Փորձագիտական հանրության խնդիրները Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում

0
336

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

 

Հոկտեմբերի 25-ին Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը անցկացրեց կլոր սեղան «Փորձագիտական եւ կրթական հանրության դերը եվրասիական տնտեսական ինտեգրման մեջ» խորագրով: Այդ նշանակալից ձեռնարկը կազմակերպվել էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, հետազոտության եւ վերլուծության «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ: Ներկա էին ԵՏՀ պատասխանատու աշխատողներ (դեպարտամենտների տնօրեններ, բաժնի պետեր, Հայաստանի եվրասիական թեմատիկայով զբաղվող գիտափորձագիտական շրջանակների ներկայացւցիչներ): Օրակարգում քննարկվում էր այն հարցը, թե ինչպես կարող են լավագույն ձեւով համագործակցել փորձագետները ԵԱՏՄ անդամ-երկրներում միմյանց միջեւ, ամբողջությամբ վերցրած եվրասիական ինտեգրացիոն տարածքում` կառավարությունների եւ վերազգային կառույց հանդիսացող ԵՏՀ-ի հետ: Սա այնքան հասունացած հարց է, որ կառավարությունների ղեկավարները երեւանյան նիստի ժամանակ նույնպես քննարկեցին այն:

Հայ փորձագետները եւ Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն գործընթացին

Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կլոր սեղանին մասնակցող չորս տասնյակ փորձագետներին ներկայացրեց իր ընթացիկ հետազոտության արդյունքները Հայաստանի տնտեսության վիճակի մասին այս տարվա առաջին ութ ամիսների տվյալների հիման վրա: Այս խիստ պահանջարկված հետազոտությունը պերճախոս վկայում է, որ այս տարի մեր տնտեսության վիճակը բնորոշող կարեւորագույն ցուցանիշները շատ հուսադրող են: Անցյալ տարվա հետ համեմատած աճում են թե՛ արտահանման, թե՛ ներկրման ծավալները: Հետաքրքրական է, որ երկնիշ թվերով են աճում արտահանման ծավալները դեպի Ռուսաստան, ընդ որում խոսքը վերաբերում է գլխավորապես պատրաստի արտադրանքի արտահանմանը, ինչը բնութագրիչ նշանակություն ունի մեր տնտեսության համար: Եվրոպական Միություն առաքվող ապրանքի ծավալները նույնպես մեծացել են, բայց այստեղ մենք գործ ունենք հումքի գների աճի հետ: Երկնիշ թվերով են աճում արդյունաբերությունը եւ ծառայությունների ոլորտը: Հետընթաց զարգացում են ապրել շինարարությունը եւ գյուղատնտեսությունը; Սակայն ուշագրավ է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները նույնպես աճում են երկնիշ թվերով: Էականորեն աճել են Ռուսաստանից Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալները, կազմելով ավելի քան 1.5 մլրդ. դոլար: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս տարի, մինչեւ տարեվերջ, այդ ցուցանիշը էլ ավելի կմեծանա: Այսպիսով, կարելի է ասել, որ այստեղ եւս ոչ միայն վերականգնվել են նախաճգնաժամային ցուցանիշները, այլեւ առկա է բացարձակ զարգացման միտում: Քանի որ Ռուսաստանի տնտեսությունը մտել է կայուն զարգացման փուլ եւ մոտակա 2-3 տարիներին ակնկալվում է տնտեսական աճ, այն արդեն ունեցել է դրական ազդեցություն Հայաստանի, Ղրղզստանի, ինչպես նաեւ Տաջիկստանի տնտեսությունների վրա: Ռուսաստանի աշխատանքի շուկան կրկին վերադարձրել է իր գրավչությունը հայ արտագնա աշխատողների համար: Այս ցուցանիշները գալիս են հաստատելու, որ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը մոտակա տարիներին նույնպես վերընթաց է արձանագրելու: Ուշագրավ է, որ անդամ-երկրների փորձագիտական հանրությանը համակած այն միտքը, թե պետք է ձեւեր գտնել միմյանց հետ համագործակցելու, փորձագետների ձայնը ավելի լսելի դարձնելու եւ գիտական հաստատություններն ու փորձագիտական շրջանակները ինտեգրման հաջողությանը նպաստող խնդիրներին ծառայեցնելու համար, վերջապես լսելի դարձավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար:

ԵՏՀ-ում բացահայտ ասում են նաեւ, որ իրենց հետաքրքրում է կառուցողական եւ կոմպետենտ քննադատությունը: Այն կարող է ծառայել մշակվող որոշումների որակը բարձրացնելուն: Սա նոր բան է եւ պետք է հասկանալ, որ հանձնաժողովի վերլուծաբանները սկսելու են աշխատել նաեւ քննական ու քննադատական նյութի մեծ ծավալների հետ:

Թույլ չտալ բացասական միտումներին քայքայելու եվրասիական տնտեսական ինտեգրումը

Ճանաչված սոցիոլոգ Սամվել Մանուկյանը մանրամասնորեն վերլուծել է սոցիոլոգիական գիտության դերը ինչպես հանուն ինտեգրացիոն գործընթացի հաջողության գործում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ փլուզման գործում: Հետաքրքրական է, որ արեւմտյան քաղաքական շրջանակներն ու հատուկ ծառայությունները շատ լուրջ ու հետեւողական ջանքեր են գործադրել 20-25 տարի առաջ նախկին ԽՍՀՄ-ի փլուզումը անշեղ դարձնելու նպատակով: Սոցիոլոգիան որպես գիտություն այսօր տրամադրում է գործիքակազմ, որը քաղաքական զենք է դառնում Արեւմուտք-Ռուսաստան քաղաքակրթական բախման եւ գլոբալ առճակատման մեջ: Շատ տարբեր, ոչ միշտ օբյեկտիվ, հաճախ ոչ կոմպետենտ միջոցներով անցկացվող զանազան սոցիոլոգիական հարցումները սկսում են «փաստարկ» դառնալ հասարակական մանիպուլիացիաների եւ, մասնավորապես, հակառուսական, հակաեվրասիական տրամադրությունների բորբոքման համար: Ահա, թե ինչու ազնիվ եւ անկաշառ սոցիոլոոգների կարիքը գնալով կարեւորվում է, իսկ նրանց հետազոտությունների արդյունքերը դառնում են կառավարությունների ու քաղաքական շրջանակների համար շատ պահանջված:

Ճանաչված վերլուծաբան Գագիկ Հարությունյանը տարբեր առիթներով ասել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո եվրասիական տարածքը շատ երկար ժամանակ աշխարհում ամենաանգաղափարն է ու ապագաղափարականացվածն է եղել: Սա այնքան ակնհայտ զարմանքի արժանի երեւույթ է, որ դրան ուշադրություն էին դարձրել նաեւ շատ արեւմտյան տեսաբաններ: Եվրասիական տնտեսական ինտեգրումն այսօր ընդգծում է «տնտեսական» լինելու հանգամանքը: Այլ կերպ ասած, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քաղաքական ինտեգրման հարցեր չեն կարող քննարկվել: Բայց փորձագիտական շրջանակներում մեծապես հասունացած է այն գիտակցությունը, որ առանց գաղափարական ընդհանրությունների, առանց քաղաքակրթական միատիպության, առանց միմյանց մշակութային ու ավանդական արժեքները իմանալու, հարգելու ու պահպանելու, միայն առեւտրի ու փող վաստակելու սկզբունքները հռչակելով, շատ հեռու չենք գնա: Մեր աչքի առաջ ունենք եվրոպական ինտեգրման դերը, որտեղ տասնամյակներով իշխող քաղաքական շրջանակները հարյուր միլիոնավոր մարդկանց մեջ ներարկում էին «Եվրոպան մեր ընդհանուր տունն է, մեր մեծ հայրենիքը» գաղափարը: Ճիշտ այդպես կարող է լինել եւ Եվրասիական տնտեսական միության հետ, եթե այն իսկապես շռնդալից զարգացում ապրի, շահավետ ու օգտակար լինի այս տարածքում բնակվող ժողովուրդների համար: Ինչ-որ տեղ, ինչ-որ պահից սկսած պետք է մտածել ընդհանուր տան գաղափարը զգուշորեն եւ հմտորեն մեր հասարակություններում քննարկել սկսելու մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը այս պահին դեռ նման քննարկումներ անցկացնելու համար պատրաստ ատյան չէ: Բայց անդամ-երկրների փորձագետների հետ այս եւ սրանց նման հարցերը դնելու իրավունք, կարծում եմ, երեւանյան գագաթաժողովից հետո ունենալու է:

Միասնական տարածքը ինտեգրման օգտին կարեւորագույն փաստարկ

Կլոր սեղանին մասնակցող մոսկովյան հյուրերը ներկայացնում էին այն զգալի աշխատանքը, որ տարվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ապրանքների, փողի, ծառայությունների ու մարդկանց ազատ տեղաշարժը ապահովելու, ներքին առեւտրին խանգարող արգելքների վերացման նպատակով: Անցած 2.5 տարիների ընթացքում քիչ բան չի արվել այս ուղղությամբ: Մոտակա 5-7 տարիների ընթացքում նպատակաուղղված աշխատանք է տարվելու միասնական արդյունաբերական, միասնական առեւտրական, միասնական էներգետիկ եւ այլ տարածքներ ձեւավորելու ուղղությամբ: Տնտեսագետ Աշոթ Թավադյանը գտնում է, որ եթե Հայաստանը չմտներ ԵԱՏՄ կազմի մեջ, ապա մեր տնտեսության վնասները կկազմեին տարեկան 500 մլն. դոլար: Հիմա ակնհայտ է դառնում, որ շուկայական հարաբերությունների զարգացման արդյունքում, օրինակՙ նավթի եւ գազի բորսայական առեւտրի պայմաններում տեսանելի հեռանկարում վառելիքի գները Հայաստանի համար կարող են էլ ավելի էժանանալ: Առայժմ սա տեսական հնարավորություն է, բայց այն իրատեսական է թվում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գլոբալ տնտեսության մեջ դրական միտումների պայմաններում մեր տնտեսության մեջ դրական տեղաշարժերը այնքան նկատելի են, որ տարվա սկզբից արդեն երրորդ անգամն է, ինչ փոխվում է կանխատեսումը տարեվերջին ներքին համախառն արդյունքի ցուցանիշի աճի վերաբերյալ: Եթե տարվա սկզբին միջազգային հեղինակավոր կառույցները Հայաստանի համար կանխատեսում էին ՀՆԱ-ի մինչեւ 2% աճ, իսկ տարվա կեսերին 3,2%-ի աճ, ապա այժմ` 8 ամսվա արդյունքով կանխատեսվում է 4% եւ ավելի աճի հնարավորություն: Մենք ասել ենք եւ կրկնում ենք, որ տնտեսության առողջացման համար օրհասական կարեւորության հարց է մինչեւ 7% ՀՆԱ-ի տարեկան աճի ցուցանիշին հասնելը: Իսկ դա հնարավոր է 2019 թ., եթե բոլոր շահագրգռված օղակները լարված աշխատեն եւ չփոխվեն գլոբալ տնտեսական տրենդները:

Այս դատողությունները նոր իմաստ են ստանում տնտեսական կյանքի աշխուժացման պայմաններում: Եթե փորձագիտական հանրությունը ազնիվ ու կոմպետենտ ձեւով քննարկի ու հասարակության մեջ տարածի մեր երկրի զարգացման հիմնական միտումների մասին գիտափորձագիտական եզրակացությունները, մենք ոչ միայն մարդկանց կզինենք լավատեսությամբ եւ համբերությամբ, այլեւ հայկական բիզնեսին, կառավարող շրջանակներին, գիտական հանրությանը կմղենք ավելի նպատակաուղղված, ավելի ազգօգուտ ջանքերի: Վերջապես պետք է գա ժամանակը, երբ մեր երկրի շարքային քաղաքացիները, ամենատարբեր առիթներով արտասահման տեղափոխված, բայց ականջը դեպի Հայաստան պահող հայրենակիցները կհավատան, որ մեր երկրի համար էլ կգան լավ օրեր: Տնտեսագետները ասում են, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը հնարավորություն է, որից կարելի է օգտվել: Մեր աշխատասեր եւ համարձակ հայրենակիցների շնորհիվ մեր տնտեսության շատ ճյուղեր վերակենդանացման ու զարգացման ճանապարհ են բռնել: Նրանց պետք է օգնել: Երեւանում անցած գիտափորձագիտական հանրության վերոհիշյալ համաժողովը ցույց տվեց, որ մեր մասնագետները ուժեղ են, ռուս, բելառուս կամ ղազախ գործընկերներին ոչնչով չեն զիջում, իսկ առանձին դեպքերում մեր գաղափարներն ու մոտեցումները շնորհակալությամբ ընդունվում են ԵՏՀ «վերեւներում»: Աշխատանքի մեծ դաշտ կա, եթե նիրհից դժվարությամբ արթնացող մեր շատ գիտնականներ ու փորձագետներ որոշեն ներգրավվել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում:

 

 

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here