Երվաիական փորձագիտական ակումբը ներկայացրեց ութերորդ ամենամյա տնտեսագիտական հետազոտությունը «Հայաստանի տնտեսությունը 2022թ. ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» վերտառությամբ: Ակումբի տնտեսագետներն ուսումնասիրել են Հայաստանի տնտեսության արդի վիճակը պետական վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա, դրանք համեմատելով համաշխարհային և տարածաշրջանային ֆինանսական կազմակերպությունների տվյալների և կանխատեսումների հետ:
Իր խոսքում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը նշեց, որ տարեց տարի իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե որքան ճիշտ էր ՀՀ իշխանությունների կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը և որքան դրական ազդեցություն է այն թողել Հայաստանի տնտեսության վրա:
“Եվրասիական տնտեսական միությունը դարձել է Հայաստանի Հանրապետության գլխավոր արտաքին առևտրատնտեսական գործընկերը: Այս ուղղությանն է բաժին ընկնում Հայաստանի արտահանման ավելի քան 47% և ներկրման ավելի քան 31%-ը: Սա ավելի է, քան ցանկացած այլ ուղղությամբ: Տարեց-տարի հետևողականորեն աճում է առևտուրը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ: Սա նշանակում է, որ ճիշտ էին բոլոր այն գիտնականներն ու փորձագետները, որոնք վերջին տասնամյակում համոզված պնդել են, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն ունի հսկայական ներուժ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար”,- նշեց Սաֆարյանը:
Նա մատնանշեց, որ սրընթաց տեմպերով աճում է արևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ռազմաքաղաքական գլխավոր դաշնակիցն է, այլև տնտեսական ոլորտում առաջատար գործընկերը: Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը հայկական տնտեսության մեջ կազմում է 2 մլրդ. դոլար: Հայաստանի Հանրապետության արտահանումը դեպի Ռուսաստան 2022թ. աճել է 2,9 անգամ, կազմելով ռեկորդային $4,1 մլրդ.: ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումը 2015թ. առաջին տարվա համեմատությամբ աճել է մոտ 10 անգամ: Ռուսաստանը Հայաստանի ամենահեռանկարային գործընկերն է և դեպի Ռուսաստան գնացող մեր արտահանումն ունի ամենադիվերսիֆիկացված բնույթ: Ռուսաստան է ուղղված մեր պատրաստի արտադրանքը և այդ միտումը շարունակական աճի բնույթ ունի:
“Հայաստանի արտահանումը բոլոր ուղղություններով աճում է, ինչպես և աճում է ներկրումը համարյա բոլոր ապրանքատեսակների գծով: 2022թ. ցույց է տվել զարգացման աննախադեպ միտումներ տնտեսության բոլոր ճյուղերի համար: Հնարավորություն է ընձեռնվել լրջորեն մտածելու ոչ միայն տնտեսության հեռանկարային ուղղություններին պետական աջակցության տարբեր ձևերը մեծացնելու մասին, այլև բնակչության կուտակված սոցիալական խնդիրները քայլ առ քայլ լուծելու մասին: Կարևոր է, որպեսզի գործադրվեն ջանքեր տնտեսության մեջ 2022թ. գրանցված զարգացման միտումները հնարավորինս պահպանելու ուղղությամբ՞,- շեշտեց վերլուծաբանը:
Սաֆարյանը նկատեց, որ շատ կարևոր է ուշադրությամբ հետևելը տարածաշրջանային և գլոբալ միջազգային գործընթացներին: Ըստ նրա, աշխարհի առաջատար ֆինանսական կառույցները նախազգուշացնում են, որ 2023թ. համար առկա է նոր ռեցեսիայի սպառնալիքը: Սա նշանակում է, որ պատմության մեջ առաջին անգամ մեկ տասնամյակում երկու ռեցեսիա կարող է լինել: Կան հոռետեսական կանխատեսումներ այն մասին, որ ԱՄՆ-ում տնտեսական աճը կլինի ընդամենը 0,5%, Եվրոպական Միությունում` զրոյական, Չինաստանում` 4,6%: Գերակշռող կանխատեսումների համաձայն Ռուսաստանին կհաջողվի նվազագույնի հասցնել նկատված տնտեսական անկումը: Հայաստանի Հանրապետության համար Համաշխարհային բանկը և մյուս վարկանիշային միջազգային կառույցները զգուշավորությամբ կանխատեսում են 4%-ից ավելի աճ (4,5% արժեզրկման պայմաններում):
“Մեր տնտեսագետները կարծում են, որ այս տարի տնտեսական աճի միտումները կնվազեն երկրորդ կիսամյակում: Սակայն բարենպաստ բիզնես-մթնոլորտի և նկատված տնտեսական հաջողությունների ճիշտ շարունակման դեպքում մենք կարծում ենք, որ կա հնարավորություն 2023թ. Հայաստանի տնտեսության աճը 5-7% հասցնելու համար”:
Եվ վերջինը:
“Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության տարում հարկ է ամենակառուցողական մասնակցությունը բերել եվրասիական ինտեգրման խորացման ու զարգացման հնարավորությունների ուսումնասիրությանը: Ռուսաստանի Դաշնությունը այս տարի անդամ-երկրների գիտափորձագիտական հանրության մասնակցությամբ կկազմակերպի գիտական և փորձագիտական քննարկումներ, որտեղ կփնտրվեն հաճախ ոչ ավանդական թվացող քայլներ ինտեգրացիոն գործընթացին նոր թափ հաղորդելու համար: Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված է, որ Հայաստանի գիտափորձագիտական հանրությունը ունի բավարար ներուժ ներգրավվելու համար այս փնտրտուքում: Ճիշտ է, որ ԵԱՏՄ-ն դարձել է Հայաստանի ամենահեռանկարային առևտրական վեկտորը: Ճիշտ է նաև, որ մենք սկսել ենք ավելի մեծ օգուտներ քաղել տարածաշրջանային տնտեսական գործընթացներից: Այսուհանդերձ, մենք կարծում ենք, որ պետք է վարվի այնպիսի քաղաքականություն, որը ոչ թե խանգարում կամ կաշկանդում է տնտեսական ներուժի բացահայտմանը, այլ գալիս է ամրապնդելու այդ ներուժը: Ահա, թե ինչու մենք կարծում ենք, որ մեր անմիջական հարևանների, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական Միության և Մեծ, Միջին Արևելքի երկրների, Չինաստանի հետ մեր տնտեսական համագործակցության զարգացման տեսլականը պետք է վճռորոշ լինի արտաքին քաղաքական քայլերի և ընդունվող որոշումների ժամանակ”,- հավելեց Արամ Սաֆարյանը: