Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրաստիական փորձագիտական ակումբի անդամ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ներկայիս նախընտրական պրոցեսին վերաբերող երեք դրույթի, իսկ հետո՝ երկու գործընթացի մասին, որոնք հույժ կարեւոր են լինելու նոր Ազգային ժողովի կազմավորումից հետո։
«Առաջին դրույթը՝ Հայաստանում կուսակցական գաղափարախոսությունների հիմնական ջրբաժանը աշխարհաքաղաքական է: Հասարակական դիրքորոշումներում Ռուսաստան — Արեւմուտք կողմնորոշումների հարաբերակցությունն է 70։30:
Այդ տեսակետից՝ «Թավշյա հեղափոխության» ռազմավարությունը իմաստուն էր․ կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսը ոտքի կանգնեցրեց եւ համախմբեց հասարակության երիտասարդ եւ ակտիվ հատվածը, իսկ ամենասկզբից եւ պարբերաբար հնչող բացատրությունը, որ հեղափոխությունը նպատակ չունի փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը հետ պահեց շարժումը պառակտումից եւ քաղաքացիական ընդհարումներից։
Դրա մասին են վկայում սոցիոլոգիական գնահատականները՝ բուն զանգվածային շարժման մասնակիցների շարքում պրոռուսական եւ պրոեվրոպական դիրքորոշումներ ունեցողների հարաբերակցությունն էր 2։1, ի օգուտ պրոռուսականի, իսկ ոստիկանության հետ բախումների փորձ ունեցողների շրջանում՝ 6 : 5:
Երկրորդ դրույթը՝ Հայաստանի նկատմամբ եվրոպական նպատակաուղղված մշակութային քաղաքականության հետեւանքով առաջացել է եւ խորանում է երկրորդ ջրբաժանը՝ «ազգային պահպանողականություն եւ լիբերտինիզմ» (չշփոթել՝ «լիբերալիզմի» հետ, լիբերտինիզմը՝փիլիսոփայական ուղղություն է, որը որը ժխտում է ցանկացած հասարակական նորմ եւ արժեհամակարգ)։ Այստեղ հարաբերակցությունը՝ 98 ։ 2 է, ի օգուտ ազգային պահպանողականության։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ քաղաքականության թիրախը անչափահասներն են, ապա իրավիճակը կարող է մոտ ապահայում արագորեն էապես փոխվել։ Սա կարող է վերածվել ընտրական պայքարի տարրի։
Երրորդ դրույթը՝ Հայաստանի քաղաքական գաղափարախոսությունների դաշտում փաստորեն բացակայում է Իսկական գաղափարական ջրբաժանը՝ տնտեսակարգի վերաբերյալ հարցը կամ՝ արտադրության միջոցների նկատմամբ սեփականության հարցը։ Սա իրականությունն է, անկախ այն բանից, թե Հայաստանում ինչպես են իրենք իրենց նույնականացնում կուսակցությունները», — ասաց Ս. Մանուկյանը։
Սոցիոլոգի կարծիքով` Հայաստանում «Մաքուր սոցիալիստական» ընտրազանգվածը կազմում է 72%, «Մաքուր լիբերալ» հատվածը՝ 8%, մնացած 20%-խառը տիպեր են։ Ընդ որում՝ Հայաստանի արդյունաբերությունում պետական մասնաբաժնի ավելացման կողմնակիցների եւ մասնավոր սեկտորի կողմնակիցների հարաբերակցությունն է՝ 92:8։
«Աշխատանքի միջոցների նկատմամբ սեփականության ձեւերի մասին կուսակցական դիրքորոշումների բաացակայությունը կամ՝ լուռ համաձայնությունը, այն հիմնական պատճառն է, որի հետեւանքով Հայաստանում կուսակցական համակարգը եւ դրա բոլոր «գաղափարախոսությունները» չեն համապատասխանում հասարակության լայն սպասելիքներին։ Այս պայմաններում կուսակցական ամբողջ համակարգի կարեւորագույն բնութագիրն է դառնում պոպուլիզմը՝ բոլոր կուսակցությունները գիտեն, թե որոնք են մակերեսում գտնվող հասարակական խնդիրները՝ գործազրկություն, ցածր աշխատավարձ, ցածր թոշակ, առողջապահության ֆինանսական անմատչելիությունը եւ շահագործում են այդ դրույթները», — նշեց Ս. Մանուկյանը:
Միեւնույն ժամանակ, սոցիոլոգը նկատում է, որ ոչ մի կուսակցություն չունի հստակ եւ հասկանալի պատասխան, թե ինչպես է լուծելու այդ խնդիրը. «Բոլոր պատասխանները կարող են ընդհանրացնել հայտնի «12 աթոռ» վիպակի կարգախոսով՝ «Խեղդվողների փրկության գործը իրենց՝ խեղդվողների գործն է»։ Քաղաքական գաղափարախոսությունների տերմիններով դա հնչում է այսպես՝ «Մենք կստեղծենք պայմաններ փոքր բիզնեսի զարգացման համար։ Ժողովու՛րդ, գնացեք եւ ինքներդ Ձեր համար աշխատատեղեր ստեղծեք»։ Կարգախոսն ունի չբարձրաձայնվող շարունակություն․ «․․․ կամ՝ ընդմիշտ գնացեք»։ Ինչը եւ տեղի է ունենում»։
Անդրադառնալով Հայաստանում քաղաքական պրոցեսների ապագա զարգացումներին եւ դրանց հետ կապված ռիսկերին` Ս.. Մանուկյանն առաջին հերթին խոսեց ռուսական ռազմաբազայի եւ ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումների, ինչպես նաեւ տնտեսական զարգացման տեմպերի մասին։
«Ռուսական ռազմաբազան Թուրքական վտանգից Հայաստանի պաշտպանվածության երաշխիքի սիմվոլն է։ Հայ – ռուսական ռազմական պայմանագրերը դրա մարմնավորումն են, ՀԱՊԿ-ը` դրա արդի լայն կոնտեքստը, իսկ ԵԱՏՄ-ն` տնտեսական ընդլայնումը։ Ռազմաբազայի ինֆորմացիոն տորպեդահարումը շղթայական կերպով կկազմալուծի այդ համակարգերը։ Իսկ ի՞նչ տեղի կունենա։ Չեմ անդրադառնա թուրքական ռազմական ագրեսիայի իրականացման հավանականությանը։ Կխոսեմ այդ պրոցեսի հետ շաղկապված հետեւանքների մասին։ Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում անընդհատ աճել է հասարակության կողմից նոր պատերազմի սկսվելու վտանգի զգացողությունը։ Այն շատ բարձր է։ Մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ որքան բարձր է այդ վտանգի զգացողությունը, այնքան բարձր է Հայաստանից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումը։ Այդ ազդեցությունը շատ հզոր է։ Մյուս կողմից, Հայաստանի հասարակության 82%-ը համարում է, որ պատերազմի դեպքում Հայաստանն ավելի պաշտպանված կլինի, եթե դաշնակցի Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Եվրոպայի եւ ԱՄՆ-ի։ Այսինքն՝ նրանք, ովքեր զբաղված են Ռուսական բազայի դեմ ինֆորմացիոն հարձակումներով, պետք է հստակ գիտակցեն, որ իրականացնում են թուրքական վաղեմի երազանքը՝ հայաթափել Հայաստանը։ Եթե Ռուսական ռազմաբազայի եւ ՀԱՊԿ-ի դեմ արշավանքները հաջողվեն, ապա չեն բացառվում հակազդեցությունները, որոնք կխաթարեն Հայաստանի տնտեսական անվտանգությանը։ Պետք չէ մոռանալ, որ Հայաստանի յուրաքանչյուր 5-րդ ընտանիքի՝ ավելի քան 500,000 մարդու ապրուստի հիմնական միջոցն է Ռուսաստանում աշխատանքային միգրանտի դրամական փոխանցումները։ Այդ փողերը՝ ավելի քան 1.5 միլիարդ դոլար, նաեւ հայկական դրամի կայունության կարևորագույն բազան են կազմում և Հայաստանի ՀՆԱ 13%-ը։ Հայաստանի բնակչության 36%-ը կազմող գյուղացիության և մշակող արդյունաբերության զգալի հատվածի արտաքին շուկան Ռուսաստանն է, Հայկական ատոմակային աշխատանքի շարունականության և նոր ատոմակայանի կառուցման երաշխիքը Ռուսաստանն է։ Այս հետեւանքները վերաբերվում են հետընտրական երկրորդ պրոցեսին, որի մասին ցանկանում եմ խոսել», — ընդգծեց Ս. Մանուկյանը։
Սոցոլոգի հավաստմամբ` վերջին 20 տարիների տնտեսական եւ սոցիոլոգիական ցուցանիշների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանի հասարակության լայն շրջանակները զգում են իրենց տնտեսական վիճակի բարելավումը, եթե ՀՆԱ տարեկան հավելաճը 10%-ի կարգի է։ Մինչեւ 5-6% կարգի հավելաճը մարդիկ, ըստ էության, չեն զգում. «Նրանք միայն մի քանի տարի անց՝ հետհայացքով են ընկալում են, իրենց տնտեսական վիճակն իրոք՝ բարելավվել է։ Մյուս կողմից, պրակտիկ քաղաքագիտությունից հայտնի է, որ հետհեղափոխական շրջանում տնտեսական աճ չի գրանցվում, ընդհակառակը՝ օրինաչափություն է տնտեսական անկումը։ Բարելավումները, եթե տեղի են ունենում, ապա տարիներ անց։ Հետեւաբար, կա նշանակալի հավանականություն, որ տեղի է ունենալու հեղափոխական զանգվածի ֆրուստրացիա։ Հետեւաբար, նոր իշխանությանը փող է անհրաժեշտ է լինելու։ Հայաստանի Վարչապետը աջակցության ակնկալիքով դիմել է Եվրոպական Միությանը եւ ԱՄՆ-ին: Ստացված պատասխանների ընդհանրացումը հետեւյալն է․ «Եթե կոռուպցիան եւ ժողովրդավարության պակասն էր տնտեսական զարգացմանը խոչընդոտը, ապա, ըստ Ձեզ՝ առաջինը հաղթահարված է, երկրորդը՝ հաստատված։ Գնացե՛ք եւ զարգացե՛ք։ Փո՛ղ՝ չի լինելու»։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ փող կլինի, սակայն Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների համար շատ ծանր եւ անընդունելի պայմաններով։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի ուղերձը կարելի է մեկնաբանել նաեւ այս կոնտեքստում»։
Այսպիսով՝ եզրափակելով խոսքը` Ս. Մանուկյանը չխորանալով տնտեսակարգի վերաբերյալ խնդիրներին, որոնց խոստացավ անդրադառնալ հետագայում, նշեց, որ, վերջին հաշվով, պետությունն իր ֆունկցիաներն իրականացնում է պետական բյուջեի միջոցով, որն այսօր խիստ անբավարար է Հայաստանի տնտեսական զարգացումը խթանելու եւ սոցիալական խնդիրները բավարար չափով լուծելու համար. «Այս կոնտեքստում, հաշվի առնելով տնտեսակարգի վերաբերյալ հասարակության վերը նշված դիրքորոշումները, հիշենք, որ Հայաստանի նոր Սահմանադրության 1995 թ․ խմբագրությամբ 8-րդ հոդվածի 3-րդ կետում գրված էր․ «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»: Մեր Սահմանադրության ավելի քան 20-ամյա հարատեւ է՛լ ավելի ժողովրդավարեցման ընթացքում, այս կետն անհետացել է։ Այն պետք է հետ վերադարձնել եւ դրա հիման վրա զարգացնել արտադրության միջոցների նկատմամբ սեփականության այլ ձեւերը, պետական, համայնքային, ակցիոներական, որոնք համապատասխանում են Հայաստանի հասարակության լայն շրջանակների ցանկություններին։ Այդ պրոցեսի սկիզբը կկատարի անցումային շրջանում ժողովրդի վստահությունը պահպանման եւ բարձարցման ֆունկցիան, իսկ, եթե կոռուպցիան իրոք հաղթահարված է, ապա պետական բյուջեի համար պետական ձեռնարկությունների արդյունավետություն՝ նշանակալիորեն ավելի բարձր կլինի, քան համանման մասնավորինը։ Պետք է սկսել զանգվածային սպառման մթերքի, դեղորայքի եւ բենզինի ներկրման, ինչպես նաեւ գյուղմթերքի արտահանման պետական կորպորացիաների ստեղծումից։ Առանց դրա մեր պետությունը եւ իշխանությունները միշտ կախված կլինի նրանցից, ովքեր փող ունեն՝ օլիգարխներից, գերտերություններից եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից», — ամփոփելով թեման` շեշտեց սոցիոլոգը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.