Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Երսաինի Բոզժիգիթովի կոնֆերանսի ողջույնի խոսքը

0
318

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք։ Թույլ տվեք ողջունել ձեզ «Ինտեգրացիա և զարգացում» նոր հասարակական կազմակերպության այսօրվա հիմնադիր կոնֆերանսին։ Ես ուզում եմ շնորհավորել պարոն Սաֆարյանին վերլուծական կենտրոնի բացման առիթով, որը Հայաստանում, ըստ էության, պահանջված է։ Շատ քաղաքագետներ են գրում, բայց երկխոսության նման հարթակ, այն էլ՝ եվրասիականության հարցերով, կազմակերպվում է առաջին անգամ։ Գլոբալացումը միավորում է մարդկությանը. ստեղծվում է առանց սահմանների տեղեկատվա-հաղորդակցային տարածք՝ ինչպես ապրանքների, այնպես էլ մարդկային ռեսուրսների կապիտալների ընդհանուր տեղափոխմամբ։ Բայց միևնույն ժամանակ գլոբալացումն արդի աշխարհը խոցելի և փուխր է դարձնում։ Ահաբեկչությունը, թմրաթրաֆիկը, ծայրահեղականությունը նույնպես սահմաններ չունեն և գլոբալ մարտահրավերներ են մարդկության համար։ Ուժգնանում է աշխարհի սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունը, ինչի հետևանքով խորանում է միջազգային մրցակցությունը։ Ընդունելով հանդերձ, որ գլոբալացումը որոշակի բացասական կողմեր ունի, այդուամենայնիվ, գլոբալացման պայմաններում ստեղծվում են հսկայական հնարավորություններ, բնականաբար՝ մրցունակության ճիշտ ապահովման ու զարգացման ուղու ճիշտ ընտրության պարագայում։ Այս առնչությամբ, Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն.Նազարբաևը դեռ 1994թ. Մոսկվայի պետական համալսարանի շրջանակներում է արտահայտել եվրասիական միավորման և ինտեգրման գաղափարը։ Մաքսային միության շրջանակներում այդ ինտեգրման արդյունքներն այսօր կարելի է արտահայտել որոշակի թվերով։ Անցած տարվա ինն ամիսներին Մաքսային միության ապրանքաշրջանառությունն ավելացել է 40 մլրդ դոլարով։ Այսօր Մաքսային միությունը հսկայական շուկա է 170 մլն բնակչությամբ ու 2 տրլն դոլարի պոտենցիալ տնտեսությամբ։ Այս առիթով կուզենայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ եվրասիական տարածքի աշխարհագրությունը, նրա տարանցման հնարավորությունները, բնական ռեսուրսները, մարդկային ռեսուրսները, ինչպես և անցած պատմական դարաշրջաններում, գլոբալ առումով պահանջված են քաղաքական և տնտեսական գործընթացներում։ Փոխգործակցության փորձը մեզանում պատմականորեն է գոյացել, ինչի մասին վկայում են Մետաքսի ճանապարհի պատմաճարտարապետական հուշարձանները։ Կարելի է էլի խորանալ պատմության մեջ և նշել, որ մարդկությունն առաջին անգամ չէ, որ գլոբալ ինտեգրացիոն կառույցներ է ստեղծում։ Ուստի, կարծում եմ, որ Կովկասը, այդ թվում և Հայաստանը, որն Ասիայից Եվրոպա տանող ռազմավարական կամուրջ է հանդիսանում, նույնպես պետք է իր որոշակի տեղը զբաղեցնի։ Այս առիթով մեկ անգամ ևս ուզում եմ շնորհավորել ձեզ և շնորհակալություն հայտնել, որ հրավիրել եք մեզ մասնակցելու ձեր առաջին կոնֆերանսին։ Շնորհակալություն։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here