Հայաստանի տնտեսությունը 2020թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում

0
424

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան

Եվրասիական փորձագիտական ակումբն արդեն վեցերորդ անգամ նախաձեռնել է ընթացիկ տնտեսագիտական հետազոտություն, պարզելու համար, թե ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսական կացությունը կիսամյակի կտրվածքով ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում: Ճանաչված տնտեսագետներ պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետազոտական խմբերը, հենվելով հրապարակված տարբեր տեղեկությունների վրա, ամփոփել, դասակարգել եւ գնահատել են վերոհիշյալ գործընթացները եւ արել են արդեն ավանդական դարձած կանխատեսումներ տեսանելի հեռանկարի համար: Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում այդ հետազոտության որոշ դրվագներ: Հետազոտություններն ամբողջությամբ ԶԼՄ-ների ուշադրությանը կներկայացնենք առաջիկայում:

Համավարակի բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ վեց ամսվա կտրվածքով Հայաստանի տնտեսության վիճակը գնահատելիս, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն համավարակի ծանր հետեւանքներին, այլեւ անկանխատեսելի հանգամանքներին: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020թ. առաջին կիսամյակում գրանցել է 4,7% անկում անցյալ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատությամբ: Ընդ որում, 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատությամբ անկումը կազմել է 7,5%, իսկ 2020թ. մայիսի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն, ընդհակառակը, աճել է 14,8%: Համաձայն պաշտոնական տվյալների, արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալը 2020թ. առաջին հինգ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակի հետ համեմատած աճել է 1,5%-ով, իսկ այս տարվա հունիսի ցուցանիշը անցյալ տարվա հունիսի հետ համեմատած անկում է ապրել 2,4%: 2020թ. հունիսին այս տարվա մայիսի հետ համեմատած վերոհիշյալ ցուցանիշը աճել է 6,3%:

Կես տարում գյուղատնտեսության ոլորտը նույնպես արձանագրել է առաջընթաց: Հունվար-հունիս ամիսներին անցյալ տարվա առաջին հինգ ամսվա համեմատությամբ այդ ցուցանիշն աճել է 1,7%: Մնացած ոլորտներում կիսամյակի արդյունքով արձանագրված է անկում, չնայած վերջին ամսվա կտրվածքով ամենուրեք արձանագրվել է աճ: Ծառայությունների ոլորտն (առանց առեւտրի) աճել է 0,1% մինչեւ մայիսի վերջ: Հունիսին, սակայն, մայիսի համեմատությամբ անկումը կազմել է 11,2%, իսկ հունիսին անցյալ տարվա հունիսի համեմատությամբՙ 15,9%: Ամենամեծ անկումը կիսամյակում ցույց է տվել շինարարությունը, որտեղ էլ, վերջին ամսվա կտրվածքով արձանագրվել է ամենաբարձր աճը: Ներքին առեւտրի ոլորտում հինգ ամսում անկումը կազմել է 11,1%, իսկ հունիսին 2019 հունիսի համեմատությամբ կրճատվել է 12,4%: Մասնավոր տրանսֆերտները դեպի Հայաստան առաջին կիսամյակում կրճատվել են 30,5%-ով: Հետաքրքրական է, որ չնայած դրան, ապրիլի վերջի դրությամբ (երբ վերջին տվյալները հասանելի են դարձել) ժամկետային ավանդները ոչ միայն չեն կրճատվել, այլ նույնիսկ ավելացել են: Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ն 2020 առաջին եռամսյակում աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 3,8%-ով:

Կենտրոնական բանկի նոր կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունը 2020թ. կնվազի 4%: Հիշեցնենք, որ ավելի վաղ արվել էր 0,7% աճի կանխատեսում: Կենտրոնական բանկը կարծում է, որ տնտեսական աճը կվերականգնվի 2021թ.: Միջազգային FitchRaitings ռեյտինգային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ ռեյտինգների կանխատեսումը «կայունից» «բացասական» է դարձրել: Ենթադրվում է, որ Հայաստանը կշարունակի զգալ իր վրա լայն սոցիալական եւ ներքաղաքական կայունության արդյունքը եւ որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով հակամարտությունը չի հանգեցնի այն մակարդակին, որը կազդի տնտեսական եւ ֆինանսական կայունության վրա: Կարեւոր է, որ սպասումների համաձայն մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, կհամապատասխանեն գլոբալ տնտեսության կանխատեսումներին: Ապրիլի վերջին Հայաստանի Ազգային Ժողովը վերանայել է բյուջետային ցուցանիշները կորոնավիրուսի համավարակի ազդեցության հետեւանքով: Ակնկալվում է, որ ՀՆԱ-ի գծով բյուջետային կանխատեսումը կընկնի 2%-ով, իսկ դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 5%: Հիշեցնենք, որ նախկին ցուցանիշը կազմում էր 2,3%:

Ընդհանուր առմամբ, արտաքին տնտեսական գործունեության ծավալները կրճատվել են: Սակայն արտահանման եւ ներկրման ցուցանիշները ԵԱՏՄ երկրների ուղղությամբ շարունակում են լավատեսություն ներշնչել:

Արտահանումը եւ ներկրումը ԵԱՏՄ-ում շարունակում է աճել

Համավարակի պատճառով, ինչպես եւ այլ երկրներում, Հայաստանում եւս կրճատվեց ապրանքաշրջանառությունը: 2020թ. առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համախառն արտահանումը կրճատվեց 6,5%: Աշոտ Թավադյանը համոզված է, որ Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է գրանցել աճի միտում եւ դա կնպաստի արտահանման աճին երկրորդ կիսամյակում: Հայաստանի արտահանման աճը առաջին կիսամյակում կազմել է, ընդհանուր առմամբ, 9,8%, իսկ ԵԱՏՄ երկրներՙ 11,7%: 2020թ. առաջին կիսամյակում Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 28,1%, իսկ Ղազախստանՙ 8,6%: Երկարատեւ եւ կայուն աճից հետո Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են 19,1%: Սակայն, հենվելով նախորդ տարիների ցուցանիշների վրա կարելի է պնդել, որ երկրորդ կիսամյակում արտահանման ցուցանիշները կարող են եւ աճ դրսեւորել:

Ներկրման դինամիկան գործնականում նույնն է: 2020թ. առաջին կիսամյակում ներկրումը կրճատվել է 12,9%: Սակայն ԵԱՏՄ երկրներից ներկրումը աճել է 18,5%: Բելառուսից ներկրումն աճել է 30,5%, իսկ Ռուսաստանիցՙ 18,1% Կրճատվել է միայն ներկրումը Ղազախստանից 2,8%: Հետաքրքրական է, որ 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանջարեղենի արտահանումը ավելացել է 14,9% հիմնականում լոլիկի արտահանման աճի (33,4%), մրգերի աճի (2,0%) եւ կաթնամթերքի աճի (51,9%) շնորհիվ:

Ինչպես գիտենք, Հայաստանում ներկրումը 3 անգամ ավելի մեծ ծավալ ունի, քան արտահանումը: Ահա, թե ինչու արտակարգ կարեւորություն է ձեռք բերում արտահանմանը միտված արտադրությունների ծավալների հետեւողական աճը: Նույնիսկ համավարակի պայմաններում դրական դեր ունեցան Միության շրջանակներում մաքսային տուրքերի վերացման մասին ստորագրված համաձայնագրերը:

2019թ. տեքստիլի եւ տրիկոտաժի արտահանումը Հայաստանից կազմել է արտահանման ամբողջ ծավալի 6,3%: 2018թ. դեպի Ռուսաստան, մասամբ եւ այլ երկրներ այդ արտադրանքի շատ էական աճից հետո 2020թ. առաջին կիսամյակում, չնայած տեղաշարժերի սահմանափակումներին, այդ արտադրանքի ծավալներն ընկան համապատասխանաբար 23,2% եւ 40,9% եւ կազմեցին ամբողջ արտահանման ծավալի 4,6%: Վստահորեն կարելի է կանխատեսել, որ տեքստիլի եւ տրիկոտաժի արտադրանքի արտահանումը երկրորդ կիսամյակում արձանագրելու է վերականգնողական աճ: Սա կարեւոր է, որովհետեւ ապահովում է զբաղվածության էական հատված: Հետաքրքրական է այն փաստը, որ եթե 2017թ. դեպի Ռուսաստան արտահանման մեջ գերակշռում էին ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, ապա 2018 եւ 2019թթ. արտահանումը սկսեց դառնալ ավելի դիվերսիֆիկացված եւ այդ միտումը շարունակական բնույթ ունի, ինչն ընդգծում է ԵԱՏՄ շուկայի կարեւորությունը Հայաստանի համար եւ մեր անդամակցության կարեւորությունը մեգատարածաշրջանային ինտեգրացիոն այդ կառույցին:

Աշոտ Թավադյանը եւ Աղասի Թավադյանը կանխատեսում ն արտահանման հետագա դիվերսիֆիկացում եւ նախ եւ առաջ ԵԱՏՄ ուղղությամբ: Նրանք նշում են, որ հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները դեպի Ռուսաստան արտահանման հետագա աճ ապահովելու համար, չմոռանալով աշխատել Միության մյուս անդամնրի հետ: Նրանք կանխատեսում են ոչ միայն արտահանման, այլ նաեւ ներկրման ծավալների վերականգնողական աճ 2020թ. 2-րդ կիսամյակում: Ըստ այդ կանխատեսման, մասնավորապես արտահանման աճը կկազմի 2-5%:

Կարեւոր է, որ համավարակի պայմաններում Հայաստանը, ընդհանուր առմամբ, լավ դիմակայեց ազգային տարադրամի տատանումներին: Սակայն մեր երկրի առջեւ կանգնած է խնդիր բացասական առեւտրական հաշվեկշիռը էապես բարելավելու ուղղությամբ: Իսկ դա կարելի է անել, փոխելով ՀՆԱ-ի եւ արտահանման հարաբերակցությունը, շարունակելով դիվերսիֆիկացնել արտահանումը, հնարավոր բոլոր միջոցներով խրախուսել պատրաստի արտադրանքի աճը: Առաջին հերթին ԵԱՏՄ շրջանակներում է առկա նման նշանակալից ներուժ, ինչը ճիշտ օգտագործելով հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը:

ԵԱՏՄ ներուժի մեծացման համար շատ արդիական է կոոպերացիայի եւ արդիականացման ճանապարհային քարտեզի մշակումը, ընդգրկելով դրանում, առաջին հերթին, ԵԱՏՄ երկրների ռազմավարական նշանակության օբյեկտները:

Հետեւողականորեն ամրապնդել եվրասիական համագործակցությունը հանուն ազգային տնտեսությունների հզորացման

Աշոտ Թավադյանն ընդգծում է, որ շատ կարեւոր են Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի որոշումները ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության գծով խորհրդի ստեղծման մասին, որի նպատակն է Միության երկրների արդյունաբերական քաղաքականության համաձայնեցումը: Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի ստեղծելու համատեղ ձեռնարկություններ գործընկեր երկրների հետ: Դրան կնպաստի հանքային արտադրանքի գների համահարթեցումը: Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը պետք է համարել ճկուն եւ ժամանակին մասնակցությունը այս գործընթացներին:

Հստակորեն գծագրված են համագործակցության հեռանկարներ պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի, մետաղագործության, մեքենաշինության, գործիքաշինության ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումներ գրավելու խնդրում շինանյութերի արդյունաբերության մեջ, քիմիական եւ թեթեւ արդյունաբերության մեջ, գյուղատնտեսության ոլորտում, սննդարդյունաբերության մեջ, դեղագործության ոլորտում, ինչպես եւ զբոսաշրջության զարգացման գործում: Շատ կարեւոր է, որ դաշնակից երկրները կարեւոր են համարում միմյանց օգնել հաղթահարելու համավարակի ծանր հետեւանքները: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանն է նվիրել մեկ լաբորատորիա եւ տեստ համակարգեր մեր բանակի եւ ռուսական 102-րդ ռազմական հենակետի անձնակազմի հետազոտության համար: Մասնավորապես, հատկացվել են տեստ համակարգեր 40 հազար հետազոտություն անելու համար, 38500 ռեագենտներ ուսումնասիրելու նպատակով, բավարար չափով ջերմաչափեր եւ այլ սարքավորումներ: Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների մեծ խումբ: Հայ ժողովրդի անունից մեր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռուսաստանցի գործընկերոջը մի քանի օր առաջ պաշտոնապես շնորհակալություն հայտնեց այս ուշադրության եւ վերաբերմունքի համար:

Նկատի ունենալով տարածաշրջանային մարտահրավերները, ԵԱՏՄ երկրների անվտանգության առանցքային երաշխիք է դառնում տարածաշրջանային եվրասիական տնտեսական եւ ռազմաքաղաքական ինտեգրումը: Պարզ է, որ ինտեգրացիոն գործընթացները եւ ռազմաքաղաքական համագործակցությունը սերտորեն փոխկապակցված են: Առանց մոդեռնացման եւ, հատկապես, Միության անդամների տնտեսության կոոպերացման, անհնար է ապահովել տնտեսական զարգացումը, մասնավորապես, ռազմաարդյունաբերական համալիրի առաջանցիկ զարգացումը: Արժե շեշտել, որ ռազմաարդյունաբերական համալիրի տնտեսությունը ԵԱՏՄ անդամ-պետությունների կոլեկտիվ անվտանգության եւ տնտեսական ինքնիշխանության հիմքն է: Ինչպես նշում են պրոֆեսորներ Թավադյանն ու Մանասերյանը, վերոհիշյալ հնարավորությունների արդյունավետ կենսագործման համար այսօրվա փորձառության դիրքերից հարկ է ճշտել տնտեսական քաղաքականության առաջնահերթությունը, հստակորեն սահմանել եւ համաձայնեցնել դրանց նպատակները, ձեւակերպել ԵԱՏՄ երկրների համար տնտեսության զարգացման նոր մոդել եւ, վերջապես, իրականացնել սպասելիք արդյունքների գիտական կանխատեսում:

Շատ կարեւոր է, որ Հայաստանի բնակչության շոշափելի մեծամասնությունը հիմնականում դրական վերաբերմունք ունի ԵԱՏՄ շրջանականերում Հայաստանի մասնակցության հարցում: Սակայն որպեսզի այս պնդումը չդառնա շահարկումների եւ չարաշահումների թեմա, ճիշտ կլինի, որ ԵԱՏՄ անդամ երկրները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգում ստեղծեն հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոն, որը տարին առնվազն երկու անգամ որակյալ հետազոտություններ կիրականցաներ, ճշտելով դաշնակից երկրների հասարակական տրամադրությունները եւ սպասելիքը:

Azg.am 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here