների հետ խոսել հավասարի պես: Զրույցը վարեց Անահիտ Ադամյանը http://www.irates.am/hy/1402349268 [ http://www.irates.am/hy/1402349268 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here