Երվաիական փորձագիտական ակումբը հրապարակել է ութերորդ ամենամյա տնտեսագիտական հետազոտությունը «Հայաստանի տնտեսությունը 2022թ. ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» վերտառությամբ

0
227
{persons} (15 February 2023). Еревaн

Երվաիական փորձագիտական ակումբը այսօր հրապարակել է ութերորդ ամենամյա տնտեսագիտական հետազոտությունը «Հայաստանի տնտեսությունը 2022թ. ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» վերտառությամբ:

Ինչպես այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքագետ Արամ Սաֆարյանը, այս հետազոտությունը կատարել են մեր Ակումբի անվանի փորձագետները: Նրանք ուսումնասիրել են Հայաստանի տնտեսության արդի վիճակը պետական վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա, դրանք համեմատելով համաշխարհային և տարածաշրջանային ֆինանսական կազմակերպությունների տվյալների և կանխատեսումների հետ:

«Կուզենայինք ընդգծել, որ ամեն տարի երկու անգամ, օգոստոսին և փետրվարին, հանրության դատին ներկայացնելով մեր ընթացիկ հետազոտությունների կիսամյակային և տարեկան արդյունքները, մենք լի ենք պատասխանատվությամբ մեր բերված տվյալների ճշմարտացիության, փաստարկների գիտականության և արվող կանխատեսումների հիմնավորվածության հարցում»,- ընդգծեց Սաֆարյանը:

Նա մի քանի եզրահանգումներ հնչեցրեց տվյալ հետազոտություններից․

Առաջաին. Եվրասիական տնտեսական միությունը դարձել է Հայաստանի Հանրապետության գլխավոր արտաքին առևտրատնտեսական գործընկերը: Այս ուղղությանն է բաժին ընկնում Հայաստանի արտահանման ավելի քան 47% և ներկրման ավելի քան 31%: Սա ավելի է, քան ցանկացած այլ ուղղությամբ: Տարեց-տարի հետևողականորեն աճում է առևտուրը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ: Սա նշանակում է, որ ճիշտ էին բոլոր այն գիտնականներն ու փորձագետները, որոնք վերջին տասնամյակում համոզված պնդել են, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն ունի հսկայական ներուժ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար:

Երկրորդ. սրընթաց տեմպերով աճում է արևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ռազմաքաղաքական գլխավոր դաշնակիցն է, այլև տնտեսական ոլորտում առաջատար գործընկերը: Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը հայկական տնտեսության մեջ կազմում է 2 մլրդ. դոլար: Հայաստանի Հանրապետության արտահանումը դեպի Ռուսաստան 2022թ. աճել է 2,9 անգամ, կազմելով ռեկորդային $4,1 մլրդ.: ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումը 2015թ. առաջին տարվա համեմատությամբ աճել է մոտ 10 անգամ: Ռուսաստանը Հայաստանի ամենահեռանկարային գործընկերն է և դեպի Ռուսաստան գնացող մեր արտահանումն ունի ամենադիվերսիֆիկացված բնույթ: Ռուսաստան է ուղղված մեր պատրաստի արտադրանքը և այդ միտումը շարունակական աճի բնույթ ունի:

Երրորդ. Հայաստանի արտահանումը բոլոր ուղղություններով աճում է, ինչպես և աճում է ներկրումը համարյա բոլոր ապրանքատեսակների գծով: 2022թ. ցույց է տվել զարգացման աննախադեպ միտումներ տնտեսության բոլոր ճյուղերի համար: Հնարավորություն է ընձեռնվել լրջորեն մտածելու ոչ միայն տնտեսության հեռանկարային ուղղություններին պետական աջակցության տարբեր ձևերը մեծացնելու մասին, այլև բնակչության կուտակված սոցիալական խնդիրները քայլ առ քայլ լուծելու մասին: Կարևոր է, որպեսզի գործադրվեն ջանքեր տնտեսության մեջ 2022թ. գրանցված զարգացման միտումները հնարավորինս պահպանելու ուղղությամբ:

Չորրորդ. շատ կարևոր է ուշադրությամբ հետևելը տարածաշրջանային և գլոբալ միջազգային գործընթացներին: Աշխարհի առաջատար ֆինանսական կառույցները նախազգուշացնում են, որ 2023թ. համար առկա է նոր ռեցեսիայի սպառնալիքը: Սա նշանակում է, որ պատմության մեջ առաջին անգամ մեկ տասնամյակում երկու ռեցեսիա կարող է լինել: Կան հոռետեսական կանխատեսումներ այն մասին, որ ԱՄՆ-ում տնտեսական աճը կլինի ընդամենը 0,5%, Եվրոպական Միությունում` զրոյական, Չինաստանում` 4,6%: Գերակշռող կանխատեսումների համաձայն Ռուսաստանին կհաջողվի նվազագույնի հասցնել նկատված տնտեսական անկումը: Հայաստանի Հանրապետության համար Համաշխարհային բանկը և մյուս վարկանիշային միջազգային կառույցները զգուշավորությամբ կանխատեսում են 4%-ից ավելի աճ (4,5% արժեզրկման պայմաններում): Մեր տնտեսագետները կարծում են, որ այս տարի տնտեսական աճի միտումները կնվազեն երկրորդ կիսամյակում: Սակայն բարենպաստ բիզնես-մթնոլորտի և նկատված տնտեսական հաջողությունների ճիշտ շարունակման դեպքում մենք կարծում ենք, որ կա հնարավորություն 2023թ. Հայաստանի տնտեսության աճը 5-7% հասցնելու համար:

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here