Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պահանջում է ներքին համերաշխություն

0
102

Generalnews.am-ի հյուրն է պ․գ․թ․, թուրքագետ Դավիթ Սաֆարյանը։

— Հայ-թուրքական հարաբերությունների բովանդակությունն այնքան բազմաշերտ է և ընդգրկուն, որ թույլ է տալիս ամեն անգամ նոր կողմից, նոր լույսի ներքո փորձել հասկանալ և մեկնաբանել դրանք։ Այս իմաստով, թերևս բավական հետաքրքրական է Հայաստանի երրորդ հանրապետության և Թուրքիայի միջև հարաբերությունների լուսաբանումը։ Պարոն Սաֆարյան, կխնդրեի ներկայացնել 1991 թ․ անկախացումից ի վեր հայ-թուրքական հարաբերությունների դինամիկան, հիմնական խոչընդոտները։
— Երբ 1991թ. Հայաստանն անկախացավ, թվում էր, թե հարևան Թուրքիայի հետ կհաստատվեն բնականոն հարաբերություններ: Թուրքիան, ետխորհրդային պետությունների շարքում ճանաչեց Հայաստանի անկախությունը և թվում էր թե շուտով կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Համենայն դեպս նման սպասումներ կային երրորդ հանրապետության քաղաքական վերնաշենքում: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտավ պատերազմի փուլ, որտեղ սկզբում առավելությունը ադրբեջանցիների կողմն էր, բայց շուտով անցավ հայերի կողմը: Թուրքիան, որ պատրաստ էր ամեն տեսակ օգնություն ցույց տալ Ադրբեջանին, մտածում էր անգամ պատժիչ ռազմական գործողություն իրականցնել Հայաստանի դեմ: Եվ եթե չլիներ Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության պարզ ու հստակ դիրքորոշումը և ակնարկը, թե Հայաստանի դեմ ոտնձգությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, այդ բախումից խուսափելը անհնար կլիներ: Սակայն գործը սահմանափակվեց միայն նրանով, որ 1993թ. գարնանը Թուրքիան էմբարգո հայտարարեց հայկական ապրանքների ներկրմանը, փակեց Հայաստանի հետ կապող ավտոմոբիլային, երկաթուղային և օդային ճանապարհները: Օդային միջանցքը շուտով վերաբացվեց, բայց ցամաքային հաղորդակցությունն ընդհատված է առ այսօր: Թուրքիան Ադրբեջանին, որպես իր կրտսեր եղբոր, ցույց է տվել անսահմանափակ աջակցություն, բացի Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելը: Մոտ երեսուն տարի մենք ապրում ենք մի հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ հայկական ապրանքները (բացի մետաղի ջարդոնը) Հայաստանից Թուրքիա չեն մտնում, սակայն թուրքական ապրանքները մշտապես մտել են Հայաստան՝ Վրաստանի և Իրանի տարածքով: Դիվանագիտական հարաբերերություններ հաստատված չեն եղել, բայց Հայաստանի քաղաքացիները անարգել մտել են Թուրքիա, իսկ թուրք վարորդները և զբոսաշրջիկները անարգել հատել են հայկական սահմանը: Թուրքիայում մերթընդմերթ ամենաբարձր մակարդակով սպառնալիքներ են հնչել Հայաստանի և հայերի հանդեպ, սակայն Ստամբուլում ապրում է հիսուն հասազարանոց հայ համայնք և չճշտված տվյալներով, այդ երկրում աշխատում են ավելի քան քսան հազար Հայաստանի քաղաքացիներ: Հայերը Թուրքիայում բազմաթիվ բիզնես գործընկերներ ունեն և բացառությամբ 44-օրյա պատերազմին հաջորդած տարվան հայ-թուրքական առևտրատնտեսական կապերը նույնիսկ հռչակված էմբարգոյի պայմաններում բազմազան են և աշխույժ: Եթե ասենք կարճ՝ սա է այսօր իրերի իրական վիճակը:
— Կխնդրեի անդրադառնալ հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերություններին փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։։
— Մասամբ այդ հարցին ես արդեն պատասխանեցի: Բայց կարևոր եմ համարում նշել, որ նախորդ երեսուն տարիների ընթացքում մեր տնտեսագետների խիստ մոտավոր հաշվարկներով, երկկորղմ առևտրատնտեսական շրջանառության ծավալը տարեկան կազմել է մոտ 150 մլն դոլար, իսկ առանձին տարիներին գերազանցել է անգամ 200 մլն դոլարը: Հանուն արդարության պետք է ասել, որ սա միակողմանի և ոչ այնքան արդար առևտրատնտեսական համագործակցություն է եղել: Հայաստանի արտահանումը կազմել է մոտ 1 մլն դոլար, իսկ նրերկումը Թուրքիայից մոտ 150 մլն: Տարբեր տարիների հայ և թուրք փորձագետները փորձել են հաշվարկել թե ինչ օգուտներ կքաղեն կողմերը հարաբերությունների նորմալացումից, էմբարգոն չեղարկելուց և սահմանները վերաբացելուց: Հետաքրքիր է, որ այդ մոտավոր և հասկանալիորեն ոչ ճշգրիտ հաշվարկների համաձայն ձևավորվել է կարծիք, որ էմբարգոն հանելուց հետո Թուրքիան չի ստանալու այնպիսի տնտեսական օգուտներ, որոնք կարելի կլիներ ակնկալել քաղաքական հարաբերությունների կարգավորմանը գնալու դեպքում: Ես, տնեսագետ չեմ, ծանոթ եմ բոլոր այդ փորձագիտական եզրակացություններին և որպես թուրքագետ համաձայն եմ եղել այն դիտարկումներին, որ հայ-թուրքական հարաբերությունների քաղաքական կարգավորման գործընթացը շատ դժվարին և բարդ գործընթաց է, որն առաջ մղելու համար կողմերից շատ մեծ քաղաքական կամք է անհրաժեշտ:

— Խոսել Երրորդ հանրապետության տարիներին հայ-թուրքական հարաբերություններից ու չանդրադառնալ «ֆուտբոլային դիվանագիտությանը»՝ չի ստացվի․․․ խնդրում եմ ներկայացնել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «ֆուտբոլային դիվանագիտությունը», որո՞նք էին դրա ձախողման պատճառները։

— Մեր կոլեկտիվ մենագրության մեջ և իմ հոդվածներում ես ուսումնասիրել եմ այս հարցը շատ մանրամասն: ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնում 2008-2011թթ. շատ մանրամասն թուրքական և ադրբեջանական մամուլի մշտադիտարկում է իրակաանացվել, որի արժեքը գնահատվել է հայ և այլազգի մասնագետների շրջանակում: Եթե շատ կարճ շարադրենք, ապա հարցը հանգում է հետևյալին՝ ամերիկյան քաղաքական իշխանությունը 2008-2011թթ. փորձեց կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և հորդորեց կողմերին սկսել բանակցություններ: Հայ և թուրք դիվանագետների միջև բանակցություններն ընթացան շվեյցարական արտգործնախարարության միջնորդությամբ: Դիվանագիտական մակարդակում համաձայնեցվեց երկու արձանագրությունների տեքստեր, որոնք առաջարկվեց ստորագրել արտգործնախարարներին: Միջազգային հանրությունը շունչը պահած հետևում էր, թե ինչպես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործմախարարների միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրում էին այդ արձանագրությունները: Սակայն բարդություններ առաջացան դրանց վավերացման գործընթացում: Մեր հետազոտական խումբը, այդ փուլում վերլուծելով վերոհիշյալ մշտադիտարկման արդյունքները, եկավ այն եզրակացության, որ թուրքական խորհրդարանը չի վավերացնելու այդ արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմերը զիջումների չեն գնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ արդյունքները մեր հեղինակային խումբը ժամանակին և պատշաճ ձևով զեկուցել է Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում: 2011թ. սկսած «Ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը սառեցվեց Թուրքիայիում և Հայաստանում և այդ մասին հաջորդ տարիներին այլևս չէին խոսում մինչև վերջին օրերս:

— Պարոն Սաֆարյան, կուզեի «Ֆուտբոլային դիվանագիտության» հարցը քննարկեինք նաև հայկական և թուրքական մամուլում դրա մասին արձագանքների դիտանկյունից։
— Թուրքական և ադրբեջանական մամուլի մասին ես արդեն խոսեցի: Կուզենայի ավելացնել, որ «Ֆուտբոլային դիվանագիտության» ամբողջ ընթացքում ադրբեջանական մամուլը հեղեղված էր արտակարգ զգացմունքային մոտեցումներով, որով կոչ էր անում Թուրքիային չգնալ հայերի հետ մերձեցման, չզիջել Ադրբեջանի կենսական շահերը և չթուլացնել ադրբեջանական դիրքերը ղարաբաղյան բանակցային գերբարդ գործընթացում: Կարևոր է իմանալ, որ ադրբեջանական քարոզչամեքենան շատ մեծ ազդեցություն ուներ և ունի Թուրքիայում, և թուրքական հասարակական կարծիքում ադրբեջանական քաղաքական ու հասարակական շրջանակները շատ մեծ ազդեցություն ունեն: Պետտք է հասկանալ, որ «մեկ ազգ երկու պետություն» ձևակերպումը շատ իրական է և շոշափելի: Թուրքական մամուլում առանձին ինտելեկտուալների կոչերը վերջապես կարգավորել հարաբերությունները Հայաստանի ու հայերի հետ ուղղակի անլսելի եղան այն ազգայնական աղմուկի համեմատությամբ, որ ձևավորվեց ադրբեջանական կոչերի արդյունքում: Ավելի քան համոզված եմ, որ նույն վիճակը նաև այսօր է և ունենալ որևէ պատրանք, թե Թուրքիան հավասար աչքով կարող է նայել Հայաստանին և Ադրբեջանին, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Թուրքիան Հայաստանի հետ կհարաբերվի միայն այն չափով և այն ձևով, ինչն ընդունելի կլինի Ադրբեջանի համար: Եզրակացությունները թողնում եմ ձեզ, որովհետև դա արդեն քաղաքական նախապատվությունների հարց է:

— Ի վերջո, կուզեի խոսեիք նաև այն մասին, թե ներկա պայմաններում ինչպե՞ս եք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը և «ապագան»։
— Հայ-թուրքական հարաբերությունների ներկա կարգավորման փորձը, հուսով եմ, հիմնված է նախորդ փորձի և ստացած դասերի վրա: Այժմ, 44-օրյա պատերազմից հետո, ձևավորված է մի նոր իրողություն և այդ իրողությունը, թվում է, թե ի զորու է առաջ մղել կարգավորման նոր գործընթացը: Կուզենայի, որ առանց ավելորդ պատրանքների մենք հասկանայինք, որ Թուրքիայում շատ մեծ անվստահություն կա Հայաստանի հանդեպ և տարբեր ուսումնասիրություններով կարելի է պնդել, որ Թուրքիայում հասարակության մեծ մասը Հայաստանը համարում է սպառնալիք: Իր հերթին Հայաստանում շատ մեծ անվստահություն կա Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ և մեր երկրում շատերն են վախենում կարգավորմանը հաջորդող տնտեսական, իսկ այնուհետև նաև քաղաքական էքսպանսիայից: Ես չունեմ պատրաստի դեղատոմսեր, բայց որպես փորձագետ համոզված եմ, որ այս հարցերի կծիկը հնարավոր է քանդել ոչ թե ներքաղաքական առճակատման, այլ կառուցողական բանավեճի և երկխոսության արդյունքում: Միայն դրանով է հնարավոր կասեցնել հայկական քաղաքական-հասարակական համակարգի քայքայումն ու թուլացումը, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Հայաստանում պետք է լսել մասնագետներին և լուրջ տեղ տալ նրանց, այլ ոչ թե ստեղծել փորձագետներին լսելու պատրանք, նրանց հետ մերթընդմերթ շփվելու միջոցով: Ես համոզված եմ, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները այնքան լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար, որ ուղղակի թելադրում են ներքաղաքական համերաշխություն և Հայրենիք-Սփյուռք կառուցողական երկխոսություն, առանց որոնց ուղղակի անհնար է տեսլականում ձևավորել հարաբերությունների կարգավորմանը հաջորդող գործընթացների ամբողջ համապատկերը: Եկեք ճիշտ հասկանանք, անգամ ամերիկյան դիվանագիտությունը չկարողացավ «Ֆուտբոլային դիվանագիտության» տարիներին փոխել տալ թուրքական մոտեցումները: Այսօր Թուրքիան իրեն հայտարարում է մեծ ու ժամանակակից ուժեղ երկիր, որը հավակնություններ ունի գլոբալ խաղացող դառնալու և ակտիվ դերակատարություն ստանձնելու մեծ Եվրասիայի տարածաշրջանում: Մեր հասարակությունը կունենա՞ արդյոք այնպիսի կազմակերպվածության բարձր աստիճան, որ ի վիճակի լինի ձևակերպելու ազգային շահեր և նոր մոտեցումներ, որոնք չեն տանելու մեր ինքնաոչնչացմանը:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը

Generalnews.am 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here