ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՍՏԵՓԱՆ ԳԵՈՐԳԻԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ («Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի նյութերը)

0
373

Պարո՛ն Սաֆարյան Շնորհակալություն հրավերի համար։ Ձեր ընտրած ձևաչափը շատ հետաքրքիր է։ Բալթյան երկրների փորձը հետաքրքիր և կարևոր է, և այստեղ Ձեզ հաջողվել է կոտրել իմ կարծրատիպերը բալթյան երկրների մասին։ Ես կարծում էի, թե այնտեղ շեշտադրումն արվում է ժողովրդավարության, Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վրա, բայց այսօր միանգամայն այլ տեսլականների ծանոթացա։ Իմ ելույթում ես որպես կողմնորոշում կվերցնեմ Եվրոպական միության և նախկին Խորհրդային Միության տարածքում բոլոր հնարավոր ու անհնար ինտեգրացիոն գործընթացների մասին պարոն Սաֆարյանի հոդվածները և կարտահայտեմ իմ մոտեցումները։ Ես կարծում եմ, որ սա միանգամայն նոր մշակույթ է, երբ պարզապես չեն ասում կամ գրում՝ «Ռուսաստանը մեր եղբայրն է, և ես ուզում եմ լինել նրա հետ», այլ երբ գրագետ ձևով փաստարկում են այդ գործընթացի դրական և բացասական կողմերը։ Եվ կարևոր չէ՝ համաձա՞յն ենք մենք ինտեգրվել, թե՞ ոչ, անձամբ ես համաձայն չեմ, բայց դուք փաստարկներ ունեիք։ Երբ մենք խոսում ենք Հայաստանի անվտանգության մասին, արժե մեր հյուրերի համար մի ճշգրտում մտցնել։ Իհարկե, մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ հիմնարար բնույթ է կրում, բայց վերջին տարիներին Հայաստանի ռազմաքաղաքական ոլորտում ներդրում ունենում են նաև այլ դերակատարներ, իսկ դա հիմա շատ կարևոր է։ Այս առումով հատկանշական է Կարսի, Կարսի նահանգի հետ կապված պատմությունը։ Մենք կորցրինք այդ տարածքը մի պարզ պատճառով. մի պահ մենք մեր ողջ անվտանգությունը վստահեցինք մեկ խաղացողի. լավն էր նա, թե վատը՝ կարևոր չէ։ Այդ մեկ խաղացողը հարցն այսպես լուծեց. Կարսի նահանգը հանձնեց Թուրքիային և այդպիսով ապահովեց անվտանգությունը տարածաշրջանում։ Ուստի, շատ կարևոր է, որ Հայաստանում այսօր անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչը միայն Ռուսաստանը չէ, որ ապահովում է, թեև նրա գերակշռությունն ակնհայտ է, և մենք՝ եվրաինտեգրման կողմնակիցներս, դրան բացասաբար չենք վերաբերվում։ Խոսքն այն մասին է, որ կա ՀԱՊԿ-ը, որի ավանդը չպետք է չափազանցել, և կա համագործակցություն նաև եվրոպական մի շարք երկրների, և որ ավելի կարևոր է՝ ՆԱՏՕ-ի և, իհարկե, ԱՄՆ-ի հետ, քանի որ ԱՄՆ-ի հետ մենք համագործակցում ենք ռազմական ոլորտում։ Եվ ես կարծում եմ, որ մի քանի բաղադրիչի միաժամանակյա առկայությունը դրական է։ Իսկապես, ինչպես ասաց մեր վրացի գործընկերը, Հայաստանը լավ հարաբերություններ ունի տարբեր երկրների և դաշինքների հետ, համենայնդեպս՝ իշխանություններին այսօր հաջողվում է հավասարակշռել դրանք։ Ընդ որում՝ այստեղ միայն Ռուսաստան-ՆԱՏՕ վեկտորը չէ, այլև Հայաստանի համագործակցությունը և՛ Ռուսաստանի, և՛ ՆԱՏՕ-ի հետ զուգահեռաբար։ Այսպես ասեմ. մենք համագործակցում ենք և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ, մեզ հաջողվում է համագործակցել միմյանց հակադիր համակարգերի՝ Ռուսաստանի և Վրաստանի հետ, Եվրամիության հետ՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, որը ենթադրում է ասոցիացման պայմանագիր։ Ինձ թվում է, որ Հայաստանը ճիշտ է անում՝ ԵՄ-ին անդամակցության հարց չդնելով, և միևնույն ժամանակ համագործակցում է այդ կազմակերպության հետ, ինչը կարևոր է գլոբալացվող աշխարհում։ Դուք գիտեք, որ խոսքը վիզաների տրամադրման գործընթացի դյուրինացման մասին է, ազատ առևտրի պայմանագրի և քաղաքական գործընթացների մասին։ Մեզ մոտ վիզաների տրամադրման դյուրինացման առումով մեծ առաջընթաց կա, և այս ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվում։ Մենք մշտադիտարկում ենք անցկացրել, և այն դրական տեղաշարժեր է արձանագրել այս ոլորտում։ Սահմանը հատելու լոգիստիկան մշակելիս մենք պետք է ջանանք խուսափել անցակետերում ժամերով հերթի սպասելուց. դա նույնպես մտնում է վիզային ռեժիմի հեշտացման և մեր պետական սահմանը հատող մարդկանց տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացի մեջ։ Այս ամենն ինձ խիստ տրամաբանական և բնական է թվում։ Էլ չեմ խոսում այս գործընթացի այլ ասպեկտների, մասնավորապես՝ եվրոպացիների այն անհանգստության մասին, թե Հայաստանի քաղաքացիները կգնան և կմնան եվրոպական երկրներում։ Երբ մենք երկկողմանի պայմանագիր ենք ստորագրում եվրոպական երկրների հետ, դա էլ հենց թույլ է տալիս վերադարձնել այն մարդկանց, որոնք անլեգալ ճանապարհով են հեռացել։ Մեր շահերից է բխում մեր քաղաքացիներին չկորցնելը։ Իսկ ազատ առևտրի մասին պայմանագիրը շատ կարևոր է, և ոչ մի տեղ, գոնե մինչև այսօր, ոչ ռուսական, ոչ ԵՄ-ի կողմից պայմաններ չեն առաջադրվել, թե համագործակցության մեկ վեկտորը ենթադրում է հրաժարվել մյուսից։ Իհարկե, եթե մենք ստորագրենք ասոցիացման և առևտրի մասին պայմանագրերը, ապա չենք կարողանա մտնել Մաքսային միություն, որովհետև այնտեղ սկզբունքորեն տարբեր խաղի կանոններ են գործում։ Բայց այստեղ ևս, միևնույն է, կոշտ պայմաններ չի դնում։ Ինձ թվում է, որ սա միանգամայն բնական գործընթաց է, մենք պետք է մասնակցենք դրան։ Հայաստանն իսկապես ճկուն դիրքորոշում ունի. թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական մակարդակներում բոլորը միակարծիք են այն հարցում, որ անդամակցության հարցը չպետք է կոշտ դրվի, հարկավոր է աշխատել այդ գործընթացի շրջանակներում։ Այստեղ այսօր խոսվեց արժեքների համակարգի մասին։ Ինչի՞ վրա են հենվելու այդ արժեքները։ Միայն շահերի՞։ Ակնհայտ է, որ փոքր երկիրը տանուլ կտա, և անիմաստ է քննարկել դա։ Ինչո՞ւ։ Որովհետև, եթե արժեհամակարգը կառուցվի՝ ելնելով միայն ընդհանուր շահերից, ապա, երբ երկու, երեք կամ չորս խոշոր համակարգերի միջև (որոնք անընդհատ գոյանալու են աշխարհում) ինչ-որ հակասություններ ծագեն, տուժելու են հենց թույլ գործընկերոջ շահերը։ Մի՞թե դուք կարծում եք, թե այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսին են Ռուսաստանը և ԱՄՆ-ը, կզոհեն իրենց շահերը։ Ոչ, մեզ «կհանձնեն», ինչպես «հանձնեցին» 1921 թվականին։ Կովկասում խաղաղություն էր պետք, և բոլշևիկները տվեցին Կարսը։ Այն ժամանակ այստեղ ռուսական կառավարությունն էր. ես կարծում եմ, որ եթե այլ կառավարություն լիներ՝ չէին տա։ Այն ժամանակ մտածեցին՝ հարկավոր է կայունությունն ապահովել՝ Կարսի նահանգը հանձնելով Թուրքիային, որը երբեք այդ երկրի կազմի մեջ չի եղել, իսկ Նախիջևանը և Ղարաբաղը՝ Ադրբեջանին։ Եվ իսկապես, խաղաղությունը հաղթանակեց։ Այսինքն՝ այդ պահին ճնշեցին թույլին, և խաղաղությունը հաղթանակեց։ Դա ձեռնտո՞ւ է մեզ։ Դրա կրկնությո՛ւնը։ Թե՞ ձեզ է ձեռնտու։ Ուստի, այն արժեհամակարգը, որը մենք որդեգրել ենք, շատ կարևոր է։ Հիմա տեսնենք, թե ինչպիսին է այն։ Օրինակ, թողնում ենք մարդու իրավունքներին վերաբերող արժեքները. այստեղ իսկապես շատ վիճելի բաներ կան, և ես ինքս համաձայն եմ լիտվացի փորձագետի հետ, այստեղ նրբություններ կան։ Գիտե՞ք, չափից ավելի ազատականացումը, այդ բաց շուկան, այդ նրբությունները բացասական բան են բերում իրենց հետ։ Մի հարց կա. եվրոպական արժեքների համակարգում իշխանության բաժանում է նախատեսված։ Ի՞նչ վատ բան կա իշխանությունների բաժանման համակարգում։ Կամ մի՞թե վատ է օրենքի գերակայությունը։ Գուցե անգամ եթե Եվրասիական միությունում շեշտը ժողովրդավարության վրա չի դրվում և այլն, և այլն, Ռուսաստանը նույնպես խոսում է ժողովրդավարության մասին, բայց մի՞թե օրենքի գերակայությունը մեզ հարկավոր չէ, մենք չե՞նք ուզում օրենքներով ապրել։ Ես սա այնքան էլ չեմ հասկանում։ Հաջորդ՝ ամենակարևոր հարցը։ Լինելո՞ւ են արդյոք վերպետական ինստիտուտներ Եվրասիական միությունում։ Գիտե՞ք, ՆԱՏՕ-ում վերպետական մարմիններ չկան, Եվրոպայի խորհրդում չկան, ԵԱՀԿ-ում չկան, իսկ Եվրամիությունում կան, ինչի մասին մեր մերձբալթյան հյուրերն արդեն ասացին, որ իրենք ինչ-որ բան պատվիրակել են կենտրոնին և հիմա ինչ-որ բանից դժգոհ են, ինչ-որ բան այնտեղ չի աշխատում և այլն։ Բայց նրանք բոլորն էլ, իմիջիայլոց, սահմանադրական փոփոխություններ են մտցրել, երբ իրենց լիազորությունները պատվիրակել են «վերև»։ Այս առնչությամբ ես հարց ունեմ։ Ասենք թե մենք Ռուսաստանի, Ղազախստանի կամ էլի ինչ-որ մեկի հետ միության մեջ ենք, կլինե՞ն այդ միությունում վերպետական մարմիններ, թե՞ ոչ։ Պակաս կարևոր չէ նաև տարաժամանակյա ինտեգրման հարցը։ Այսինքն՝ Եվրասիական միությունը կառուցվելու է գոյություն ունեցող ինստիտուտների՞ վրա, թե՞ քննարկումն սկսում ենք զրոյից։ Եթե կառուցվելու է այդ ինստիտուտների հիման վրա, ապա, բացի ՀԱՊԿ-ից, այնտեղ ուրիշ ոչինչ չի աշխատում։ Այսինքն՝ գուցե իմաստ ունի Եվրասիական միությունում խոսել արժեքների զրոյական պլատֆորմի մասին և այլն։ Եվ երկրորդ՝ ո՞վ իրավունք ունի մտնել այդ կազմակերպություն։ Օրինակ, ինչ էլ որ ինձ ասեն, Եվրամիություն և ՆԱՏՕ մտնելը դժվար է։ Ինչ-որ երկրներ ուզում են մտնել, նրանց ասում են. գիտե՞ք ինչ, օրինակ, դուք աշխարհագրորեն չեք կարող դա անել, որովհետև սա Եվրոպա է։ Կամ ասում են, իբր, եթե դուք բավարարեք մեր արժեքային չափանիշները, մենք ձեզ կընդունենք։ Իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ ես տեսնում եմ. ցանկացա՞վ Ուզբեկստանը՝ մտավ կազմակերպություն, ցանկացավ՝ դուրս եկավ, և ես չեմ հասկանում. ուզբեկները մեր ռազմաքաղաքական գործընկերնե՞րն են, թե՞ ոչ։ Իսկ Եվրասիական միությո՞ւն ով կարող է մտնել։ Կարո՞ղ է արդյոք Հյուսիսային Կորեան մտնել։ Կամ Աֆղանստանը։ Այս հարցերը շատ կարևոր են։ Թե՞ այդ ինտեգրացիան միայն հետխորհրդային տարածքի համար է, որպեսզի ես իմանամ, թե ապագայում ում հետ կարող եմ գործ ունենալ։ Եվ հայերիս համար կարևորագույն թեման այսպիսին է. կարո՞ղ են արդյոք Եվրասիական միություն մտնել չճանաչված կամ կիսաճանաչված կազմավորումները։ Կարո՞ղ է արդյոք Աբխազիան մտնել, որին Ռուսաստանը ճանաչել է։ Թողնենք Ղարաբաղը։ Դա կարևոր հարց է։ Եթե ասեք, թե նրանք կարող են մտնել կանոնադրական փաստաթղթերի մեջ, ապա եվրոպական կողմնորոշվածություն ունեցող հայերը, նրանց թվում և ես, կքվեարկենք հօգուտ Եվրասիական միության։ Միանշանակ։ Այսինքն՝ մենք կասենք. դուք հարգում եք այդ ժողովուրդների ազատության իրավունքը, և դա, իհարկե, առավելություն է նրա համեմատ, ինչ ունենք Եվրոպայում։ Վերջում ուզում եմ մի քանի նկատառում ավելացնել՝ կապված այն բանի հետ, թե ինչը չի խթանում ինտեգրացիան նախկին Խորհրդային Միության տարածքում. օրինակ՝ էլիտաները։ Գիտե՞ք, մեր էլիտաները վարժվել են ինքնուրույն և լավ ապրել։ Խոսելով էլիտայի մասին՝ նկատի ունեմ բյուրոկրատիան, հետո նոր մյուս մարդկանց, օրինակ՝ ինչպիսիք այստեղ են՝ հայտնի և խելացի գիտնականներ։ Երբ ես 1989թ. մեկնել էի Միացյալ Նահանգներ, մեկնելուս հարցը վեց ամիս որոշվում էր. ես պետք է զեկուցում կարդայի կոնֆերանսում ֆիզիկայի գծով, ես ֆիզիկոս եմ։ Հոդվածս արդեն Նահանգներում հրապարակվել էր, Եվրոպայում նույնպես։ Ինձ հրավիրում էին, իսկ ես կես տարի սպասում էի, մինչև որ վերևներում պետերը որոշեին, որ կարելի է մեկնել։ Մեր անկախ երկրների էլիտաները երկյուղ ունեն, որ կրկին ընդհանուր տեր կլինի և դա կկրկնվի, որ նրանք չեն կարողանա զբաղվել բիզնեսով կամ մի այլ բանով։ Այնուհետև. կարող են շահերը չհամընկնել։ Որքան էլ մենք ձեզ հետ միասին խոսենք այդ մասին, մենք հստակ տեսնում ենք, որ ինչ-որ տեղերում մեր երկրների շահերը չեն համընկնում, և դա շատ լուրջ է։ Օրինակ, չեն համընկնում Ուզբեկստանի շահերը Ղրղզստանի և Տաջիկստանի հետ ջրի պաշարների հարցում, մահացուորեն չեն համընկնում։ Դուք կարող եք ասել, որ դա լուծելի հարց է։ Բայց այստեղ սկզբունքային վեճ կա։ Եթե այդ երկրներից մեկում հիդրոէլեկտրակայան են կառուցում, մյուսում ժողովուրդն անջուր է մնում։ Դուք հո հասկանում եք, թե ինչու, ես չէ, որ պետք է բացատրեմ։ Կամ՝ չեն կարողանում պայմանավորվել Կասպիցի ավազանի վերաբերյալ։ Այսինքն՝ ես ուզում եմ ասել, որ կան օբյեկտիվ բաներ, որոնք թույլ չեն տալիս այդքան հեշտ միանալ։ Բանն այն չէ, որ հայերը չեն ցանկանում, կամ ղազախներն ու մյուսները։ Մենք մտածում ենք դրա մասին, բայց գիտենք, որ տարակարծություններ կան։ Որպես ամփոփում կուզենայի խոսել ժողովրդավարական ազատությունների աստիճանի մասին։ Ես չեմ խոսի դասական կամ ավանդական դեմոկրատիայի մասին, որը գոյություն ունի հին Եվրոպայում, թողնենք դա։ Անգամ ազատությունների աստիճանն է մեր երկրներում տարբեր։ Ես ներողություն եմ խնդրում և չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ազատությունների աստիճանը Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում չի կարելի համեմատել Թուրքմենստանի ազատությունների աստիճանի հետ։ Ինձ ճիշտ հասկացեք։ Ազատությունների այդքան տարբեր աստիճանների պարագայում (ընդ որում՝ ես հիմա չեմ խոսում անգամ քաղաքական և տնտեսական ոլորտների մասին) խիստ դժվար է համակցել տարբեր համակարգերը։ Եվ խոսքը քաղաքական ասպեկտի մասին չէ։ Որքան էլ տարօրինակ է, մենք միշտ դժգոհում ենք, որ մեզ մոտ ամեն բան չէ, որ լավ է՝ ընտրություններ, խնդիրներ և այլն։ Այո, ես շատ ուրախացա, երբ լսեցի ընտրական խնդիրների և հանրաքվեների մասին մերձբալթյան երկրներում։ Կներեք, բայց մենք բոլորս կարող ենք արտահայտել մեր տեսակետը։ Հայաստանում ոչ ոք մեզ դրա համար չի սպանում։ Մենք կարող ենք ասել ինչ ուզում ենք, ընդդիմությունը մշտապես հանրահավաքներ է անցկացնում, և սա շատ դրական բան է։ Երբեմն լինում են ինչ-որ լարված իրավիճակներ, բայց, միևնույն է, դա շատ լավ է։ Հեռուստացույցով մի երկիր էին ցուցադրում (չեմ ասի՝ որը), որտեղ երեք հոգի միտինգ էին անում և նրանց շրջապատել էին մոտ հազար ոստիկաններ. մեկնաբանում էր CNN-ը։ Ես ուզեցի տեսնել այդ մի քանի մարդուն։ Բայց ոստիկաններն այնքան շատ էին, որ երեք իրավապաշտպանները պարզապես չէին երևում։ Պաշտոնական տվյալներով՝ մոտ 750 ոստիկան էր եղել։ Տեսնո՞ւմ եք, մենք տարբեր համակարգերում ենք գտնվում։ Ես չեմ ասում, թե նրանք վատն են, մենք՝ լավը։ Մենք տարբեր համակարգերում ենք։ Եվ դրա մասին պետք է մտածել։ Շնորհակալություն։ Ապրիլի 13, 2013

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here