ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն ունի հսկայական ներուժ ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար. փորձագետ

0
261

Տարեց տարի մեր տնտեսագետների ու փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե որքան ճիշտ էր ՀՀ իշխանությունների կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը և որքան դրական ազդեցություն է այդ որոշումը  թողել Հայաստանի տնտեսության վրա:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի ութերորդ ամենամյա տնտեսագիտական հետազոտությունը՝ «Հայաստանի տնտեսությունը 2022թ. ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» վերտառությամբ:

Նա նշեց, որ ամփոփելով տարին կարող է փաստել, որ ԵԱՏՄ-ն դարձել է Հայաստանի գլխավոր արտաքին առևտրատնտեսական գործընկերը: Այս ուղղությանն է բաժին ընկնում Հայաստանի արտահանման ավելի քան 47% և ներկրման ավելի քան 31%-ը: Նման ցուցանիշներ այլ որևէ ուղղությամբ չկան.
“ Տարեց-տարի հետևողականորեն աճում է առևտուրը ոչ միայն ՌԴ, այլև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ: Սա նշանակում է, որ ճիշտ էին բոլոր այն փորձագետները, որոնք վերջին տասնամյակում համոզված պնդել են, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն ունի հսկայական ներուժ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար”,- նշեց Սաֆարյանը:
Նրա խոսքով, սրընթաց տեմպերով աճում է նաև առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը  ոչ միայն Հայաստանի ռազմաքաղաքական գլխավոր դաշնակիցն է, այլև տնտեսական ոլորտում առաջատար գործընկերը:

«Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը հայկական տնտեսության մեջ կազմում է 2 մլրդ դոլար: ՀՀ արտահանումը դեպի Ռուսաստան 2022թ. աճել է 2,9 անգամ, կազմելով ռեկորդային $4,1 մլրդ.: ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումը 2015թ. առաջին տարվա համեմատությամբ աճել է մոտ 10 անգամ: ՌԴ-ն Հայաստանի ամենահեռանկարային գործընկերն է և դեպի Ռուսաստան գնացող մեր արտահանումն ունի ամենադիվերսիֆիկացված բնույթ: Ռուսաստան է ուղղված մեր պատրաստի արտադրանքը և այդ միտումը շարունակական աճի բնույթ ունի”,- ասաց նա:
Արամ Սաֆարյանը կոչ արեց ուշադիր հետևել տարածաշրջանային և գլոբալ միջազգային գործընթացներին, առավել ևս, որ աշխարհի առաջատար ֆինանսական կառույցները նախազգուշացնում են, որ 2023թ. համար առկա է նոր ռեցեսիայի սպառնալիքը:

«Սա նշանակում է, որ պատմության մեջ առաջին անգամ մեկ տասնամյակում երկու ռեցեսիա կարող է լինել: Կան հոռետեսական կանխատեսումներ այն մասին, որ ԱՄՆ-ում տնտեսական աճը կլինի ընդամենը 0,5%, ԵՄ-ում զրոյական, Չինաստանում 4,6%: Գերակշռող կանխատեսումների համաձայն ՌԴ-ին կհաջողվի նվազագույնի հասցնել նկատված տնտեսական անկումը: Իսկ ՀՀ համար Համաշխարհային բանկը և մյուս վարկանիշային միջազգային կառույցները զգուշավորությամբ կանխատեսում են 4%-ից ավելի աճ (4,5% արժեզրկման պայմաններում)”,- ասաց Սաֆարյանը:

Նա ավելացրեց, որ ակումբի տնտեսագետների կարծիքով՝ ՀՀ-ում այս տարի տնտեսական աճի միտումները կնվազեն երկրորդ կիսամյակում: Սակայն բարենպաստ բիզնես-մթնոլորտի և նկատված տնտեսական հաջողությունների ճիշտ շարունակման դեպքում կա հնարավորություն 2023թ. Հայաստանի տնտեսության աճը 5-7% հասցնելու համար:
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը հավելեց, որ  ԵԱՏՄ-ում ՌԴ նախագահության տարում հարկ է ամենակառուցողական մասնակցությունը բերել եվրասիական ինտեգրման խորացման ու զարգացման հնարավորությունների ուսումնասիրությանը:

«Ճիշտ է, որ ԵԱՏՄ-ն դարձել է Հայաստանի ամենահեռանկարային առևտրական վեկտորը: Ճիշտ է նաև, որ մենք սկսել ենք ավելի մեծ օգուտներ քաղել տարածաշրջանային տնտեսական գործընթացներից: Այսուհանդերձ, պետք է վարվի այնպիսի քաղաքականություն, որը ոչ թե խանգարում կամ կաշկանդում է տնտեսական ներուժի բացահայտմանը, այլ գալիս է ամրապնդելու այդ ներուժը: Ահա, թե ինչու մենք կարծում ենք, որ մեր անմիջական հարևանների, ՌԴ, ԵՄ և Մեծ, Միջին Արևելքի երկրների, Չինաստանի հետ մեր տնտեսական համագործակցության զարգացման տեսլականը պետք է վճռորոշ լինի արտաքին քաղաքական քայլերի և ընդունվող որոշումների ժամանակ»:

Mediahub.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here