Հայաստանից գյուղմթերքների արտահանումը երկնիշ թվով աճել է դեպի ԵԱՏՄ երկրներ. Թաթուլ Մանասերյան

0
245

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ունեցավ իր դրական ազդեցությունը Հայաստանի վրա, որովհետեւ ռելոկանտների մեծ հոսք գրանցվեց դեպի Հայաստան: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով, ռելոկանտների թիվը Հայաստանում 200-300 հազար է, որը մեր բնակչության 10 տոկոսն է. «Դրա արդյունքում մենք պաշտոնական տվյալներով տարին փակել ենք 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով: Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ: Դրանցից մեկը սպառողական գների աճն է, որը պետք է տարբերել գնաճից: Դա մոտ 500 ապրանքների միջինացված գինն է: Նաեւ չենք կարող չնկատել, որ հակառակ երկնիշ տնտեսական աճին ունեցանք աղքատության մակարդակի բարձրացում: Մյուս կարեւոր գործոնը հայկական դրամի արժեւորումն է: բավական կարեւոր է նաեւ, որ ոչ միայն 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է գրանցվել, այլեւ եթե համեմատենք ամսական կտրվածքով, օրինակ, դեկտեմբերը նոյեմբերի համեմատ 21,5 տոկոս աճ է գրանցվել, ինչը լուրջ ցուցանիշ է»,-ասաց Մանասերյանը:

Նա նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է ընդամենը 0,4 տոկոսի աճ. «Այսինքն նույնիսկ այդ պայմաններում Հայաստանից գյուղմթերքների արտահանումը երկնիշ թվով աճել է դեպի ԵԱՏՄ երկրներ: ԵԱՏՄ-ին անդամակցությունը բավական լուրջ հնարավորություն է ընձեռել մեզ: Եվ հատկապես պատրաստի արտադրանքն է արտահանվել: Ապրանքաշրջանառության ցուցանիշը մոտեցել է 100 տոկոսի ԵԱՏՄ շրջանակներում: Նման ցուցանիշն աննախադեպ է»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, որքան էլ լավ է, որ երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել՝ հասկանալով, որ դրա հիմքում ընկած են արտաքին գործոններ, մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ գործոնների անկման դեպքում, իսկ դա շատ ռեալ է, մենք կկարողանա՞նք ռելոկանտների գոնե մի մասին պահել Հայաստանում՝ գրավիչ պայմաններ ստեղծելով, ինչը կնպաստի տնտեսության եղած միտումների պահպանմանը:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here