ԵՎՐԱԶԷՍ-Ի ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊՅՈԽԻՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԺՈՂՈՎՈՒՄ (Երևան, 19 հոկտեմբերի 2013թ.)

0
411

Հայաստան կատարած այցելության արդյունքներով ես հաշվետվություն եմ պատրաստելու, որը դրվելու է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ եվրասիական հարցերով խորհրդական Սերգեյ Յուրևիչ Գլազևի սեղանին, որը մեր ինստիտուտի գիտխորհրդի ղեկավարն է։ Եվ հենց որ խոսք բացվի Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին, Ս.Գլազևը Ռուսաստանի Դաշնության նախագահին ներկայացնելու բան կունենա։ Հաշվետվությունում տրվելու են ամենաօբյեկտիվ, և որ գլխավորն է՝ դրական գնահատականներ այն ամենին, ինչ կատարվում է այստեղ։ Առաջինն, ինչ ուզում եմ ասել, հետևյալն է, և դա շատ կարևոր է. Հայաստանի նախագահի որոշումը Մաքսային միությանը հանրապետության միանալու պատրաստակամության մասին, ըստ իս, նշանակալի է։ Ընդ որում՝ նշանակալի է ո՛չ տնտեսության, առավել ևս՝ ո՛չ Ռուսաստանի կամ Մաքսային միության շահերի տեսանկյունից։ Բացատրեմ, թե ինչով է այդ որոշումը նշանակալի։ Ժամանակ առ ժամանակ հեռուստատեսությամբ մեզ ցուցադրում են, թե, ինչպես են, օրինակ, Ամերիկայում անջատում էլեկտրամատակարարումը, ինչ-որ բան է պատահում էլեկտրակայանում, լույսն անջատվում է, և քաղաքում (կարևոր չէ, թե որ՝ Նյու Յորքում, թե մեկ ուրիշ քաղաքում) սկսվում է մարոդյորությունը՝ ցուցանակներ են կոտրում, ապրանքներ են թալանում և այլն, և այլն, այսինքն՝ համընդհանուր քաոս է սկսվում։ Սա նման է այն բանին, ինչը տեղի ունեցավ մեզ մոտ հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ փլուզումից հետո, այսինքն՝ մեզ մոտ նույնպես աշխարհի վերջն է՝ պատկերավոր իմաստով. ԽՍՀՄ-ը փլուզվեց, համատարած մարոդյորություն սկսվեց, ցուցանակները չէին կոտրում, բայց հետխորհրդային բոլոր երկրներում սկսվեց պետական սեփականության թալանի գործընթաց։ Այն մարդիկ, ովքեր մասնակցել են այդ գործընթացին՝ սեփականաշնորհմանը կամ ինչ-որ ակտիվների յուրացմանը, բավական լավատես են, ինչպես գիտենք՝ պասիոնար են, բայց բնակչության հիմնական զանգվածը և հատկապես մտավորականությունը, այսպես կոչված «էլիտա-ստատուսը», այդ գործընթացներին չի մասնակցում և վերջին ժամանակներս ավելի ու ավելի պասիվ դիրք է գրավում՝ կարծելով, որ այն, ինչ տեղի է ունենում, օբյեկտիվ գործընթաց է, որն անհնար է փոխել. հետխորհրդային տարածքում տիրում է լիակատար շփոթվածություն, և չկա որևէ ռազմավարություն, որը թույլ կտար այդ երկրներին արտաքին քաղաքականություն վարել և որը կկանխեր մեր արտաքին քաղաքական թշնամիների գործողությունները։ Մշտապես ինչ-որ ալարկոտ արձագանքներ են լինում այն որոշումներին, որոնք ընդունում են, օրինակ, Եվրոպան, Միացյալ Նահանգները, կամ, առավել ևս, այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում։ Եվ հանկարծ համընդհանուր շփոթվածության, համընդհանուր ապատիայի ու հոռետեսության այս ֆոնին՝ Հայաստանի նախագահի նման կամային որոշումը։ Անմիջապես հարց է ծագում. այդ ի՞նչ է պատահել Հայաստանում։ Այդ որոշումն ակնհայտորեն տնտեսական չէ։ Հասկանալի է, որ այն կապված է Մաքսային միության, այսինքն՝ տնտեսական կապերի օպտիմալացման հետ, բայցևայնպես գլխավոր դրդապատճառը, որը գտնվում է դրա հետևում, մի ինչ-որ քաղաքական որոշում է։ Ըստ իմ վարկածի՝ կամ Հայաստանի նախագահի միտքն է փայլատակել, կամ էլ հայկական էլիտան է հասունացել նման որոշումների համար։ Եվ իմ այցելության գլխավոր նպատակն այն է, որ տեսնեմ կամ համոզվեմ՝ արդյո՞ք այդպես է։ Բայց ես տեսնում եմ իմ վարկածի լիակատար հաստատումը։ Նախագահի հետ, իհարկե, ես դեռ չեմ հանդիպել, բայց հենց առաջին օրն իսկ ծանոթացել եմ սոցիոլոգիական հարցման արդյունքներին։ Ես մինչ այդ էլ՝ այն պահին, երբ նախագահը կայացրեց այդ որոշումը, ծանոթացել էի տարբեր հարցումների, ըստ որոնց՝ բնակչության ավելի քան 60%-ը կողմ էր Մաքսային միություն մտնելուն։ Բավական բարձր թիվ է, բայց այն ինձ զարմանալի չթվաց։ Այստեղ ես ծանոթացա սոցիոլոգիական այն հարցման արդյունքներին, որն անցկացրել էր Ինտեգրացիայի և զարգացման կենտրոնը՝ «Նորավանք» հիմնադրամի մասնակցությամբ և, նկատի ունենալով հարցմամբ զբաղվողների հեղինակությունը, ես կասկած չունեմ, որ այդ արդյունքները ներկայացուցչական են։ 86%-ը պաշտպանում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու գաղափարը, 75%-ն իր հիմնական գործընկեր համարում է Ռուսաստանին և այլն։ Բայց կան, իհարկե, նաև որոշ տագնապեցնող թվեր. օրինակ, հանրապետությունում գիտության զարգացումը հարցվողների մեծ մասը՝ ավելի քան 50%, կապում է Եվրոպայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։ Սա մեզ համար որոշ ազդանշան է այն ռազմավարության մշակման հարցում, որի մասին կխոսեմ վերջում։ Երկրորդ հաստատումն արդեն հանրային կարծիքի մակարդակում չէ, այլ՝ ընտրանու դիրքորոշումը. իմ հրապարակային ելույթների, շփումների ընթացքում ես տեսնում եմ, որ լավագույն մարդիկ Հայաստանում՝ պրոֆեսորներ, համալսարանների դասախոսներ, փորձագետներ, գործարարներ, պատգամավորներ, հենց այնպես չէ, որ ընտրություն են կատարել հօգուտ Եվրասիական միության կամ Մաքսային միության։ Դա անկեղծ դիրքորոշում է, մտածված, փաստարկված, շատ որակյալ, և սա շատ լավ ազդանշան է։ Իսկ ինչո՞ւ է դա շատ կարևոր։ Որովհետև, նայելով հետխորհրդային տարածքին և այնտեղ տիրող համընդհանուր շփոթվածությանը, որի մասին ես նշեցի, քիչ թե շատ ընկալելի քաղաքակրթական զարգացում տեղի է ունենում հենց Մաքսային միության և ձևավորվող Եվրասիական միության շրջանակներում, երբ մենք գիտենք Ղազախստանի դիրքորոշումը։ Ինտեգրացիոն գործընթացներում այսօրվա դրությամբ տոն տալիս է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, նա է եղել բազմաթիվ ինտեգրացիոն գործընթացների նախաձեռնողը։ Մենք գիտենք Ռուսաստանի Դաշնության նախագահի դիրքորոշման մասին. այս բոլոր ինտեգրացիոն նախագծերն, այնուամենայնիվ, նրա նախագիծն էլ են։ Չնայած ռուսաստանյան էլիտաների ներսում ամենատարբեր, հակասական միտումներ կան, սակայն այս գործընթացին, իհարկե, ակտիվորեն մասնակցում է նաև Բելառուսը, բայց քաղաքակրթական տեսակետից ես ինչ-ինչ կասկածներ ունեմ, որ բելառուսական ընտրանին և ղեկավարներն, այնուամենայնիվ, վարում են հենց այդ քաղաքակրթական գիծը։ Ըստ իս, Ռուսաստանից բացի, որտեղ արդեն ձևավորվել է քաղաքակրթական հոսանք (ինչպես ես եմ այն անվանում), մենք գիտենք նաև, որ գոյություն ունի սովորական՝ «պետության շահերը պաշտպանող մարդ»՝ «государственник» հասկացությունը, այսինքն՝ քաղաքական կամ հասարակական գործիչ, որն ամեն ինչից վեր է դասում պետական շահերը։ Իմ կարծիքով՝ սա փոքր-ինչ հնացել է, ես նույնիսկ ահա այսպիսի եզր եմ մտցրել՝ «քաղաքակրթչական մարդ» («цивилизационщик»), այսինքն՝ մարդ, ով պաշտպանում է ոչ միայն իր պետության, այլև քաղաքակրթության շահերը։ Հետխորհրդային տարածքում, թերևս, միայն հայ գործընկերների հետ է, որ ռուս «ցիվիլիզացիոնշչիկները» կարող են խոսել հավասարը հավասարի հետ։ Ես այս եզրն օգտագործում եմ Հայաստանի վերաբերյալ, քանզի պարզապես տեսնում եմ, որ այստեղ մտածողության միանգամայն այլ մասշտաբ կա։ Ասենք՝ այնպիսի խոշոր երկիր, ինչպիսին Ուկրաինան է, որին մենք մշտապես եղբայր երկիր ենք համարում Ռուսաստանի հանդեպ, ասում, որ դա փաստորեն նույն ժողովուրդն է, ինչ և մենք, բայց ես այնտեղ քաղաքակրթական միտք չեմ տեսնում, որովհետև այն բոլոր գաղափարախոսությունները, որոնք այնտեղ մշակվում, քննարկվում են, պտտվում են նացիոնալիզմի այս կամ այն տարբերակի շուրջ։ Իսկ ահա Հայաստանում այլ կերպ է, այսինքն՝ առաջին պլանում հենց մի ինչ-որ առաքելության, ինչ-որ հատուկ քաղաքակրթության գիտակցումն է։ Աշխարհում ընդունված է, որ քաղաքակրթություն է համարվում մի ինչ-որ մեծ ընդհանրությունը, երկիրը կամ երկրների խումբը, որն ինչ-որ մեծ տարածք է զբաղեցնում, մեծաթիվ բնակչություն, մեծ ՀՆԱ ունի, և ահա այսպես քաղաքակրթական տեսության մեր դասականները քաղաքակրթություն են համարում յոթ-ութ կազմավորում։ Դրանք են Եվրոպան, Միացյալ Նահանգները, Լատինական Ամերիկան, որն ընդհանուր առմամբ ձեռք է բերում քաղաքակրթությանը բնորոշ գծեր, Չինաստանը, ինչ-որ չափով՝ Ճապոնիան։ Իսլամական աշխարհի պարագայում մի փոքր բարդ է, որովհետև այնտեղ կան սուննիներ և շիաներ (առայժմ, ավելի շուտ, կրոնական նախագծեր են)։ Բայց իմ եզրաբանությունում, որը, գուցե, համարձակ է, քաղաքակրթականությունը (цивилизационность) բացատրվում է ոչ այնքան կամ ոչ միայն տարածքի մեծությամբ, բնակչության թվով և այլն. կա քաղաքակրթության ևս մի տեսակ, որի մասին ոմանք ասում են, թե դա մինի-քաղաքակրթություն է, իսկ ես պարզապես նման քաղաքակրթություններն անվանում եմ սակրալ։ Դրանց նշանակությունն աշխարհում բացատրվում է պատմական արմատներով, մշակութային այնպիսի ինքնատիպությամբ, առանձնահատկություններով, որոնք այդ էթնոսին կամ այդ քաղաքակրթությանը թույլ են տալիս գոյատևել հազարամյակների հոլովույթում, պահպանել իր մշակույթը և այլն։ Նման քաղաքակրթությունների թվին է պատկանում, օրինակ, հուդայականը, գուցե Հունաստանը, Հայաստանն՝ անշուշտ։ Ըստ էության, նման սակրալ պետությունները շատ չեն, կարելի է նաև Եգիպտոսը հիշել, Իրաքը, Սիրիան… Ես նույնիսկ այսպես մտածեցի. ինչո՞ւ, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ ցուցակում չներառել այն պետությունները, որոնց հանդեպ, ըստ էության, անհնար են ռազմական, ավերիչ գործողություններ և այլն։ Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին մեր հիմնական «դերակատարի» գործողությունների սուր սայրն ասես ուղղված է հենց սակրալ՝ սրբազան իրերի ու հանրությունների ոչնչացմանը. պատերազմն Իրաքում, հիմա էլ՝ Սիրիայում, երբ ավերվում են քրիստոնեական տաճարները, թալիբները հինդուիստական տաճարներ են գնդակոծում կամ պայթեցնում և այլն։ Իմ առաջին հրապարակային ելույթի ժամանակ ինձ զարմացրեց այն, որ մասնակիցների մեջ էր էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը, և նա տալիս էր ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական բնույթի հարցեր, թեև մենք խոսում էինք Մաքսային միության մասին։ Այսինքն՝ հազիվ թե դա հնարավոր լիներ հետխորհրդային տարածքի մեկ այլ երկրում, ընդ որում՝ դա բավական պրոֆեսիոնալ հետաքրքրություն է, և ես վստահ եմ, որ այստեղ նստածներից յուրաքանչյուրն ասելիք ունի այս առնչությամբ։ Ուստի, սա շատ կարևոր թեմա է, ոչ միայն այն պատճառով, որ այն ասես պահպանում է մեր ինքնությունը, այլ որովհետև դա գաղափարախոսություն է, իսկ առանց գաղափարախոսության անհնար է ձևավորել տնտեսական զարգացման ռազմավարություն, հզոր, պրոֆեսիոնալ ռազմավարություն։ Այսինքն՝ կարելի է զբաղվել ինչ-որ ներդրումային նախագծերով, որոնք ուտիլիտար նշանակություն ունեն, բայց չունեն մի ինչ-որ մեծ իմաստ։ Իսկ մենք այժմ մոտեցել ենք այնպիսի սահմանագծի (այս դեպքում ես նկատի ունեմ Հայաստանը), երբ սուր դրված է տնտեսական զարգացման հարցը։ Եվ իմ անձնական համոզումը՝ երկրորդ թեզիսը, որն առաջ եմ մղում այցելությանս ընթացքում, այն է, որ այժմ, մի կողմից, Հայաստանի համար Եվրասիական միության, Մաքսային միության մակարդակով հնարավորություն է ստեղծվել առաջ տանել իր շահերը, որովհետև Մաքսային միության երկրները պատրաստակամ են ընդունելու այդ կազմակերպության ևս մեկ՝ նորեկ անդամի գաղափարները, մյուս կողմից՝ Հայաստանում հասունացել են որոշ նախադրյալներ (գաղափարախոսական, մենթալ) այն բանի համար, որպեսզի մշակվի տնտեսության ոչ միայն կայուն կամ դինամիկ զարգացման, այլ նաև արդիականացման ռազմավարություն։ Նշեմ մի նկատառում ևս, որ, ինչպես արդեն ասացի, Մաքսային միության շրջանակներում կան այդ գործընթացի նախաձեռնողները՝ Ղազախստանը, և կա պետություն, որը ստանձնել է հիմնական բյուրոկրատական բեռնվածությունը՝ փաստաթղթերի պատրաստումը և այլն։ Դա Ռուսաստանն է, որը պատասխանատու է տեխնիկական մասի համար։ Բայց չկա գործընթացի ակնհայտ լիդերը, դրայվերը, այսինքն՝ չկա տոն տվողը։ Ես արդեն ասացի, որ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ամեն լավ բան կրում է ոչ թե զարգացման, առաջընթացի, այլ ավելի շատ՝ պաշտպանության բնույթ, այսինքն՝ պաշտպանություն ինչ-որ արտաքին ոտնձգությունից, սադրիչներից և այլն։ Այս իմաստով, անգամ ռուս փորձագետների շրջանում գոյություն ունի այնպիսի տեսակետ, թե Ռուսաստանի Դաշնության նախագահն, ավելի շուտ, ոչ թե բարեփոխիչ է, այլ մարդ, ով երկիրը հետ է պահում անդունդը գլորվելուց։ Այսինքն՝ նրա գլխավոր գործն այն է, որ զսպում է այդ աղետալի գործընթացը։ Եվ անգամ այդ նույն Մաքսային միությունն ավելի շատ կրում է մի ինչ-որ պաշտպանական բնույթ, որովհետև, հասկանալի է, կա գլոբալ շուկաների, Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ագրեսիվ հարձակողական քաղաքականությունը, և ՄՄ-ն նպատակամղված է ապրանքների ներմուծման շուկա բացել համաշխարհային վերարտադրության իրավիճակում։ Պատահական չէ, որ որպես առանցքային գաղափարախոսական արժեք ներկայացվում են ազատ շուկան, բաց հասարակությունը և այլն, որպեսզի այդ շուկան բաց լինի բոլոր ապրանքների համար և այլն։ Ռուսաստանի, Ղազախստանի և հետխորհրդային տարածքի այլ երկրների համար ինչ-որ պաշտպանական մեխանիզմներ են հարկավոր։ Մի կողմից՝ մենք բոլորս բաց ենք Եվրոպայի և աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանի հետ շփման համար, և այդ նպատակով գոյություն ունեն փոխգործողության ձևաչափեր բոլոր կազմակերպությունների, բոլոր պետությունների հետ, օրինակ՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որն արտացոլում է զարգացման մեր արևելյան վեկտորը։ Եվ Եվրամիության հետ ամեն տեսակ համաձայնագրերը, Մեծ Եվրոպայի (Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ) այն բանաձևը, որի մասին այստեղ խոսվեց և որը մեր ղեկավարության կարևոր իդեոլոգեմն է, նույնպես ապահովում են այդ բացությունը։ Հասկանալի է, որ մենք պետք է պաշտպանենք նաև ազգային շահերը։ Դրա համար էլ մշակվում են այնպիսի մեխանիզմներ, կառույցներ, ինչպիսին են Եվրասիական միությունը, Մաքսային միությունը, որոնք մեզ համար ապահովում են տնտեսական փոխգործակցության օպտիմալացումը՝ մեր շահերից ելնելով։ Բայց չկա այնպիսի լիդեր, որը մտածեր վաղվա օրվա, երկարաժամկետ ինչ-որ շահերի մասին և զարգացման, առաջընթաց զարգացման վեկտոր առաջադրեր։ Ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող լինել այդ լիդերը։ Մի կողմից՝ Ռուսաստանի ներսում ձևավորվում է մի ինչ-որ քաղաքակրթական միտում, և նման պոզիտիվ գաղափարախոսության պահանջն ավելի ու ավելի է գիտակցվում, մասնավորապես, եթե ուշադիր վերլուծելու լինենք մեր նախագահի ելույթը Վալդայի համաժողովում, որտեղ նա առաջին անգամ օգտագործում է նման տերմին։ Ավելի ճիշտ՝ քաղաքակրթական շահերի մասին խոսք եղել էր արդեն Դաշնային ժողովին նրա վերջին ուղերձում, որտեղ օգտագործել էր «քաղաքակրթականություն» բառը, մեկ անգամ այդ բառը նույնիսկ եղել է նրա նախընտրական հոդվածներից մեկում։ Վալդայի համաժողովում ունեցած ելույթում նա արդեն ասում է, որ Ռուսաստանը քաղաքակրթության երկիր է, դա, համենայնդեպս, ընկալվել է տեքստը գրողների՝ սփիչռայթերների կողմից։ Եվ ահա պայքար է ընթանում հենց երկու հայեցակարգերի միջև։ Մի կողմից՝ դա մի տեսակ անզուսպ ձգտումն է, որ Ռուսաստանն ընդգրկվի Եվրոպայում, այն, ինչն անվանվում է լիբերալ միտում, դրա համար էլ այնտեղ նշանակություն չունեն ազգային շահերը, ավելի նշանակալի են զուտ տնտեսական թվերը։ 20 տարվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ այն մարդիկ, ովքեր ասոցիացվում են այս միտման հետ, գլխավորել են բոլոր կարևոր պաշտոնները՝ Էկոնոմիկայի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, տեղեկատվությունը, գիտությունը։ Եվ հիմա, քանի որ թեքում է կատարվել դեպի ավելի հայրենասիրական, քաղաքակրթական գաղափարախոսությունը, ծագում է մեկ այլ թիմ ունենալու պահանջը, թիմ, որը չի ձևավորվել, որովհետև պայքար էր ընթանում, և, օրինակ, նման հայրենասիրական կողմնորոշում ունեցող ցանկացած լիդերի ի հայտ գալն անմիջապես հանգեցնում էր այն բանին, որ այդ լիդերին կամ վարկաբեկում էին լրատվամիջոցներում, կամ նրա հետ ֆիզիկապես ինչ-որ բան էր տեղի ունենում. հանկարծամահ էր լինում կամ էլ անհետանում էր ինչ-որ տեղ։ Ուստի, քաղաքակրթական այդ միտումն առայժմ չի ձևավորվել որպես էլիտաների տրամադրությունների վրա իշխող կոնկրետ գաղափարախոսություն, առավել ևս՝ առայժմ մեր նախագահը չի տեսնում այն թիմը, որը կարողանար փոխարինել ղեկի մոտ կանգնած լիբերալ թիմին։ Այդ լիբերալ թիմն ստանում է Արևմուտքի աջակցությունը, ազատական լրատվամիջոցների, այդ թվում՝ մայրաքաղաքային լրատվամիջոցների աջակցությունը և համոզում է նախագահին, որ կշտկի ներկայիս տնտեսական անկումը, և օբյեկտիվ պատճառները գտնում է ոչ թե երկրի ներսում, այլ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեջ և այլն։ Այնուամենայնիվ, նման պահանջարկը կա, բայց ես վստահ եմ, որ այստեղ գործելու է «չկա մարգարե սեփական հայրենիքում» ասույթը, այսինքն՝ սովորաբար, երբ մերձավորներդ կամ գործընկերներդ են խոսում մի ինչ-որ մեծ բանի մասին, ապա դա որպես մեծ, հանճարեղ բան չի ընկալվում։ Բայց գալիս է մեկը կողքից և ստիպում մտածել. եթե գաղափարը «իմպորտնի» է, ուրեմն՝ արժե լսել այն։ Այս գործոնները հաշվի առնելով՝ ես չեմ բացառում, որ նման պոզիտիվ, հայեցակարգային, խոր, քաղաքակրթական միտումը Մաքսային միությունով կարող է անցնել, օրինակ, Հայաստանից։ Հայաստանն ավելի մոբիլ է, քան Ռուսաստանը։ Այն ավելի ազատ է որոշումներ կայացնելու հարցում, քանի որ Ռուսաստանում հարկավոր է հաշվի առնել ոչ միայն միջկրոնական, ազգամիջյան շահերը։ Մաքսային միության շրջանակներում մենք մի ամբողջ թյուրքական վեկտոր ունենք, հարկավոր է այս ամենն ինչ-որ կերպ համատեղել։ Այդ նույն Ղազախստանն ազատ չէ իր որոշումների կայացման հարցում, որովհետև, մի կողմից, Մաքսային միության շրջանակներում է, մյուս կողմից՝ երկրում կան ինչ-որ պանթյուրքիստական կառույցներ, և հարկավոր է հաշվի առնել բնակչության շահերը և այլն։ Հայաստանն ազատ է այն իմաստով, որ կողքից ոչ ոք նրան չի ճնշում, ըստ էության՝ այն ոչ մեկից կախված չէ։ Դա այդպիսի եզակի իրավիճակ է, դարեր շարունակ այդպես է եղել, երբ Հայաստանը չի ծռվել ոչ մեկի առջև, միշտ գոյություն է ունեցել որպես այդպիսի ինքնուրույն, ինքնաբավ, ինքնատիպ մշակույթ և պետություն։ Եվ այս իրավիճակում, երբ հանկարծ հայկական էլիտան գիտակցում է ոչ միայն իր ինքնուրույն քաղաքակրթական գծի ընտրության նպատակահարմարությունը, այլև հնարավորությունների պատուհանի առկայությունն ու կտրուկ տնտեսական թռիչքի համար հենց ռեսուրսներ ստանալու հնարավորությունը, գուցե հենց ինքն էլ դառնա հայեցակարգային այն լիդերը, որը Մաքսային միություն կմտցնի միանգամայն նոր լիցք։ Նորից ասեմ, որ սա կարելի է դիտարկել իբրև վարկած, բայց, համենայնդեպս, ես այս ուղղությամբ արդեն մտածում եմ և աջակցություն եմ ստանում հայ ընկերների կողմից, որոնք ասում են՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Հասկանալի է, որ կա մտածողության իներցի
, և այնուամենայնիվ, շատերը կարծում են, թե կա հետխորհրդային պատմություն, ավելի քան 20 տարի, երբ ի հայտ է եկել ամեն տեսակ գաղափարների մի ամբողջ շարք, այդ թվում և ազգային գաղափարները Հայաստանում։ Այն արդեն մեծ ճանապարհ է անցել, քանիցս քննարկվել է շատ բան, բայց այդ քննարկվածի մեծ մասը չի իրագործվել այս կամ այն պատճառով։ Ուստի, որպեսզի հայկական էլիտայում հանկարծ մի նոր ոգի առաջանա, պետք է մի ինչ-որ գերարտասովոր բան տեղի ունենա։ Ինչպե՞ս անել դա։ Այս առնչությամբ, իհարկե, նկատառումներ կան։ Ցանկացած պարագայում ես իրավունք չունեմ և ինձ բնորոշ էլ չէ զբաղվել քարոզչությամբ, ինչ-ինչ հորդորներով։ Ես արդեն խոսել եմ այն մասին, որ Ռուսաստանը չի կարող լիդեր լինել այս տարածքում՝ այն պարզ պատճառով, որ հենց սկսում է ակտիվություն ցուցաբերել, անմիջապես առաջ է գալիս դրա հակազդեցությունն այն իմաստով, որ Ռուսաստանն, ահա, ինչ-որ կայսերական շահեր է հետապնդում, պատրաստվում է գերիշխել այս տարածքում։ Ուստի, ընդհանուր տրամաբանությունն այնպիսին է, որ պետք չէ ոչ մեկին ագիտացիա անել։ Այժմ այնպիսի իրավիճակ է, երբ նա, ով լիովին գիտակցում է իր շահերը և պատրաստ է գործել, նա էլ հենց լիդեր է դառնում։ Մյուս կողմից՝ ես արդեն նշել եմ քաղաքակրթական գաղափարի մասին։ Հիմա Ռուսաստանից շատերն են գալիս, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, ցավոք, շատերը, ովքեր գալիս են և առաջարկում են Ռուսաստանին և Հայաստանին բարեկամություն անել, այնուամենայնիվ, խորհրդային գաղափարների կրողներ չեն, խորհրդային ինչ-որ ավանդույթների վերածննդի կամ կայսերական գաղափարների։ Մանավանդ որ միակ բանը, որն այսօր Ռուսաստանում լայնորեն մատուցվում է զանգվածային լրատվամիջոցների մակարդակով՝ որպես այլընտրանք ազատական գաղափարին, կայսերական գաղափարի ամեն տեսակ տարբերակներն են՝ կարմիր կայսրություններ, սպիտակ կայսրություններ, կարմրասպիտակ կայսրություններ… բյուզանդականության, հորդայական տարրերով… ում ինչպես հարմար է, հետխորհրդային կայսրության տարրերով և այլն։ Հասկանալի է, որ նրանք, ովքեր անկեղծորեն պայքարում են ինտեգրացիոն գործընթացների համար, այդ հասկացության մեջ ինչ-որ պոզիտիվ են դնում, խոսում ոգու կայսրության մասին և այլն… Ըստ իս, բազմադավան և բազմազգ Ռուսաստանում, այնուամենայնիվ, այս գաղափարը, ինքը՝ տերմինը, ինչպեսև հին գաղափարախոսությունները, որոնք հենվում են արդեն հնամաշ տերմինների վրա՝ սոցիալիզմ, կապիտալիզմ, կոմունիզմ և ամեն տեսակ այլ «իզմեր», հազիվ թե հեռանկարային լինի։ Այդ պատճառով «քաղաքակրթականություն» նորաստեղծ տերմինն էլ հենց զգացվում է Հայաստանում և այսօր սկսում է ձևավորվել Ռուսաստանում։ Այն կարող է դառնալ քաղաքակրթչական համագործակցության մի բանաձև գոնե երկու երկրների մակարդակով։ Այս ամենն արդեն ուրվագծվում է։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here