ՂՀ Կրթության և գիտության նախարարության Էկոնոմիկայի ինստիտուտի գլոբալացման և ինտեգրման հետազոտությունների բաժնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Բուլատ Դոսկալիի Հուսաինովի զեկուցումը կոնֆերանսում

0
313

Երևան, 16 մարտի 2013թ. Ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը Եվրասիական տնտեսական ընկերակցության Մաքսային միությունում Համաշխարհային տնտեսագիտությունում քանիցս փորձ է արվել մշակելու ինտեգրացիոն գործընթացների գնահատման չափանիշները։ Օրինակ, լայնորեն կիրառվում է ապրանքային շուկաների, ապրանքների անդրսահմանային հոսքերի մասշտաբների, կապիտալի ծառայությունների ինտեգրվածության չափանիշը։ Սակայն գոյություն չունի, և, ըստ մեզ, գոյություն ունենալ չի կարող նման միասնական չափանիշ։ Ուստի, նպատակահարմար է օտագործել ինդիկատորների համակարգ, որոնք բնութագրում են տնտեսական ինտեգրման մակարդակը, այդ թվում այդ երևույթի գնահատման նոր մոտեցումների կիրառմամբ։ Այս առնչությամբ, չնվազեցնելով գոյություն ունեցող չափանիշների նշանակությունը՝ առաջարկվում է ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը գնահատելու սկզբունքորեն նոր մոտեցում, որը հիմնված է վիճակագրական ցուցանիշների դինամիկ շարքերի ժամանակային վերլուծության ինովացիոն մեթոդի վրա (S-timesdistanceanalysis)։ Մեթոդի էությունը հետևյալն է։ Սովորաբար հետազոտողները ժամանակային շարքերի նշանակությունների համեմատական վերլուծություն են անցկացնում ըստ ուղղահայացի, այսինքն՝ ըստ ժամանակի կոնկրետ պահի համար տնտեսական պարամետրի բացարձակ կամ հարաբերական նշանակության։ Ի տարբերություն ստանդարտ, ուղղահայաց վիճակագրական վերլուծության՝ այս մեթոդը հիմնված է ժամանակային շարքի բաղադրիչների հորիզոնական, դինամիկ վերլուծության վրա։ «Ժամանակային հեռավորություն» հասկացությունը նախկինում տեսականորեն զարգացած չէր որպես ստանդարտ վիճակագրական միջոց։ Տեղեկատվական դարաշրջանում դա նոր մոտեցում է ժամանակային շարքերի հանդեպ, ինչը կարևոր ներդրում է առկա տեղեկատվության ավելի արդյունավետ օգտագործման մեջ։ Ժամանակի օգտագործումը որպես գնահատման վիճակագրական միջոց նոր ճանապարհներ է բացում տնտեսական երևույթի մասին տեղեկատվության լրացուցիչ ծավալ ստանալու համար՝ չփոխելով ազգային տնտեսությունների զարգացման պարամետրերի մասին գոյություն ունեցող պատկերացումները։ Ինտեգրացիոն միավորումների արդյունավետության գնահատականի համար ժամանակային տարբերության մեթոդի կիրառման գաղափարը թույլ է տալիս ոչ միայն զարգացման վերլուծություն իրականացնել ռետրոսպեկտիվ ժամանակաշրջանում, այլև ազգային տնտեսությունների առանցքային պարամետրերի փոփոխության կանխարգելիչ մոնիթորինգ կատարել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի համար։ Մասնավորապես, եթե ցուցանիշները հեռանկարային ժամանակային հատվածում մոտենում են, ապա կարելի է պնդել, որ ինտեգրացիոն գործընթացներն արդյունավետ են և նպաստում են չափերով փոքր տնտեսությունների զարգացմանը։ Դա համապատասխանում է կոնվերգենցիայի (լատ.՝ converge — մոտեցնում եմ) տեսության հիմնական դրույթներին, այսինքն՝ այս մեթոդը ցայտուն կերպով ցույց է տալիս, որ տեղի է ունենում երկրների մերձեցում, որոնք մտնում են ինտեգրացիոն կազմավորումների մեջ, կամ հակառակը՝ տեղի է ունենում դիվերգենցիայի գործընթաց։ Մաքսային միության (ՄՄ), Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) և ապագա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պարագայում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության կարևոր չափանիշներից մեկը պետք է լինի երեք երկրների տնտեսությունների կոնվերգենցիայի մակարդակը՝ նրանց ազգային առանձնահատկությունների պարտադիր պահպանմամբ։ Այս մեթոդի կիրառման հիման վրա ՄՄ անդամ երեք երկրների համար անցկացվել է բնակչության մեկ շնչի հաշվով գնողունակության հավասարության (ԳՈւՀ) գծով համախառն ազգային եկամտի (ՀԱԵ) ցուցանիշների համեմատական վերլուծություն։ ԳՈւՀ օգտագործումը միջազգային համեմատությունների պարտադիր պայման է, քանի որ անվանական փոխարժեքները միշտ չէ, որ արտահայտում են միասեռ գների միջև տարբերությունը տարբեր երկրներում։ Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ԵվրԱզԷս-ի կազմավորման առաջին տարում (2001թ.) Ղազախստանն ավելի քան երկու տարով հետ էր մնում Բելառուսից բնակչության մեկ շնչին ընկնող ՀԱԵ/ԳՈւՀ ցուցանիշով։ Ժամանակի ընթացքում այդ տարբերությունն ավելանում էր, և 2010թ. Ղազախստանը Բելառուսից հետ էր մնում ավելի քան չորս տարով։ 2001թ. Ղազախստանը բնակչության մեկ շնչի հաշվով ՀԱԵ/ԳՈւՀ ցուցանիշով Ռուսաստանից հետ էր մնում չորս տարով, իսկ վերջին տասը տարիների ընթացքում՝ ավելի քան տասը տարով։ Ժամանակային վերլուծության մեթոդը թույլ է տալիս հետևել հեռանկարում ազգային տնտեսությունների զարգացման ցուցանիշների ժամանակային փոփոխությունը։ Անշուշտ, դրա համար անհրաժեշտ են ազգային տնտեսությունների զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների համեմատաբար հավաստի կանխատեսումներ։ Առաջարկվող մոտեցման հնարավորությունների նախնական փորձարկման ընթացքում օգտագործվել են կանխատեսումների տարբերակներ։ Օրինակ, տարբերակներից մեկը հիմնված է այն պարզ ենթադրության վրա, որ ՀԱԵ/ԳՈւՀ ցուցանիշները Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի համար ամեն տարի կավելանան աճի այն նույն միջին տարեկան տեմպով, ինչ և նախորդ տասնամյակում։ Կանխատեսումների մյուս տարբերակը հիմնված էր ՀԱԵ/ԳՈւՀ ցուցանիշի հավասար 5%-անոց աճի վրա, որի դեպքում Ղազախստանը 2030թ. Բելառուսից հետ կմնա ավելի քան 7 տարով, Ռուսաստանից՝ ավելի քան 13 տարով։ Հասկանալի է, որ մենք հակված չենք արդյունավետ ինտեգրման մասին եզրակացություններ անել ազգային տնտեսությունների զարգացման միայն մեկ, թեև կարևոր ցուցանիշով։ Ուստի, հաշվարկներ և համեմատական ժամանակային վերլուծություն են անցկացվել ՄՄ անդամ երկրների տնտեսական զարգացման այլ կարևոր պարամետրերի վերաբերյալ։ Ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության կարևոր չափանիշներից մեկն է առևտրային շուկաների, ապրանքների, ծառայությունների անդրսահմանային հոսքերի մասշտաբների ինտեգրվածությունը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ժամանակային տարբերության մեթոդի հիման վրա անցկացվել է ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշների վերլուծություն բնակչության մեկ շնչի հաշվարկով, 2000թ. մշտական դոլարով։ Կոմպարատիվ վերլուծության արդյունքները վկայում են, որ 2001թ. Ղազախստանը «բնակչության մեկ շնչի հաշվով ապրանքների և ծառայությունների արտահանման» ցուցանիշով Բելառուսից հետ է մնացել ավելի քան 5 տարով, Ռուսաստանից՝ 3 տարով։ Հաջորդ տասը տարիների ընթացքում այս միտումն ավելի է խորացել. Բելառուսից Ղազախստանը հետ է մնացել ավելի քան 11, Ռուսաստանից՝ ավելի քան 9 տարով։ Հարկ է նշել, որ 2009-2010թթ. ապրանքների և ծառայությունների արտահանման արժեքային ծավալները երեք երկրներում էլ նվազել են, ինչը պայմանավորված է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամով, որն այս կամ այն չափով անդրադարձել է նրանց ազգային տնտեսությունների վրա։ Սակայն, եթե ապրանքների և ծառայությունների արտահանման աճի տեմպերը բնակչության մեկ շնչի հաշվով Բելառուսում և Ռուսաստանում 2010թ., 2008-ի համեմատ, դրական ուղի են դուրս եկել, ապա Ղազախստանում դրանք դեռ գտնվել են բացասական գոտում։ Նշված հանգամանքը, իհարկե, որոշակի նշանակություն է ունեցել Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի վերլուծվող ցուցանիշների միջև ժամանակային տարբերության ավելացման համար։ Հետազոտության ընթացքում օգտագործվել են նաև բնակչության մեկ շնչի հաշվով ապրանքների և ծառայությունների արտահանման կանխատեսումների տարբերակները։ Մասնավորապես, կանխատեսական հաշվարկների տարբերակներից մեկը հիմնված է եղել այն ենթադրության վրա, թե միջին տարեկան աճի տեմպերը մինչև 2030թ. կկազմեն տարեկան 5%։ «Բնակչության մեկ շնչի հաշվով ապրանքների և ծառայությունների արտահանումը» ցուցանիշի կանխատեսումների այս տարբերակով ժամանակային տարբերությունը Ղազախստանի և Բելառուսի միջև 2030թ. կավելանա և այդ ժամանակաշրջանի ավարտին կկազմի ավելի քան 16 տարի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև՝ ավելի քան 9 տարի։ Ստացված արդյունքները հիշեցնում են իրավիճակը խորհրդային տնտեսությունում։ Որպես փաստարկ դիմենք այն հետազոտությանը, որտեղ ցույց է տրվել, որ բնակչության մեկ շնչի հաշվով (ԲՄՇ) արտադրված ազգային եկամտի (ԱԱԵ) ցուցանիշով (ԱԱԵ/ԲՄՇ) Ղազախստանը ՌԽՖՍՀ-ից և Բելառուսից հետ էր մնում ավելի քան 4 տարով, իսկ Բելառուսից՝ ավելի քան 3 տարով։ 1964թ. Ղազախստանի և Բելառուսի ԱԱԵ/ԲՄՇ-ն համապատասխանում էր 60-ական թթ. սկզբի ՌԽՖՍՀ համանման ցուցանիշին։ Սակայն, ժամանակի ընթացքում Բելառուսը բարելավեց իր ցուցանիշը, ընդ որում՝ սկսած 1975-ից, անգամ գերազանցեց ՌԽՖՍՀ ԱԱԵ/ԲՄՇ-ն։ Միանգամայն այլ իրավիճակ է տիրում Ղազախստանում, որն ըստ էության ԽՍՀՄ ժողտնտեսական համալիրի հումքային կցորդն էր հանդիսանում՝ ընթանալով նրա նշած ուղեգծով։ Արդյունքում՝ ժամանակային խզումը երեք տասնամյակի ընթացքում ավելացավ՝ կազմելով 1990թ. ավելի քան 14 տարի։ Այդ ցուցանիշների այսքան լուրջ ժամանակային խզման պատճառները շատ էին, որոնցից ներկայացվում են երկուսը։ Նախ՝ Բելոռուսական ԽՍՀ-ն ավելի շատ արդյունաբերական երկիր էր, քան Ղազախական ԽՍՀ-ն, որի տնտեսությունը ձևավորվել էր ակնհայտ հումքային կառուցվածքով և ուղղվածությամբ։ Երկրորդ՝ Բելառուսում գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորման մակարդակն ավելի բարձր էր, քան Ղազախստանում։ Մեր կողմից ավելի վաղ անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ ԱԱԵ/ԲՄՇ ցուցանիշով Կիրգիզական ԽՍՀ-ն 1970թ. ՌԽՖՍՀ-ից հետ էր մնում 9 տարով։ Ժամանակի ընթացքում այդ խզումն ավելի խորացավ և 1990թ. կազմում էր ավելի քան 20 տարի։ Տաջիկական ԽՍՀ-ն նույն ցուցանիշով 1975թ. ՌԽՖՍՀ-ից հետ էր մնում 14 տարով, իսկ 1990թ.՝ ավելի քան 24 տարով։ Ուզբեկական ԽՍՀ-ում ԱԱԵ/ԲՄՇ ցուցանիշի ժամանակային խզումը 1967թ. կազմում էր 6 տարի, որը 1990թ. հասավ մինչև 21 տարվա։ Նշենք, որ ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության գնահատման համար հարկ է օգտագործել ոչ միայն նշված ցուցանիշները, որոնց արդյունքները բերված են ընդամենը որպես S-timesdistanceanalysis մեթոդի հնարավորությունների իլյուստրացիա։ Նման հաշվարկներ կատարվել են մի շարք այլ ցուցանիշների գծով, որոնք նույնպես վկայում են, որ Ղազախստանի տնտեսական զարգացման որոշ պարամետրեր շոշափելի ժամանակային խզում ունեն Բելառուսի և Ռուսաստանի նույն ցուցանիշներից։ Այսպիսով, արդյունավետության գնահատականի՝ ժամանակային վերլուծության ինովացիոն մեթոդի հիման վրա կատարված հետազոտության արդյունքները և դրանց բովանդակությունը թույլ են տալիս որոշակի հետևություններ անել մասնավորապես Ղազախստանի և ընդհանրապես եվրասիական ինտեգրացիոն գործընթացների համար։ Հետևություններ Ղազախստանի համար. նախ՝ ազգային տնտեսությունների զարգացման առանցքային պարամետրերի զգալի տարբերությունների դեպքում, ինչի մասին վկայում է ի հայտ բերված ժամանակային խզումը, Ղազախստանը կարող է վերածվել գոյություն ունեցող և ստեղծվող տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների (ինչպիսին են Մաքսային միությունը, Միասնական տնտեսական տարածքը և, վերջապես, ապագա Եվրասիական տնտեսական միությունը) արբանյակ-պետության։ Երկրորդ՝ Ղազախստանը կարող է հայտնվել ճիշտ այնպիսի իրավիճակում, ինչպես դա կար Խորհրդային Միության ժամանակ՝ հանդիսանալով զարգացած տնտեսությունների հումքային կցորդը։ Նման զարգացման արդյունքները հայտնի են, որոնք որոշակիորեն անդրադարձել են պետության ամբողջականության վրա։ Ավելացնենք, որ Բելառուսից և Ռուսաստանից Ղազախստանի կարևոր տնտեսական ցուցանիշների բացարձակ և ժամանակային խզման խորացումը կարող է հանգեցնել սոցիալական լարվածության աճի, ներառյալ հակաինտեգրացիոն տրամադրությունները ղազախական հանրությունում և, որպես հետևանք, կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Երրորդ՝ ղազախստանյան արտահանման մեջ առանց մրցակցային դիրքերի կառուցվածքի լուրջ փոփոխությունների, որոնց հիմքում, անշուշտ, ազգային տնտեսությունն է, չարժե սպասել բնակչության մեկ շնչի հաշվով ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշի էական աճի։ Սրանով է պայմանավորված համարժեք առևտրային քաղաքականության շուտափույթ մշակման անհրաժեշտությունը, որը կներառի ղազախստանյան արտահանման դեֆորմացված հումքային կառուցվածքի հաղթահարմանն ուղղված ազգային արտահանական ծրագիրը։ Ազգային արտահանական ծրագիրը պետք է կառուցվի այն հաշվարկով, որ ղազախստանյան ընկերությունները դուրս գան նոր տեխնոլոգիաների և սպառողական նախապատվությունների ուղի, քանի որ ինովացիոն գործընթացների վրա արտահանական գործունեության ներգործության վիճակագրորեն նշանակալի աստիճանը կասկածներ չի հարուցում և ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով։ Առևտրային քաղաքականությունում պետք է օրգանապես ներգրվի նաև ազգային ներմուծման ծրագիրը, որը պետք է արտացոլի ազգային տնտեսության իրական պահանջմունքները և նվազեցնի կախվածությունն արտադրանքի ներկրումից, որը կարող է արտադրվել երկրի տարածքում։ Չորրորդ՝ առևտրային քաղաքականության կողքին հարկ է մշակել նաև ազգային արդյունաբերական քաղաքականություն՝ ուղղված արտադրության կառուցվածքի լուրջ փոփոխություններին, այդ թվում արդյունաբերության մշակող հատվածի բաժնի զգալի ավելացման առումով։ Ընդ որում՝ առևտրային և արդյունաբերական քաղաքականությունները պետք է օրգանապես շաղկապված լինեն։ Հինգերորդ, և սա կարևոր է. անհրաժեշտ է մշակել հավասարակշռված, գլոբալացման արդի մարտահրավերներին համարժեք տնտեսական քաղաքականություն։ Առանց այդ մարտահրավերները հաշվի առնելու ազգային տնտեսության զարգացումը կլինի սակավարդյունավետ, իսկ Ղազախստանի առջև կանգնած խնդիրների լուծումը կարող է անիրական լինել։ Միևնույն ժամանակ, հարկ է հիշել, որ վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ի ցույց դրեց արդի տնտեսական տեսությունների թերություններն ու կանխորոշեց սկզբունքորեն նոր տնտեսական մոտեցումների ձևավորման անհրաժեշտությունը XXI դարի մարտահրավերներին դիմագրավելու համար։ Հետևություններ եվրասիական ինտեգրացիայի համար. նախ՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի իրականացման համար հարկավոր է մասնակից պետությունների ղեկավարների միասնական քաղաքական կամքը, որոնք միավորված կլինեն անցկացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ընդհանուր նպատակներով։ Սա հաստատվում է նրանով, որ գրեթե բոլոր տարածաշրջանային միավորումները (ներառյալ ԵվրԱզԷս-ը, ՄՄ-ն և ՄՏՏ-ն) ստեղծվել են ինտեգրացիոն կառույցների մասնակից երկրների ղեկավարների, առաջին հերթին՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։ Երկրորդ՝ ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության կարևոր պայման է տարածաշրջանային միավորման մասնակից երկրների տնտեսական զարգացման միանման մակարդակը։ Այս պայմանը ցանկալի է, թեև գոյություն ունեցող տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցներում նկատվում են ընդգրկված երկրների տնտեսական զարգացման տարբեր մակարդակներ։ Ինչպես վկայում է համաշխարհային փորձը, տնտեսական զարգացման ավելի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների՝ հավասար պայմաններով ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի։ Բայց գլխավորն այն է, որ անհրաժեշտ է, որպեսզի մասնակից երկիրն ինքը ձգտի սեփական զարգացմանը՝ հույսը միայն ինտեգրացիայի վրա չդնելով։ Ինտեգրացիան հաջող է զարգանում միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանային միավորումների մասնակից ազգային տնտեսությունները վերելքի վրա են գտնվում։ Ճգնաժամ ապրող տնտեսությունները ստիպված են ավելի շատ զբաղվել ոչ թե ինտեգրացիոն, այլ բարդ ներքին խնդիրներով (հակաճգնաժամային ծրագրերի, կարգավորող բնույթի այլ միջոցների մշակում և ընդունում և այլն)։ Երրորդ՝ հարկ է հիշել, որ տարածաշրջանային ինտեգրացիան՝ որպես ազատ առևտրի գոտու, այնուհետև մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի ստեղծման միջոցների համալիր, ավելի ցածր ձևերից դեպի ավելի բարձրը տանող աստիճանական, հետևողական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր փուլում պետք է համաձայնեցվեն ինտեգրացիոն գործընթացի յուրաքանչյուր մասնակցի շահերը։ Չորրորդ՝ կարևոր պայման է ինտեգրացիոն միավորման մասնակից երկրների կայուն մակրոտնտեսական և սոցիալ-քաղաքական իրավիճակը՝ որպես մասնավոր բիզնեսի և օտարերկրյա ներդրողների վստահության (այդ թվում և պետության հանդեպ) պայման։ Հինգերորդ՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը և խորացմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է ստեղծել վերազգային կառույցներ, որոնց էլ մասնակից երկրներն աստիճանաբար կպատվիրակեն առանձին լիազորություններ, ինչպես նաև դրանց իրականացման գործիքներ։ Այդ մարմինները պետք է զբաղվեն միասնական մակրոտնտեսական քաղաքականության մշակմամբ, ներառյալ առևտրային, ներդրումային և այլ քաղաքականությունները։ Վեցերորդ՝ ապրանքների, ծառայությունների և կապիտալի շուկայի ինտեգրման ոլորտում առաջընթացի բազմաթիվ հնարավորություններ կան, ինչը պայմանավորված է առևտրի և ներդրումների ոլորտի ազատականացմամբ։ Միևնույն ժամանակ, ինտեգրացիոն գործընթացներում վճռական դեր կխաղան մշակութային և հոգեբանական գործոնները, որոնց անտեսումը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Յոթերորդ՝ անցած հարյուրամյակի 90-ական թթ. ինտեգրացիոն գործընթացների ինտենսիվացումը, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, Եվրամիության ներքին խնդիրները հանգեցնում են ինտեգրացիոն միավորումների ձևավորման և դրանց ապագա զարգացման վերաբերյալ նոր մոտեցումների որոնման անհրաժեշտությանը։ Այս պայմաններում չափազանց կարևոր է թվում ռազմավարական նախաձեռնության մշակումը, որը հիմնված կլինի ապագա Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների ազգային շահերի հաշվառման վրա։ Ղազախստանի նախագահ Ն.Ա. Նազարբաևի ռազմավարական նախաձեռնությունը եվրասիական ինտեգրացիայի անհրաժեշտության մասին, որը նա ներկայացրել է 1994թ. Մ.Վ. Լոմոնոսովի անվ. ՄՊՀ-ում կարդացած դասախոսությամբ, արդի բարդ պայմաններում կարևոր մրցակցային առավելություն է, մանավանդ որ աշխարհը կանգնած է գլոբալ անորոշության դեմ-հանդիման։ Խոսքն, ըստ էության, Եվրասիական աշխարհանախագծի ձևավորման մասին է։ Այն պահանջում է ինտեգրացիոն խնդիրների հանրագումարի և գերակայությունների բավական հստակ ու համարժեք համակարգի խոր գիտական իմաստավորում, գերակայություններ, որոնք կենտրոնամետ ազդակներ կստեղծեն ապագա Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների համար և ուղղված կլինեն ինտեգրացիոն գործընթացի մասնակիցներից յուրաքանչյուրի ազգային շահերի պաշտպանությանը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here