ԱՆԿԱԽ ՄԵԿՆԱԲԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ ԷՅՆԱՐՍ ԳՐԱՈՒԴԻՆՇԻ (ԼԱՏՎԻԱ) ԶԵԿՈՒՅՑԸ («Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» միջազգային կոնֆերանսի նյութերը)

0
388

Բարի օր, հյուրընկալ Հայաստան։ Բարի օր, մայրաքաղաք Երևան։ Բարև բոլոր ներկաներին։ Անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներին հրավերի և ելույթ ունենալու հնարավորության համար։ Դա ինձ համար մեծ պատիվ է։ Քանի որ կոնֆերանսն անվանված է «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ», առաջարկում եմ քննարկել այսպես կոչված «համաշխարհային հանրությանը» Լատվիայի ինտեգրման ասպեկտներն ու արդյունքները, քանզի ընդամենը 20 տարի առաջ մենք ԽՍՀՄ եղբայրական հանրապետությունների ներկայացուցիչներն էինք։ Հիմա տարբեր պետությունների ներկայացուցիչներ ենք, որոնք ընթանում են համաշխարհային հանրությանն ինտեգրվելու ուղով, փնտրում են տնտեսական և քաղաքական զարգացման ճանապարհներ գլոբալ աշխարհում։ Յուրաքանչյուր ուղի իր դրական ու բացասական կողմերն ունի։ Իմաստուն կլինի այն պետությունը, որը կկարողանա հաշվի առնել ինտեգրման բացասական գործոններն ու պահպանել սեփական ժողովրդի ազգային ինքնությունը։ ԱՄՆ աշխարհաքաղաքական նպատակադրությունների և ԵՄ հին անդամների ոչ պաշտոնական որոշումների համաձայն՝ 2004թ. մարտի 29-ին Լատվիան առանց համաժողովրդական հանրաքվեի մտավ ՆԱՏՕ։ Այնուհետև, ղեկավարվելով հանրաքվեի ակնհայտորեն սարքովի արդյունքներով՝ 2004թ. մայիսի 1-ին երկիրը դարձավ ԵՄ լիիրավ անդամ, 2007թ. դեկտեմբերի 21-ին միացավ Շենգենի գոտուն և նույն օրվանից էլ վերացրեց ցամաքային և ծովային սահմանների վերահսկողությունը։ Վերահսկողությունն օդանավակայաններում հանվեց 2008թ. մարտի 30-ից։ 2014թ. հունվարի 1-ին Լատվիան, հերթական անգամ առանց համաժողովրդական հանրաքվեի, կմտնի եվրոգոտի։ Մեր երկիրը բոլոր ցուցանիշներով իրեն կարող է համարձակորեն դասել արևմտյան քաղաքականության և մեր երկրագնդի «ոսկե միլիարդի» շարքին։ Բայց արդյո՞ք ամեն բան այդքան լավ է։ Օրինակ, օգտագործելով «սարքված» փաստերը՝ այսօր կարելի է գիրք գրել «հաջողության մասին», ինչը մի շվեդ քաղաքացու համահեղինակությամբ արել է Լատվիայի ներկայիս վարչապետը։ Վերադառնանք իրական վիճակին և իրական փաստերին։ «Дневной бизнес» թերթի տվյալներով՝ 2011թ. դրությամբ սկանդինավյան չորս բանկեր՝ Swedbank-ը, SEB-ը, Nordea-ն և DnBNord-ը, վերահսկում էին շուկայի ավելի քան 50%-ը բանկային ոլորտում, այսօր, իմ հաշվարկներով, արդեն մոտ 75%-ը։ Փաստորեն, Լատվիայի ամբողջ ֆինանսական համակարգը սկանդինավյան բանկերի ձեռքում է։ Իսկ ում ձեռքին ֆինանսներն են, նա էլ երկրի տերն է. այս աքսիոման հայտնի է դեռ առաջին Ռոտշիլդների ժամանակներից։ XXI դարում տնտեսությունում կարևորագույն դեր են խաղում հեռահաղորդակցությունները. իզուր չեն ասում, որ այսօր մակրոտնտեսության հիմնական բջիջը վիրտուալ ընկերությունն է դիջիթալ միջավայրում։ Լատվիայի կապի արդյունաբերության երկու հսկաները՝ Lattelecom-ը և LMT բջջային օպերատորը, 49%-ով պատկանում են շվեդական ընկերություններին, առաջինի դեպքում՝ TeliaSonera-ին, երկրորդի դեպքում՝ TeliaSonera AB-ին և Sonera Holding B.V.-ին։ Օտարերկրացիները լիովին վերահսկում են Լատվիայի հեռահաղորդակցությունների շուկան։ Մաս-մեդիա ոլորտում շվեդական MTG խումբը վերագնել է առևտրային հեռուստատեսության հիմնական ալիքները և վերահսկում է հեռուստատեսության գովազդային շուկայի 60-65%-ը։ Առաջատար և հեռանկարային երեք ինտերնետ պորտալներից երկուսը պատկանում են օտարերկրյա ընկերությունների. TVNET–ը պատկանում է Schibsted Media Group նորվեգական ընկերությանը, իսկ apollo.lv–ն՝ ֆիննական Sanoma Oyj կոնցեռնին։ Լատվիայի մանրածախ առևտրի ավելի քան 50%-ը վերահսկում են սուպերմարքեթների երկու ցանցեր, որոնցից մեծությամբ երկրորդը՝ Rimi Latvia-ն, պատկանում է շվեդական ICA AB-ին։ Մամուլի և մանր ապրանքների իրացման գործում բացարձակ գերիշխող դիրք ունի նորվեգական Narvesen–ը։ Մրցակցության խորհրդի տվյալներով՝ վառելիքի մանրամեծածախ շուկայի (լցակայաններ) ավելի քան 70%-ը պատկանում է երեք ընկերությունների, որոնցից երկուսը՝ օտարերկրյա. կանադական Statoil Fuel & Retail-ը և ֆիննական Neste Oil-ը։ Լատվիայի ազգային հարստության՝ անտառների 13-30%-ը ևս գտնվում է օտարերկրացիների ձեռքին. փաստական թվերը ոչ ոք չգիտի։ Մեր երկրում անտառների ամենամեծ սեփականատերը սկանդինավյան Bergvik Skog ընկերությունն է։ Լատվիական հողի մեկ հինգերորդ մասը, այդ թվում լավագույն գյուղատնտեսական հողահանդակները, պատկանում են օտարերկրացիներին կամ դրանց կողմից վերահսկվող կառույցներին (մեր հաշվարկներով՝ մոտ 30%-ը, իսկ փաստացի իրավիճակը կարող է և ավելի վատ լինել)։ Լատվիայի տնային տնտեսություններին տրամադրվել է մոտ 5 մլրդ լատի վարկ, ինչը հավասար է երկրի տարեկան բյուջեին։ Այսպիսով, երկրի տնտեսապես ակտիվ գրեթե ողջ բնակչությունը մի քանի տասնյակ տարվա պարտքեր ունի, որոնք ժառանգելու են նրանց երեխաները։ 2012թ. տնային տնտեսությունների միջինը 27%-ը ուշացրել է վարկերի վճարումը, իսկ Կենտրոնական վիճակագրական վարչության պաշտոնական տվյալներով՝ տնային տնտեսությունների 85%-ը դժվարություններ ունի ընթացիկ հաշիվները (այդ թվում կոմունալ ծառայությունների, դպրոցների, մանկապարտեզների, սննդամթերքի համար) վճարելու հարցում։ Global Wealth Report զեկույցի տվյալներով, որը պատրաստել է Allianz ընկերությունը, Լատվիան ԵՄ տասը երկրների շարքում չորրորդն է՝ բնակիչների ունեցած խոշոր պարտքերի գծով։ Վարկերի և այլ պարտավորությունների գծով միջին լատվիացու ունեցած պարտքը կազմում է մոտ 4 հազ. եվրո, և պարտքը մարելու համար միջին լատվիացին ստիպված է տալ իր բոլոր խնայողությունների եռակին։ Բալթյան հարևան երկրների համեմատ, Լատվիայի բնակիչների դրությունը՝ «պարտքի չափ – անձնական ֆինանսական դրություն» սխեմայով, ամենաաննախանձելի տեսքն ունի։ Լատվիայում այդ ցուցանիշը մեկ բնակչի հաշվով կազմում է 4 հազար եվրո – 1400 եվրո, Էստոնիայում՝ 5900 եվրո – 9700 եվրո, Լիտվայում՝ 3300 եվրո — 4100 եվրո։ 2008թ. տնտեսական ճգնաժամը Լատվիայում ամենածանրերից մեկն էր աշխարհում։ Գործազրկությունը 2008թ. հունվարի 5%-ից 2010թ. դեկտեմբերին հասավ 16,6%-ի։ Սրանք պաշտոնական թվեր են։ Ելույթիս հեղինակն ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում է, որ Լատվիայում առանց աշխատանքի մնաց հասարակության յուրաքանչյուր երրորդ աշխատունակ անդամը։ Վերջին 10-15 տարիներին երկրից հեռացել է մոտ 400.000 մարդ, ինչը հավասար է ընդհանուր բնակչության ¼ — 1/5 մասին։ 2011թ. լատվիական բուհերի գիտնականների պաշտոնական հաշվարկներով՝ երկիրը լքել է 37.000 մարդ։ Մենք տարեկան մեկ քաղաք ենք կորցնում։ 1997-2001թթ. Կենտրոնական հողային հանձնաժողովի ղեկավար Այվարս Տիեսնեսիսը «Diena» թերթին ս.թ. մարտի 27-ին տված հարցազրույցում հիմնավորված կերպով հայտարարել է. «Գրեթե բոլոր նորմալ մարդիկ հեռացել են, մնացել են անհաջողակներն ու անկարողները»1 [ #1_b ] ։ Լատվիան խորագույն ժողովրդագրական փոսի մեջ է գտնվում, դա փաստորեն ազգային մասշտաբի աղետ է։ Լատվիան ԵՄ-ին անդամակցության տարիներին կորցրել է մի քանի անգամ ավելի շատ մարդկային ռեսուրսներ, քան ԼԽՍՀ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ճգնաժամի ժամանակ Լատվիայի ՀՆԱ-ն 25%-ի անկում է ունեցել, իսկ տնտեսության անկումը 2009թ. կազմել է 18%։ Այս թվերն ավելի մեծ են, քան, օրինակ, Բելգիայի վնասը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 2008թ. դեկտեմբերի 19-ին Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ԵՄ որոշ երկրներ պայմանավորվեցին Լատվիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերել 7,5 մլրդ եվրոյի չափով։ Մինչև 2011թ. Լատվիան «օգնության» շրջանակներում այսպես կոչված «միջազգային դոնորներից» ստացել է 4,4 մլրդ եվրո, որի 38,5%-ն օգտագործվել է պետական պարտքի մարման համար։ Փաստորեն, փակ պարտքային օղակ ստեղծվեց։ 2008թ. Լատվիայի կառավարությունն ազգայնացրեց երկրի ամենամեծ՝ Parex bank-ը։ Համակարգաստեղծ բանկի այսպես կոչված «փրկության» համար օգտագործվեցին սոցիալական բյուջեում կուտակված փողերը. այդպես էին ոչնչացնում սկանդինավյան բանկերի նախավերջին մրցակցին և ձեռքի հետ էլ թոշակից զրկում ապագա թոշակառուներին։ Բանկային ոլորտում շվեդների վերջին մրցակից բանկը՝ Լատվիայի Խնայբանկը, որ հարյուրամյա պատմություն ուներ և պատկանում էր ռուսաստանցիներին, մի քանի տարի անց արհեստականորեն սնանկացվեց։ Նույնը կատարվեց նաև ազգային AIR BALTIC ավիաընկերության հետ, որը SAS-ի հիմնական մրցակիցն էր տարածաշրջանում։ 2012թ. Լատվիայի կառավարությունը սկանդինավյան բանկային կառույցներին վաճառեց 100%-ով պետությանը պատկանող միակ բանկը՝ Լատվիայի հիփոթեքային և հողային բանկը։ Ի դեպ, դա այն բանկն էր, որն աշխատում էր շահույթի կայուն ցուցանիշներով։ Գործարքի գնի և գումարի մասին հարցին սկանդինավները պատասխանել էին, թե դա գաղտնի առևտրային տեղեկատվություն է։ Օտարերկրյա կապիտալը գերիշխում է նաև ապահովագրական բիզնեսում, ավտոդիլերների, գարեջրի արդյունաբերության ոլորտում։ Այսօր ավելի հեշտ է թվարկել այն, ինչը դեռ պատկանում է ազգային կապիտալին։ Սնանկացման եզրին է Բալթիայում հնագույն և միակ մետալուրգիական կոմբինատը՝ Liepajas Metalurgs-ը։ ԵՄ ցուցումով փակվեցին Լատվիայի շաքարի գործարանները, իսկ դրանց բրենդները գնեցին սկանդինավյան կառույցները, օրինակ՝ Jelgavas cukurs-ն այսօր պատկանում է Dan Sukker-ին, որը հին բրենդի անվան տակ իր շաքարը վաճառում է Եվրոպայից։ Ձկնորսական նավատորմի զարգացման համար ԵՄ հատկացրած բոլոր փողերը փաստորեն օգտագործվեցին ձկնարդյունահանող նավերը շարքից հանելու համար։ Այսպիսով, Լատվիայում մի հարվածով վերացրին Եվրոպայի մրցակիցներին և ոչնչացրին տնտեսության երկու պատմական ճյուղերը՝ շաքարի արտադրությունը և ձկնարդյունաբերությունը։ Սկսած 90-ական թվականներից՝ Լատվիան արտաքին առևտրի կայուն բացասական հաշվեկշիռ ունի։ Մենք ավելի շատ ներմուծում, քան արտահանում ենք, մենք կորցրել ենք իրացման շուկաները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, բայց դրանք ձեռք չենք բերել Արևմուտքում։ Մենք եզակի ենք անգամ արևմտյան չափանիշներով. Լատվիայի կառավարության անդամներն իրենց գործունեությունը համաձայնեցնում են Լատվիայում ԱՄՆ դեսպանի հետ, իսկ արտաքին քաղաքական վեկտորները մեզ համար գրում են Վաշինգտոնի Պետական դեպարտամենտում, մենք տնտեսապես շաղկապված ենք ԵՄ-ին, բայց երկրի ողջ հարկային-դրամական քաղաքականությունը որոշում են սկանդինավյան բանկերը։ Տնտեսական կոլապսն ուղեկցվում է բացասական այլ հետևանքներով սոցիալական ոլորտում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում։ Լատվիան համակված է աննախադեպ քաղաքական կոռուպցիայով, թմրամոլության և ինքնասպանությունների զգալի աճ է նկատվում, ավելացել է ծանր և հատկապես ծանր հանցագործությունների թիվը։ Մեր երկիրը Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում ամուսնալուծությունների թվով։ Մենք առաջատարների թվում ենք նաև արհեստական վիժեցումների և մանկական մահացության հարցում, ծննդաբերությունների 1/3-ը կատարվում է կեսարյան հատումով, ինչը վկայում է կանանց առողջության ծայրահեղ վատ վիճակի մասին։ Առանձին անդրադառնանք պետության գաղափարախոսությանն ու ազգամիջյան հարաբերություններին։ Երկրի կազմավորման առաջին իսկ օրվանից Լատվիայի պետական գաղափարախոսությունը կենդանաբանական ռուսատյացությունն է դարձել, էթնիկական անհանդուրժողությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայումը և ոչ վաղ անցյալի բացահայտ կեղծումը։ Արդյունքում՝ այսօր Լատվիայում ավելի քան 300.000 այսպես կոչված «ոչ քաղաքացիներ», այսինքն՝ բնակչության 1/6-ը, սահմանադրական և ընդհանուր քաղաքացիական իրավունքներ չունեն, բայց դրա հետ մեկտեղ, նրանց վրա դրված են 80 արգելքներ՝ սկսած պրոֆեսիոնալ արգելքներից մինչև գույքայինը։ Ռոդեզիայի ապարտեիդից ոչնչով չի տարբերվում։ Արդեն երկրորդ գումարումն է՝ Լատվիայի խորհրդարանում են Visu Latvijai (Ամեն ինչ Լատվիայի համար) նացիստամետ կուսակցության պատգամավորները։ Այդ կուսակցության ներկայացուցիչները մտնում են իշխող կառավարական կոալիցիայի մեջ և զբաղեցնում են արդարադատության և մշակույթի նախարարների պաշտոնները։ Այս տարի Լատիշական լեգեոնի՝ Waffen – SS-ի (խորհրդային խաղաղ բնակչությանը սպանողների) օրը խորհրդարանի ղեկավարները և պատգամավորները, որոնք ներկայացնում են Visu Latvijai կուսակցությունը, մասնակցել են Ռիգայի կենտրոնում անցկացված հիշատակի միջոցառումներին և ոստիկանության հետ քաշքշուկներ հրահրել՝ օգտվելով իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Լատվիայում պարտադիր զինապարտություն չկա, փաստորեն սեփական կանոնավոր բանակ մեր երկիրը չունի, բայց կա լավ պատրաստված զորակազմ՝ շատ բարձր վճարվող պրոֆեսիոնալ վարձկաններից բաղկացած, որոնք ՆԱՏՕ առաջին իսկ ցուցումով կարող են ինքնաթիռ նստել և ուղևորվել աշխարհի ցանկացած կետ։ Արտաքին ագրեսիայի դեպքում մենք ի վիճակի չենք լինի պաշտպանել մեր երկիրը, բայցևայնպես օգնում ենք ԱՄՆ-ին սպանել խաղաղ բնակչությանը նախկին Հարավսլավիայի տարածքում, Իրաքում և Աֆղանստանում։ Լատվիայի Հանրապետությունն ինտեգրված է Արևմուտքի անվտանգության, քաղաքականության և տնտեսության բոլոր հավաքական ինստիտուտներին։ Բայց պահպանե՞լ ենք արդյոք մենք մեր ազգային ինքնիշխանությունը, թե՞ զինվորիկներ ենք գերտերությունների գլոբալ աշխարհաքաղաքական խաղում։ Եզրահանգումներ անելը թողնում եմ ձեզ, հարգելի ունկնդիրներ։ Շնորհակալություն ուշադրության համար։ 1 [ #1_t ] Газета DIENA, 27.03.2012, стр. 11. Ապրիլի 13, 2013

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here