Վիգեն Հակոբյան. Հայաստանում շատերը գոհ են, որ ՀՎԿ-ն խորհրդարանում չի լինի

0
285

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համար երեկ կայացած ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին: Այսօր այդ մասին, քաղտեխնոլոգը հայտարարեց «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ: Նա կարծում է, որ ընդդիմադիր ձայների մեծամասնությունը տրվեցին Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքին, հետեւաբար, քաղտեխնոլոգը համարում է, որ որոշ ընդդիմադիր ուժեր իրենց «մինիմում ծրագիրը» չկատարեցին:

Ընտրությունների արդյունքները փաստում են, որ ՀՀԿ-ն ցանկության դեպքում կարող է նոր կառավարություն ձեւավորել: Բանախոսը հակված է կարծել, որ ՀՅԴ-ի հետ նոր կոալիցիոն համաձայնագիր կկնքվի, քանի որ համագործակցությունը ռազմավարական բնույթ ուներ: «Ծառուկյան» դաշինքը, ըստ նրա, նոր խորհրդարանում կմնա ընդդիմադիր դաշտում, բայց ԵԼՔ-ի հետ կոալիցիա չի կազմի. նրանց մոտեցումները տարբեր են:

Վիգեն Հակոբյանը «փոքրիկ սենսացիա» է համարում, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չհաղթահարեց հինգ տոկոսանոց շեմը: «Հայաստանում շատերը գոհ են այդ փաստից»,- հայտարարեց նա:

Քաղտեխնոլոգն ուշագրավ է համարում, որ հստակ արեւմտամետ ուժը`«Ազատ դեմոկրատները», շատ քիչ տոկոս հավաքեցին: Կարծում է, նրանց համակիրներից մի մասը ԵԼՔ-ի օգտին քվեարկեց. «Ես չեմ բացառում, որ մի մասն էլ ՀՀԿ-ի օգտին քվեարկեց, եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ի վարչապետը դեմոկրատական իմիջ ունի, քարոզարշավն էլ արեւմտյան ոճով անցկացրեց»:

Քաղտեխնոլոգը գտնում է, որ վարկանիշային ընտրակարգը պետք է վերանայվի վաղ թե ուշ, այն ստվերում է ընտրությունների քաղաքական ասպեկտը:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի խոսքով էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կողմնակիցները Հայաստանում շատ են. տարբեր սոցիոլոգիական հարցումներով, նրանք 70 տոկոս են կազմում և նրանք քվեարկել են ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի օգտին, քանի որ ՀՀ իշխանությունները բազմավեկտոր քաղաքականություն են վարում:

«Հանրությունը քվեարկեց եւ 2018-ից արդեն արդյունքներ է պահանջելու, երբ սոցիալ-տնտեսական վիճակը կգնա դեպի բարելավում, երբ ներդրումներ կլինեն, արտադրությունը կաշխատի, նոր կարող ենք ասել, որ նոր քաղաքական համակարգը սկսում է աշխատել: Սպասում ենք խոստումների կատարմանը»,- ասաց Արամ Սաֆարյանը` հաջողություն մաղթելով նոր ձևավորվող խորհրդարանին: Նա կարծում է, որ կան բոլոր հնարավորությունները լավ ու որակյալ խորհրդարան ունենալու համար:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here